ԵԶԵԿԻԵԼ20
  • 1Եւ եղաւ եօթներորդ տարումը հինգերորդ ամսուայ տասնին, որ Իսրայէլի ծերերից մարդիկ եկան Եհովայից հարցնելու, եւ նստեցին իմ առաջին։
  • 2Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 4Մի՞թէ նորանց դատելու ես. Դատելո՞ւ ես, ով մարդի որդի. Դու նորանց իրանց հայրերի պղծութիւնները իմացրու.
  • 5Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես Իսրայէլին ընտրած օրս, որ ձեռքս վեր բարձրացրի Յակոբի տան սերունդի համար եւ յայտնուեցայ նորանց Եգիպտոսի երկրումը, իմ ձեռքը վեր բարձրացրի ասելով. Ես եմ ձեր Տէր Աստուածը.
  • 6Այն օրը որ ես ձեռքս վեր բարձրացրի նորանց համար, որ նորանց հանեմ Եգիպտոսի երկրիցը դէպի այն երկիրը, որ ես նորանց համար պատրաստել էի, որ կաթ եւ մեղր էր բղխում, որ ամեն երկիրների զարդն է.
  • 7Եւ ասեցի նորանց. Ձեզանից ամեն մարդ դէն գցէ իր աչքերի գարշութիւնները եւ Եգիպտոսի կուռքերովը մի պղծուիք. Ես եմ ձեր Տէր Աստուածը։
  • 8Բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ եւ չ’ուզեցին ինձ լսել. Ամեն մարդ իր աչքերի գարշութիւնները դէն չ’գցեց, եւ Եգիպտոսի կուռքերը չ’ձգեցին. Եւ ես ասեցի որ թափեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ որ իմ բարկութիւնը կատարեմ նորանց վերայ Եգիպտոսի երկրումը։
  • 9Եւ ես արի իմ անունի համար, որ չ’պղծուի այն ազգերի աչքերի առաջին, որոնց մէջ են նորանք, որոնց ես յայտնուեցայ նորանց աչքերի առաջին նորանց Եգիպտոսի երկրիցը հանելիս։
  • 10Եւ ես նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը եւ նորանց տարայ անապատը.
  • 11Եւ տուի նորանց իմ օրէնքները, եւ իմ իրաւունքները իմացրի նորանց, որոնց ո՛ր մարդ որ կատարէ՝ կ’ապրէ նորանցով։
  • 12Նաեւ իմ շաբաթները տուի նորանց որ նշան լինի իմ եւ նորանց մէջ, որ իմանան թէ ես եմ նորանց սիրող Տէրը։
  • 13Բայց Իսրայէլի տունը ապստամբուեց ինձ դէմ անապատումը, նորանք չ’գնացին իմ օրէնքներովը, եւ իմ իրաւունքները մերժեցին, որոնց կատարող մարդը նորանցով կ’ապրէ, եւ իմ շաբաթները շատ պղծեցին. Եւ ես ասեցի թէ թափեմ իմ սրտմտութիւնը նորանց վերայ անապատումը նորանց բնաջինջ անելու համար։
  • 14Եւ ես արի իմ անունի համար, որ չ’պղծուի ազգերի աչքերի առաջին, որոնց աչքերի առաջին ես հանեցի նորանց։
  • 15Եւ ձեռքս էլ բարձրացրի նորանց համար անապատումը, որ նորանց չ’տանեմ այն տուած երկիրս, որ մեղր եւ կաթ է բղխում, որ զարդ է բոլոր երկիրների համար։
  • 16Որովհետեւ նորանք մերժեցին իմ իրաւունքները եւ իմ օրէնքներովը չ’գնացին եւ իմ շաբաթները պղծեցին, որովհետեւ իրանց կուռքերի ետեւիցն էր գնում նորանց սիրտը։
  • 17Բայց իմ աչքը խնայեց նորանց, որ նորանց չ’կորցնեմ, եւ նորանց չ’վերջացրի անապատումը։
  • 18Եւ նորանց որդիներին ասեցի անապատումը. Ձեր հայրերի կանոններովը մի գնաք, եւ նորանց սովորութիւնները մի պահէք եւ նորանց կուռքերովը մի պղծուիք։
