ԵԶԵԿԻԵԼ11
  • 1Եւ հոգին ինձ վեր առաւ եւ բերաւ ինձ Տիրոջ տան արեւելեան դուռը, որ ուղղուած է դէպի արեւելք, եւ ահա դռան մուտքումը քսանեւհինգ մարդ կար. Եւ նորանց մէջ տեսայ Ազուրի որդի Յեզոնիային եւ Բանիայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխաններին։
  • 2Եւ ինձ ասեց. Մարդի որդի, սորանք են անօրէնութիւն մտածող մարդիկը, որ չար խորհուրդ են տալիս այս քաղաքին.
  • 3Որ ասում են. Մօտիկներումս չէ. Տուներ շինել պէտք է. սա կաթսան է, եւ մենք՝ միսը։
  • 4Սորա համար մարգարէացիր նորանց վերայ, մարգարէացիր, մարդի որդի։
  • 5Եւ Տիրոջ հոգին ընկաւ ինձ վերայ եւ ինձ ասեց. Ասիր՝ Տէրը այսպէս է ասում. Դուք այսպէս ասեցիք, ով Իսրայէլի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում վեր կացածը։
  • 6Դուք շատացրիք ձեր սպանածները այս քաղաքումը, եւ լցրիք նորա փողոցները սպանուածներով։
  • 7Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ձեր սպանուածները, որ դուք նորանց մէջը դրիք, նորանք են միսը, եւ նա՝ կաթսան. բայց ձեզ պիտի հանեմ նորա միջիցը։
  • 8Դուք սուրիցը վախեցիք. Բայց ես սուր եմ բերելու ձեզ վերայ, ասում է Տէր Եհովան։
  • 9Եւ ձեզ պիտի դուրս բերեմ նորա միջիցը, եւ ձեզ պիտի օտարների ձեռքը մատնեմ, եւ ձեզ դատաստաններ պիտի անեմ։
  • 10Սրով պիտի ընկնէք. Իսրայէլի սահմանի վերայ պիտի դատեմ ձեզ. Եւ պիտի գիտենաք թէ ես եմ Տէրը։
  • 11Սա ձեզ համար պիտի կաթսայ չ’դառնայ, որ դուք նորանում միս լինէիք. Իսրայէլի սահմանի վերայ պիտի դատեմ ձեզ։
  • 12Եւ դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տէրը, որ իմ կանոններովը չ’գնացիք, եւ իմ իրաւունքները չ’կատարեցիք, եւ ձեզ շրջապատող ազգերի սովորութիւնների պէս արիք։
  • 13Եւ եղաւ որ ես մարգարէանալիս Բանիայի որդի Փաղատիան մեռաւ, եւ ես իմ երեսի վերայ ընկայ ու աղաղակեցի մեծ ձայնով եւ ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, մի՞թէ պիտի փչացնես Իսրայէլի մնացորդը։
  • 14Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 15Մարդի որդի, քո եղբայրները հէնց իսկ քո եղբայրները են քո ազգականները եւ բոլոր Իսրայէլի տունը ամենքը, որոնց ասում են Երուսաղէմի բնակիչները. Հեռացէք Տիրոջ մօտից. Այս երկիրը մեզ է տրուած իբրեւ ժառանգութիւն։
  • 16Դորա համար ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Թէեւ հեռացրել եմ նորանց ազգերի մէջ, եւ թէեւ ցրուել եմ նորանց երկիրներումը, բայց ես նորանց համար սրբարան պիտի դառնամ մի քիչ այն երկիրներումը, ուր որ նորանք գնացել են։
  • 17Սորա համար ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես ձեզ պէտք է հաւաքեմ ազգերի միջից, եւ պիտի ժողովեմ ձեզ այն երկիրներից, ուր որ ցրվուած էք, եւ ձեզ պիտի տամ Իսրայէլի երկիրը։
  • 18Եւ այնտեղ պիտի մտնեն, եւ պիտի հեռացնեն նորանից նորա բոլոր կուռքերը, եւ նորա բոլոր պղծութիւնները։
  • 19Եւ նորանց պիտի մէկ սիրտ տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր ներսումը, եւ պիտի հեռացնեմ քարի սիրտը նորանց մարմնիցը, եւ նորանց մի մսի սիրտ տամ։
  • 21Բայց որոնց սրտերը, որ դէպի իրանց գարշելիքների ու պղծութիւնների սիրտն է գնում, նորանց ճանապարհը իրանց գլխովը պիտի տամ, ասում է Տէր Եհովան։
  • 22Եւ քերովբէները բարձրացրին իրանց թեւերը եւ անիւները նորանց կշտին, եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը նորանց վերայ էր վերեւիցը։
  • 23Եւ բարձրացաւ Տիրոջ փառքը քաղաքի մէջտեղի վերայից եւ կանգնեց այն սարի վերայ, որ քաղաքի արեւելքումն էր։
  • 24Եւ հոգին ինձ վեր առաւ ու բերաւ Քաղդէացիների երկիրը գերիների մօտ տեսիլքում Աստուծոյ հոգովը. Եւ վերացաւ իմ վերայից այն տեսիլքը, որ տեսել էի։
  • 25Եւ ես խօսեցի գերիների հետ Տիրոջ բոլոր խօսքերը, որ ինձ ցոյց էր տուել։
← Ցանկ