ԵԶԵԿԻԵԼ17
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, մի հանելուկ առաջարկիր եւ առակ ասիր Իսրայէլի տանը.
  • 3Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Մեծ արծիւը՝ թեւերը մեծ՝ փետուրը երկայն՝ փետրալից՝ գոյնզգոյն եկաւ Լիբանան եւ առաւ եղեւինի գագաթը,
  • 4Նորա ընձիւղների ծայրը կոտրեց եւ տարաւ նորան Քանանի երկիրը եւ նորան դրաւ վաճառականների քաղաքումը։
  • 6(Եւ նա բուսաւ եւ եղաւ մի տարածուած որթ կարճահասակ,) որ նորա ճիւղերը դէպի նորան ուղղուին եւ արմատները նորա տակին լինեն. Եւ նա մի որթ եղաւ եւ ոստեր հանեց եւ ընձիւղներ արձակեց։
  • 7Եւ մէկ արծիւ էլ կար մեծ՝ թեւերը մեծ՝ եւ փետրալից. Եւ ահա այս որթը իր արմատները տարածեց դէպի նորան եւ իր ճիւղերը դէպի նորան արձակեց, որ նորան ոռոգէ իր տնկուած ածուներիցը։
  • 8Նա տնկուեցաւ բարեբեր արտում շատ ջրերի մօտ, որ ոստեր տայ եւ պտուղ բերէ եւ ազնիւ որթ լինի։
  • 9Ասիր՝ Այսպէս է ասում Տէր Եհովան, Մի՞թէ նա կ’յաջողէ. մի՞թէ նորա արմատները չի խլիլ, եւ նորա պտուղը չի քաղիլ, որ նա չորանայ։ Նորա բոլոր բուսած տերեւները պիտի չորանան, եւ առանց մեծ բազուկի եւ շատ ժողովրդի, որ նորան հանէ նորա արմատներիցը։
  • 10Եւ ահա թէեւ տնկուեցաւ, մի՞թէ յաջողուելու է. չէ՞ որ հէնց արեւելեան քամին նորան դպչելուն պէս պիտի իսկոյն չորանայ, իր բուսած ածուներումը պիտի չորանայ։
  • 11Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 12Ասիր ապստամբների տանը, մի՞թէ չէք հասկանում թէ սա ինչ է. Ասիր. Ահա եկաւ Բաբիլոնի թագաւորը Երուսաղէմ եւ առաւ նորա թագաւորին եւ նորա իշխաններին եւ նորանց տարաւ Բաբիլոն իր մօտ։
  • 13Եւ առաւ թագաւորի սերունդիցը մէկին եւ նորա հետ ուխտ արաւ եւ նորան երդում անել տուաւ, եւ երկրի զօրաւորներին էլ առաւ.
  • 14Որ թագաւորութիւնը ցած լինի եւ չ’կարողանայ իրան բարձրացնել, որ իր խոստումը պահէ որ ինքը հաստատ լինէ։
  • 15Բայց նա ապստամբուեց նորա դէմ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով որ իրան ձիեր եւ շատ զօրք տան. Մի՞թէ յաջողուելու է. մի՞թէ ազատուելու է այս բաներն անողը. Եւ ուխտը կ’դրժէ՝ եւ կ’ազատուի՞։
  • 16Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ նա պէտք է այն տեղը, ուր որ թագաւորը նորան թագաւոր արաւ, որի երդումը նա անարգեց եւ որի ուխտը նա դրժեց, նորա հետ մեռնէ Բաբիլոնում։
  • 17Եւ մեծ զօրքովը եւ շատ բազմութիւնով Փարաւօնը նորան մի բան չի անիլ պատերազմի մէջ պատնէշ շինուելիս եւ մարտկոց կազմուելիս՝ շատ հոգիներ կոտրելու համար։
  • 18Եւ նա անարգեց երդումը, որ ուխտը դրժէ. Եւ ահա նա իր ձեռքը տուել էր եւ այս ամենը արաւ. Նա չի ազատուիլ։
  • 19Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես որ իմ երդումը որ նա անարգեց եւ իմ ուխտը որ նա դրժեց, նորա գլխովը պիտի տամ.
  • 20Եւ նորա վերայ պիտի տարածեմ իմ ցանցը, եւ նա պիտի բռնուի իմ որոգայթումը, եւ ես նորան պիտի տանեմ Բաբիլոն եւ նորա հետ դատ պիտի վարեմ այնտեղ այն յանցանքի համար, որ գործեց ինձ դէմ։
  • 21Եւ նորա բոլոր փախստականները նորա բոլոր զօրքերումը պիտի սրով ընկնեն, եւ մնացածները պիտի ցրվուին դէպի ամեն կողմը. Եւ դուք կ’իմանաք, որ ես Տէրս եմ խօսել։
  • 22Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես էլ պիտի առնեմ բարձր եղեւինի գագաթիցը եւ պիտի տնկեմ. Նորա ընձիւղների ծայրիցը պիտի մատղաշը կտրեմ եւ պիտի տնկեմ ես մէկ բարձր եւ վեր ելած սարի վերայ։
  • 23Իսրայէլի բարձր սարի վերայ պիտի տնկեմ նորան. Եւ նա ոստեր պիտի արձակէ եւ պտուղ տայ, եւ նա ազնիւ եղեւին պիտի դառնայ. Եւ նորա տակին կ’բնակուեն ամեն տեսակ թեւաւոր թռչուններ, նորա ոստերի հովանումը կ’բնակուեն նորանք։
  • 24Եւ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան որ ես Տէրս եմ բարձր ծառերը ցածացրել եւ ցած ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել, եւ դալարեցրել չոր ծառը. ես Տէրս ասել եմ եւ պիտի անեմ։
← Ցանկ