  • 19Ես եմ ձեր Տէր Աստուածը, իմ օրէնքներովը գնացէք, եւ իմ իրաւունքները պահեցէք եւ նորանց կատարեցէք։
  • 20Եւ իմ շաբաթները սրբեցէք, որ նորանք նշան լինեն իմ մէջ եւ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը ձեր Աստուածը։
  • 21Բայց որդիքը ապստամբուեցին ինձ դէմ, իմ օրէնքներովը չ’գնացին եւ իմ իրաւունքները չ’պահեցին որ անէին նորանց, որոնց ամեն ով որ անէ նորանցով կ’ապրէ. Նորանք պղծեցին իմ շաբաթները. Եւ ես ասեցի որ իմ սրտմտութիւնը թափեմ նորանց վերայ, որ կատարեմ իմ բարկութիւնը նորանց վերայ անապատումը։
  • 22Սակայն ես ետ քաշեցի իմ ձեռքը, եւ արի իմ անունի համար, որ չ’պղծուի այն ազգերի աչքերի առաջին որոնց աչքերի առաջին ես նորանց հանեցի։
  • 23Ես էլ իմ ձեռքը բարձրացրի նորանց համար անապատումը, որ նորանց ցրուեմ ազգերի մէջ եւ նորանց սփռեմ երկիրների մէջ։
  • 24Որովհետեւ նորանք չ’կատարեցին իմ իրաւունքները եւ մերժեցին իմ օրէնքները եւ իմ շաբաթները պղծեցին եւ նորանց աչքերը իրանց հայրերի կուռքերի ետեւիցն էր։
  • 25Եւ ես էլ նորանց օրէնքներ տուի որ լաւ չէին, եւ իրաւունքներ՝ որոնցով չէին կարող ապրել։
  • 26Եւ նորանց պղծեցի իրանց ընծաներովը ամեն արգանդ բացողին կրակով անցկացնել տալով, որպէս զի նորանց բնաջինջ անեմ, եւ որպէս զի գիտենան որ ես եմ Տէրը։
  • 27Սորա համար խօսիր Իսրայէլի տան հետ, մարդի որդի, եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դեռ սորանով էլ նախատեցին ինձ ձեր հայրերը ինձ դէմ անհաւատարմութիւն գործելով։
  • 28Եւ ես նորանց տարել էի այն երկիրը, որի մասին ես բարձրացրել էի ձեռքս, որ նորանց տամ այն, իսկ նորանք ամեն բարձր բլուր եւ ամեն տերեւալից ծառ տեսնելով այնտեղ իրանց զոհերը մատուցրին եւ իրանց գրգռող մատաղները այնտեղ տարան եւ իրանց անուշահոտ խունկերը մատուցրին այնտեղ, եւ այնտեղ թափեցին իրանց նուէրները։
  • 29Եւ ես նորանց ասեցի. Դա ի՞նչ բարձրաւանդակ է ուր որ դուք գնում էք, եւ նորան մինչեւ այս օրը բարձրաւանդակ են անուանում։
  • 30Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Մի՞թէ դուք ձեր հայրերի ճանապարհովը պղծուիք եւ նորանց գարշութիւնների հետեւելով պոռնկանաք,
  • 31Եւ ձեր ընծաները մատուցանելիս եւ ձեր որդկանցը կրակով անցկացնելիս պղծուիք ձեր բոլոր կուռքերովը մինչեւ այսօր, եւ ես ինձ հարցանուի՞լ կ’տամ ձեզանից, ով Իսրայէլի տուն, կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ինձ ձեզանից հարցանուիլ չեմ տալ։
  • 32Եւ ձեր մտքումը վեր կացածը պիտի բնաւ չ’կատարուի, որ ասում էք թէ Ազգերի պէս եւ երկրի ցեղերի պէս լինենք փայտին ու քարին պաշտելով։
  • 33կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ անշուշտ պիտի ձեզ վերայ զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով ու թափած սրտմտութիւնով տիրեմ.
