ԵԶԵԿԻԵԼ14
  • 1Եւ մարդիկ եկան ինձ մօտ Իսրայէլի ծերերիցը եւ նստեցին առաջս։
  • 2Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 3Մարդի որդի, այս մարդիկը իրանց կուռքերը դրել են իրանց սրտումը, եւ իրանց անօրէնութեան գայթակղութիւնը դրել են իրանց երեսի առաջին. մի՞թէ ես երբէք պատասխան տամ նորանց։
  • 4Սորա համար խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը, որ իր կուռքերը դրել է իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դրել է իր երեսի առաջին, եւ գալիս է մարգարէի մօտ, ես Տէրս նորան պատասխան պիտի տամ, որ գալիս է, նորա կուռքերի շատութեան համեմատ։
  • 5Որպէս զի բռնեմ Իսրայէլի տունը իրանց սրտիցը, որոնք օտարացել են ինձանից իրանց բոլոր կուռքերովը։
  • 6Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դարձի եկէք, եւ ետ դարձէք ձեր կուռքերիցը՝ եւ ձեր բոլոր պղծութիւններիցը ետ դարձրէք ձեր երեսները։
  • 7Որովհետեւ ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը եւ այն պանդուխտներիցը, որ պանդխտանում են Իսրայէլի մէջ, որ օտարանայ ինձանից եւ իր կուռքերը դնէ իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դնէ իր երեսի առաջին, եւ գայ մարգարէի մօտ որ նորանով հարցնէ ինձանից, ես Տէրս եմ տալու նորա պատասխանը ինձանով։
  • 8Եւ ես իմ երեսը պիտի ուղղեմ դէպի այն մարդը եւ նորան աւերակ անեմ իբրեւ նշան եւ առակ, եւ նորան պիտի բնաջինջ անեմ իմ ժողովրդի միջից, եւ կ’իմանաք որ ես եմ Տէրը։
  • 9Եւ երբոր մէկ մարգարէ սխալուի ու խօսք խօսէ, ես Տէրս եմ սխալեցրել այն մարգարէին. Եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ նորան փչացնեմ իմ Իսրայէլ ժողովրդի միջիցը։
  • 10Եւ նորանք պիտի կրեն իրանց պատիժը. Ինչպէս որ է հարցանողի պատիժը, մարգարէի պատիժն էլ նոյնչափ պիտի լինի.
  • 11Որպէս զի միւսանգամ չ’մոլորէ Իսրայէլի տունը ինձ հետեւելուց, եւ այլ եւս չ’պղծուին իրանց բոլոր յանցանքներովը. Եւ նորանք իմ ժողովուրդը լինեն եւ ես նորանց Աստուած լինեմ, ասում է Տէր Եհովան։
  • 12Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 13Մարդի որդի, երբոր մի երկիր անհաւատարմութիւն անելով մեղանչէ ինձ դէմ, եւ ես մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ կոտրեմ նորա հացի ցուպը եւ նորա մէջը սով ուղարկեմ, եւ բնաջինջ անեմ նորանցից մարդն ու անասունը.
  • 14Եւ լինի որ այս երեք մարդիկը նորա մէջ լինեն՝ Նոյը, Դանիէլը եւ Յոբը, սորանք իրանց արդարութիւնովը կ’ազատեն միայն իրանց անձերը, ասում է Տէր Եհովան։
  • 15Եթէ ես չար գազաններ բերեմ երկիրը, որ նորան անզաւակ անեն, եւ նա ամայի դառնայ որ անցնող չ’լինի գազանների պատճառովը.
  • 16Եթէ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ. Իրանք միայն կ’ազատուին, եւ երկիրը անապատ կ’դառնայ։
  • 17Կամ եթէ սուր բերեմ այն երկրի վերայ, եւ ասեմ. Ով սուր, անց կաց այդ երկրովը, ես նորանից փչացնեմ մարդն ու անասունը,
  • 18Եւ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ, այլ միայն իրանք կ’ազատուին։
  • 19Կամ եթէ ժանտախտ ուղարկեմ այն երկիրը եւ իմ սրտմտութիւնը թափեմ նորա վերայ արիւնով նորանից մարդն ու անասունը փչացնելու համար.
  • 20Եւ Նոյը, Դանիէլը եւ Յոբը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես ասում է Տէր Եհովան, որ ոչ տղայ եւ ոչ աղջիկ կ’ազատեն, նորանք իրանց արդարութեամբը իրանց անձը կ’ազատեն։
  • 22Եւ ահա նորա մէջ մնացորդ պիտի մնայ ազատուած՝ դուրս բերուած տղերքն ու աղջկերքը. Ահա նորանք դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք պիտի տեսնէք նորանց ճանապարհը եւ նորանց գործերը, եւ պիտի մխիթարուիք այն պատուհասի մասին, որ բերի Երուսաղէմի վերայ այսինքն այն բոլորը, որ բերի նորա վերայ։
  • 23Եւ նորանք պիտի մխիթարեն ձեզ երբոր տեսնէք նորանց ճանապարհը եւ նորանց բոլոր գործերը. Եւ դուք կ’իմանաք թէ ի զուր չեմ արել այն ամենը որ արի նորան, ասում է Տէր Եհովան։
← Ցանկ