ԵՐԵՄԻԱ49
  • 1Ամմոնի որդկանց նկատմամբ՝ այսպէս է ասում Տէրը. Մի՞թէ Իսրայէլը որդիք չ’ունի. Կամ նա ժառանգ չ’ունի՞. Ի՞նչու Մեղքոմը ժառանգեց Գադին, եւ նորա ժողովուրդը նորա քաղաքներումը բնակուեց։
  • 2Սորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Ամմոնի որդկանց Ռաբբայի դէմ պատերազմի աղաղակ պիտի լսել տամ, որ նա փլատակների դէզ դառնայ, եւ նորա աղջկերքը կրակով այրուին. Իսկ Իսրայէլը պիտի ժառանգէ իր ժառանգողներին, ասում է Տէրը։
  • 3Ոռնա, ով Եսեբոն, որ Գային ոչնչացաւ, աղաղակեցէք, ով Ռաբբայի աղջկերք, քուրձեր հագէք, սուգ արէք եւ դէս ու դէն փախէք ցանգերի մէջ. Որ Մեղքոմը գերի պիտի գնայ՝ իր քահանաներն ու իշխանները մէկտեղ։
  • 4Ի՞նչ ես հովիտներով պարծենում. Հովիտդ ջրի պէս գնաց, ո՛վ ապստամբ աղջիկ, որ ապաւինել էիր քո գանձերին, ասելով. Ո՞վ է գալիս ինձ վերայ։
  • 5Ահա ես քեզ վերայ վախ եմ բերում, ասում է Զօրաց Տէր Եհովան, քո բոլոր շրջականերից. Եւ դուք պիտի ցրուիք ամեն մարդ դէպի իր առաջը. Եւ փախստականներին ժողովող պիտի չ’լինի։
  • 6Եւ նորանից յետոյ պիտի ետ դարձնեմ Ամմոնի որդկանց գերութիւնը, ասում է Տէրը։
  • 7Եդովմի նկատմամբ՝ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի՞թէ էլ իմաստութիւն չ’կայ Թեմանումը, կորա՞ւ խորհուրդը հանճարեղներից, դարտակուեցա՞ւ նորանց իմաստութիւնը։
  • 8Փախէք, դարձէք, խորերը մտէք բնակուելու համար, ով Դեդանի բնակիչներ, որովհետեւ Եսաւի կորուստը պիտի բերեմ նորա վերայ, նորան այցելութիւն արած ժամանակս։
  • 9Եթէ քեզ մօտ քաղողներ գային, մի՞թէ աւելորդ ճիռեր չէին թողել. Եթէ գողեր՝ գիշերով, նորանք փչացնելու էին որքան իրանց բաւական լինէր։
  • 10Սակայն ես մերկացրի Եսաւին, բաց արի նորա ծածուկ տեղերը. Բայց նա չէ կարող թաք կենալ. Կորան նորա սերունդը, նորա եղբայրները եւ նորա դրացիքը, եւ չ’կան։
  • 11Թող տուր քո որբերին, ես նորանց կ’պահեմ. Եւ քո որբեւայրիքը թող ինձ ապաւինեն։
  • 12Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա նորանք որ պարտաւոր չէին բաժակը խմելու՝ անպատճառ պէտք է խմեն, եւ դու որ ջանք էիր անում անպատիժ մնալու. Անպատիժ չես մնալ, այլ անպատճառ պիտի խմես։
  • 13Որովհետեւ ես երդում եմ անում իմ անձովը, ասում է Տէրը, որ ամայութիւն, նախատինք, աւերակ եւ անէծք պիտի դառնայ Բօսրան, եւ նորա բոլոր քաղաքները պիտի յաւիտենական աւերակներ դառնան։
  • 14Լուր լսեցի Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերին, թէ Ժողովուեցէք եւ գնացէք նորա վերայ, եւ կանգնեցէք պատերազմի։
  • 15Որովհետեւ ահա ես քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, անարգ՝ մարդկանց մէջ։
  • 16Քո ահաւորութիւնը՝ քո սրտի ամբարտաւանութիւնը խաբել է քեզ, ո՛վ վէմի խոռոչների մէջ բնակող եւ բարձր բլուրներին փակչող, եթէ արծիւի պէս բարձրումը դնես քո բոյնը, այնտեղից էլ քեզ պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։
  • 17Եւ Եդովմը ամայի պիտի լինի. ամեն նորա մօտով անցնողը պիտի հիանայ, եւ նորա բոլոր հարուածների համար պիտի սուլէ։
  • 18Սոդոմի ու Գոմորի եւ նորա դրացիների կործանման պէս, ասում է Տէրը, այնտեղ մարդ չի բնակուիլ եւ մարդի որդի նորանում չի պանդխտանալ։
  • 19Ահա առիւծի պէս վեր պիտի գնայ Յորդանանի փառքիցը ամուր բնակարանը. Որովհետեւ մի վայրկեանում պիտի փախցնեմ նորան նորա վերայից, եւ ո՞վ է ընտրուած, որ նորա վերայ դնեմ, որովհետեւ ո՞վ է ինձ նման, եւ ո՞վ կ’որոշէ իմ ժամանակը, եւ ո՞վ է այն հովիւը, որ կանգնէր իմ առաջին։
