ԵԶԵԿԻԵԼ13
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի մարգարէացող մարգարէների դէմ, եւ ասիր իրանց սրտիցը մարգարէացողներին. Լսեցէք Տիրոջ խօսքը.
  • 3Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ յիմար մարգարէներին, որ իրանց հոգիի ետեւիցն են գնում, եւ ոչինչ չեն տեսել։
  • 4Աւերակներում եղող աղուէսների պէս են դառել քո մարգարէները, ով Իսրայէլ։
  • 5Դուք վեր չ’գնացիք խրամատութիւնների տեղերը, եւ պարսպով չ’պատեցիք Իսրայէլի տունը, պատերազմումը կանգնելու Տիրոջ օրումը։
  • 6Նորանք դարտակ տեսիլք եւ սուտ գուշակութիւն են տեսնում, որ ասում են. Տէրն է ասում, թէեւ Տէրը նորանց չէ ուղարկել. Եւ յոյս են տալիս թէ խօսքը պիտի կատարուի։
  • 7Չէ՞ որ դարտակ տեսիլքներ տեսաք, եւ սուտ գուշակութիւն խօսեցիք, եւ ասեցիք. Տէրն է ասում, թէեւ ես չէի խօսել։
  • 8Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ ձեր խօսքերը դարտակ են եւ ձեր գուշակութիւնը՝ սուտ, Սորա համար ես ձեզ դէմ եմ, ասում է Տէր Եհովան։
  • 9Եւ իմ ձեռքը պիտի լինի այն մարգարէների դէմ, որոնք դարտակ տեսիլք են տեսնում եւ սուտ գուշակում. Նորանք պիտի չ’լինին իմ ժողովրդի խորհրդումը, եւ Իսրայէլի տան գրքումը պիտի չ’գրուին, եւ Իսրայէլի երկիրը պիտի չ’մտնեն, եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։
  • 10Նորա համար եւ հէնց նորա համար որ մոլորեցնում են իմ ժողովուրդը ասելով թէ՝ Խաղաղութիւն է, քանի որ խաղաղութիւն չ’կայ. Եւ սա մի պատ է շինում, եւ ահա նորանք ցեխով ծեփում են։
  • 11Ասիր այն ցեխով ծեփողներին, թէ Վայր է ընկնելու, յորդահոս անձրեւ է լինելու, եւ դուք, ով կարկուտի քարեր, վայր ընկէք, եւ մրրկալից հողմը յարձակուի։
  • 12Եւ ահա պատը վայր պիտի ընկնէ. Մի՞թէ ձեզ չեն ասելու. Ո՞ւր է այն ծեփը, որ ծեփեցիք։
  • 13Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որ իմ սրտմտութիւնովը մրրկալից հողմ պիտի բաց թողեմ, եւ յորդահոս անձրեւ պիտի լինի իմ բարկութիւնովը, եւ կարկուտի քարեր սրտմտութիւնով փչացնելու համար։
  • 15Եւ իմ սրտմտութիւնը պիտի կատարեմ այդ պատի վերայ եւ նորան ցեխով ծեփողների վերայ, եւ ձեզ պիտի ասեմ. Չ’կայ պատը եւ չ’կան նորա ծեփողները.
  • 16Այսինքն Իսրայէլի մարգարէները, որոնք մարգարէանում են Երուսաղէմի վերայ, եւ նորա մասին խաղաղութեան տեսիլք են տեսնում, քանի որ խաղաղութիւն չ’կայ, ասում է Տէր Եհովան։
  • 17Եւ դու մարդի որդի, երեսդ դարձրու դէպի քո ժողովրդի աղջիկները, որոնք իրանց սրտիցը մարգարէանում են, եւ մարգարէացիր նորանց մասին.
  • 18Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ այն կանանց, որ ձեռքերի ամեն արմունկի համար բարձիկներ են կարում եւ լաչակներ են շինում ամեն հասակի գլխի համար հոգիներ որսալու նպատակով։ Իմ ժողովրդի հոգիները դուք որսում էք, եւ մի՞թէ ձեր հոգիները կ’ապրեն։
  • 19Եւ դուք ինձ անարգում էք իմ ժողովրդի առաջին մի քանի բուռ գարիի եւ մի քանի կտոր հացի համար, որ մեռցնէք չ’մեռնելու հոգիները, եւ որ ապրեցնէք չ’ապրելու հոգիները ձեր սուտովը, որ ասում է իմ ստութեան լսող ժողովրդին։
  • 20Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես ձեր բարձիկների դէմ եմ, որոնցով դուք հոգիներ էք որսում, որ նորանց թռցնեմ. Եւ նորանց պիտի պոկեմ ձեր բազուկների վերայից, եւ պիտի արձակեմ այն հոգիներին՝ որ դուք որսում էք, այն հոգիներին որ թռչեն։
  • 21Եւ պիտի պատառեմ ձեր լաչակները եւ պիտի ազատեմ իմ ժողովուրդը ձեր ձեռքիցը, որ նորանք այլ եւս որս չ’լինեն ձեր ձեռքումը, եւ կ’իմանաք, որ ես եմ Տէրը։
  • 22Որովհետեւ դուք տրտմեցնում էք արդարի սիրտը ստութիւնով, որին ես չեմ տրտմեցնում, եւ ուժովացնում էք ամբարշտի ձեռքերը, որ իր չար ճանապարհիցը ետ չ’դառնայ եւ ապրէ.
  • 23Ուրեմն դարտակ տեսիլք մի տեսնէք եւ այլ եւս գուշակութիւն մի գուշակէք. Եւ ես պիտի ազատեմ իմ ժողովուրդը ձեր ձեռքիցը, եւ կ’գիտենաք, որ ես եմ Տէրը։
← Ցանկ