  • 34Եւ ձեզ պիտի հանեմ եւ ձեզ ժողովեմ երկիրներից ուր որ ձեզ ցրիւ էի տուել զօրաւոր ձեռքով եւ մեկնած բազուկով եւ թափած սրտմտութիւնով.
  • 35Եւ ձեզ պիտի տանեմ ազգերի անապատը եւ ձեզ հետ այնտեղ դատուիմ երես առ երես.
  • 36Ինչպէս որ դատուեցայ ձեր հայրերի հետ Եգիպտոսի երկրի անապատումը, նոյնպէս պիտի դատուիմ եւ ձեզ հետ, ասում է Տէր Եհովան։
  • 37Եւ ձեզ պիտի անցկացնեմ գաւազանի տակովը եւ ձեզ պիտի մտցնեմ ուխտի կապուածքի տակ։
  • 38Եւ ես պիտի ջոկեմ ձեզանից ապստամբներին եւ ինձ դէմ յանցաւոր եղողներին իրանց պանդխտութեան երկրիցը հանեմ, որ Իսրայէլի երկիրը չ’մտնեն. Եւ դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։
  • 39Եւ դուք, ով Իսրայէլի տուն, այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք ամեն մարդ գնացէք ձեր կուռքերին ծառայեցէք. Բայց յետոյ իրաւ որ ինձ պիտի լսէք եւ իմ սուրբ անունը այլ եւս պիտի չ’պղծէք ձեր ընծաներովը եւ ձեր կուռքերովը։
  • 40Որովհետեւ իմ սուրբ սարի վերայ, Իսրայէլի սարին վերայ, ասում է Տէր Եհովան, այնտեղ ինձ պիտի ծառայեն բոլոր Իսրայէլի տունը բոլորովին այն երկրումը. Այնտեղ ես պիտի հաւանեմ նորանց եւ այնտեղ պիտի որոնեմ ձեր ընծաները, ձեր տուրքերի երախայրիքը ձեր բոլոր սուրբ բաներովը.
  • 41Անուշահոտ խունկով պիտի հաճեմ ձեզ երբոր ձեզ հանեմ ազգերի միջից եւ ձեզ ժողովեմ այն երկիրներից ուր որ ես ձեզ ցրիւ եմ տուել, եւ պիտի սրբուիմ ձեզանով ազգերի աչքի առաջին։
  • 42Եւ դուք կ’իմանաք թէ ես եմ Տէրը երբոր ձեզ կ’տանեմ Իսրայէլի երկիրը՝ այն երկիրը որի մասին ձեռքս վեր եմ բարձրացրել որ նորանց հայրերին տամ այն։
  • 43Եւ այնտեղ պիտի յիշէք ձեր ճանապարհները եւ ձեր բոլոր գործերը, որոնցով դուք պղծուեցաք, եւ պիտի զզուէք ձեր անձերից ձեր արած բոլոր չարութիւնների համար.
  • 44Եւ պիտի գիտենաք, որ ես եմ Տէրը, երբոր ես ձեզ կ’անեմ այս իմ անունի համար եւ ոչ ձեր չար ճանապարհների համեմատ, եւ ձեր ապականեալ արարքների համեմատ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէր Եհովան։
  • 45Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 46Մարդի որդի, երեսդ դէպի հարաւ արա եւ խօսք բղխիր դէպի հարաւ եւ մարգարէացիր հարաւային դաշտի անտառի մասին.
  • 47Եւ ասիր հարաւային անտառին. Լսիր Տիրոջ խօսքը, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզանում կրակ եմ վառելու, որ պիտի լափէ քո մէջ ամեն կանաչ ծառը եւ ամեն չոր ծառը. Բորբոքուած բոցը պիտի չ’հանգչէ եւ ամեն կողմերը պիտի այրուին նորանով հարաւից մինչեւ հիւսիս։
  • 48Եւ ամեն մարմին պիտի տեսնէ որ ես Տէրս եմ նորան վառել. Նա չ’պիտի հանգչէ։
  • 49Եւ ես ասեցի. Աւաղ, Տէր Եհովայ, նորանք ինձ համար ասում են. Չէ՞ որ դա առակախօսութիւններ է անում։
← Ցանկ