ԵԶԵԿԻԵԼ24
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ իններորդ տարուայ տասներորդ ամսուայ ամսի տասին՝ ասելով.
  • 2Մարդի որդի, գրիր քեզ համար այս օրուայ անունը հէնց այսօր. Բաբիլոնի թագաւորը հէնց այսօր մօտացաւ Երուսաղէմին։
  • 3Եւ առակով խօսիր դէպի այս ապստամբ տունը եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դիր կաթսան՝ դիր, եւ մէջն էլ ջուր ածիր։
  • 4Ժողովիր նորա կտորները մէջը՝ ամեն լաւ կտորը, ազդրը եւ ուսը, ընտիր ոսկորներով լցրու։
  • 5Ոչխարների ընտիրներն առ եւ ոսկորները դիզիր նորա տակին. Նորան սաստիկ եռացրու, որ ոսկորներն էլ եփուին միջումը։
  • 6Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին, այն կաթսային որի ժանգը իրանում է եւ ժանգը միջիցը դուրս չէ եկած, կտոր կտոր հանիր կտորները. նորա վերայ վիճակ չ’ձգուի։
  • 7Որովհետեւ նորա արիւնը իրանում է. Չոր ապառաժի վերայ է դրել նորան, գետնի վերայ չէ թափել նորան որ նորան ծածկէ հողով։
  • 8Իմ սրտմտութիւնը վեր հանելու եւ վրէժը առնելու համար նորա արիւնը դրի չոր ապառաժի վերայ, որ չ’ծածկուի։
  • 9Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին. Ես էլ կրակի խարոյկը պիտի մեծացնեմ։
  • 10Շատացրու փայտերը, վառիր կրակը որ միսը հալուի, համեմներ էլ դիր եւ թող ոսկորները այրուին։
  • 11Եւ յետոյ կայծերի վերայ դիր պարապ, որպէս զի տաքանայ եւ այրուի պղինձը, եւ հալուի նորանում նորա պղծութիւնը՝ վերջանայ ժանգը։
  • 12Աշխատութիւններով յոգնեցաւ նա, եւ նորանից դուրս չ’եկաւ նորա շատ ժանգը՝ կրակով նորա ժանգը։
  • 13Քո անմաքրութիւնումը պղծագործութիւն կայ. Որովհետեւ ես քեզ մաքրեցի եւ դու մաքուր չ’եղար, այլ եւս պիտի չ’մաքրուիս քո պղծագործութիւնից մինչեւ որ իմ սրտմտութիւնը հանգստացնեմ քեզ վերայ։
  • 14Ես Տէրս եմ խօսել, պիտի գայ. Եւ ես պիտի կատարեմ, ես պիտի չ’թողեմ, եւ չ’խնայեմ եւ չ’զղջամ. Քո ճանապարհների համեմատ եւ քո արարքների համեմատ պիտի դատուիս, ասում է Տէր Եհովան։
  • 15Եւ Տիրոջ խօսքն ինձ եղաւ ասելով.
  • 16Մարդի որդի, ահա ես վեր եմ առնում քեզանից մի հարուածով քո աչքերի ցանկութիւնը, եւ դու պիտի ոչ ողբաս ոչ լաց լինես, եւ արտասուքդ պիտի չ’գայ։
  • 17Լռութեամբ հառաչիր, մեռելի սուգ պիտի չ’անես. ապարօշդ կապիր գլխիդ, կօշիկներդ ոտներդ հագիր, դունչդ մի ծածկիր, եւ մարդկանց հացը մի ուտիր։
  • 18Եւ ես առաւօտը խօսեցի ժողովրդի հետ, եւ իրիկունը մեռաւ կինս. Եւ միւս առաւօտը ինձ հրամայուածին պէս արի։
  • 19Եւ ժողովուրդն ինձ ասեց. Մեզ չե՞ս իմացնել, թէ սա ինչ է նշանակում մեզ համար, որ դու անում ես։
  • 20Եւ ես ասեցի նորանց. Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 21Ասիր Իսրայէլի տանը թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, ձեր աչքերի ցանկութիւնը եւ ձեր հոգու խնայածը. Եւ ձեր թողած տղերքն ու աղջկերքը սրով պիտի ընկնեն։
  • 22Եւ դուք պիտի իմ արածին պէս անէք, դունչ պիտի չ’ծածկէք, եւ մարդկանց հացը պիտի չ’ուտէք.
  • 24Եւ Եզեկիէլը ձեզ համար նշան է. Նորա բոլոր արածին պէս պիտի անէք. սա լինելիս կ’իմանաք, որ ես եմ Տէր Եհովան։
  • 25Եւ դու, մարդի որդի, ահա երբոր ես վեր կ’առնեմ նորանցից իրանց զօրութիւնը, իրանց պարծանքի ուրախութիւնը, իրանց աչքերի ցանկութիւնը եւ իրանց սրտի ուզածը՝ իրանց տղերքն ու աղջկերքը,
  • 26Այն ժամանակ կ’գայ ազատուած մէկը քեզ մօտ, որ լուր կ’բերէ ականջներիդ։
  • 27Այն ժամանակ բերանդ պիտի բացուի այն ազատուածովը եւ պիտի խօսես ու այլ եւս համր չ’մնաս, եւ դու նորանց համար նշան կ’լինես. Եւ նորանք կ’իմանան, որ ես եմ Տէրը։
← Ցանկ