  • 20Ուրեմն լսեցէք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի վերայ, եւ նորա մտածմունքները, որ մտածել է Թեմանի բնակիչների վերայ. Անպատճառ պիտի քշեն նորանց հօտի փոքրերը, անպատճառ նորանց բնակարանները պիտի աւերէ նորանց հետ։
  • 21Նորանց ընկնելու ձայնիցը երկիրը կ’դողայ, աղաղակի ձայնը մինչեւ Կարմիր ծովը կ’լսուի։
  • 22Ահա արծիւի նման վեր կ’բարձրանայ եւ կ’թռչի, եւ իր թեւերը կ’տարածէ Բօսրայի վերայ, եւ այն օրը Եդովմի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնկայ սրտին պէս կ’լինի։
  • 23Դամասկոսի նկատմամբ։ Եմաթն ու Արփաթը ամաչեցին, որովհետեւ վատ լուր լսեցին՝ հալվում են. ծովումը տառապանք կայ՝ չէ կարող հանդարտանալ։
  • 24Թուլացել է Դամասկոսը, դարձել է որ փախչէ, արհաւիրքը բռնել է նորան, տագնապն ու երկունքը բռնել են նորան ինչպէս ծննդական կնկան։
  • 25Ի՜նչպէս չ’թողուեցաւ փառաց քաղաքը, իմ զուարճութեան քաղաքը։
  • 26Սորա համար նորա ընտիրները վայր կ’ընկնեն նորա հրապարակներումը, եւ բոլոր պատերազմական մարդիկը կ’պապանձուին այն օրը, ասում է Զօրաց Տէրը։
  • 27Եւ ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մէջ, եւ նա պիտի լափէ Բենադադի պալատները։
  • 28Կեդարի նկատմամբ եւ Հասորի թագաւորութիւնների նկատմամբ, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը զարկեց, այսպէս է ասում Տէրը. Վեր կացէք գնացէք Կեդարի վերայ, եւ փչացրէք արեւելքի որդիներին։
  • 29Նորանց վրանները եւ նորանց հօտերը պիտի առնեն, նորանց վարագոյրները եւ նորանց բոլոր կարասիները, եւ նորանց ուղտերը պիտի տանեն իրանց համար. Եւ նորանց պէտք է կանչեն, Վախ շուրջանակի։
  • 30Փախէք, շատ վազեցէք, խորերը մտէք բնակուելու, ով Հասորի բնակիչներ, ասում է Տէրը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ձեզ դէմ խորհուրդ է խորհել, եւ ձեզ դէմ մտածմունք է մտածել։
  • 31Վեր կացէք, վեր ելէք ապահով եւ անդորր բնակող ազգի վերայ, ասում է Տէրը, որ դռներ չ’ունի, նիգեր չ’ունի, առանձին է բնակվում։
  • 32Եւ նորանց ուղտերը աւար պիտի դառնան, եւ նորանց խաշինքների բազմութիւնը՝ կողոպուտ, եւ ես պիտի ցրուեմ ամեն կողմ մօրուքի ծայրը կտրողներին, եւ ամեն անցուդարձից պիտի բերեմ նորանց կորուստը, ասում է Տէրը։
  • 33Եւ Հասորը պիտի չագալների որջ դառնայ՝ յաւիտենական ամայութիւն. այնտեղ մարդ պիտի չ’բնակուէ, եւ նորանում չ’պանդխտանայ մարդի որդի։
  • 34Տիրոջ խօսքը, որ եղաւ Երեմիա մարգարէին Եղամի մասին Յուդայի Սեդեկիա թագաւորի թագաւորութեան սկզբումը, ասելով.
  • 35Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նորանց զօրութեան գլխաւորը։
  • 36Եւ պիտի բերեմ Եղամի վերայ չորս հողմերը երկնքի չորս կողմիցը, եւ նորանց պիտի ցրուեմ այս բոլոր հողմերին, եւ այն ազգը չէ լինելու, ուր գնացած չ’լինին Եղամի փախստականները։
  • 37Եւ ես պիտի վախեցնեմ Եղամին իրանց թշնամիների առաջին. Եւ նորանց հոգիները պահանջողների առաջին, եւ նորանց վերայ ձախորդութիւն պիտի բերեմ՝ իմ բարկութեան բորբոքումը, ասում է Տէրը, եւ նորանց ետեւից պիտի ուղարկեմ սուրը, մինչեւ որ նորանց վերջացնեմ։
  • 38Եւ ես իմ աթոռը պիտի դնեմ Եղամումը եւ այնտեղից պիտի թագաւոր եւ իշխաններ կորցնեմ, ասում է Տէրը։
  • 39Եւ պիտի լինի որ վերջի օրերումը Եղամի գերութիւնը պիտի դարձնեմ, ասում է Տէրը։
← Ցանկ