ԵԶԵԿԻԵԼ24
- 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ իններորդ տարուայ տասներորդ ամսուայ ամսի տասին՝ ասելով.
- 2Մարդի որդի, գրիր քեզ համար այս օրուայ անունը հէնց այսօր. Բաբիլոնի թագաւորը հէնց այսօր մօտացաւ Երուսաղէմին։
- 3Եւ առակով խօսիր դէպի այս ապստամբ տունը եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դիր կաթսան՝ դիր, եւ մէջն էլ ջուր ածիր։
- 4Ժողովիր նորա կտորները մէջը՝ ամեն լաւ կտորը, ազդրը եւ ուսը, ընտիր ոսկորներով լցրու։
- 5Ոչխարների ընտիրներն առ եւ ոսկորները դիզիր նորա տակին. Նորան սաստիկ եռացրու, որ ոսկորներն էլ եփուին միջումը։
- 6Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին, այն կաթսային որի ժանգը իրանում է եւ ժանգը միջիցը դուրս չէ եկած, կտոր կտոր հանիր կտորները. նորա վերայ վիճակ չ’ձգուի։
- 7Որովհետեւ նորա արիւնը իրանում է. Չոր ապառաժի վերայ է դրել նորան, գետնի վերայ չէ թափել նորան որ նորան ծածկէ հողով։
- 8Իմ սրտմտութիւնը վեր հանելու եւ վրէժը առնելու համար նորա արիւնը դրի չոր ապառաժի վերայ, որ չ’ծածկուի։
- 9Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին. Ես էլ կրակի խարոյկը պիտի մեծացնեմ։
- 10Շատացրու փայտերը, վառիր կրակը որ միսը հալուի, համեմներ էլ դիր եւ թող ոսկորները այրուին։
- 11Եւ յետոյ կայծերի վերայ դիր պարապ, որպէս զի տաքանայ եւ այրուի պղինձը, եւ հալուի նորանում նորա պղծութիւնը՝ վերջանայ ժանգը։
- 12Աշխատութիւններով յոգնեցաւ նա, եւ նորանից դուրս չ’եկաւ նորա շատ ժանգը՝ կրակով նորա ժանգը։
- 13Քո անմաքրութիւնումը պղծագործութիւն կայ. Որովհետեւ ես քեզ մաքրեցի եւ դու մաքուր չ’եղար, այլ եւս պիտի չ’մաքրուիս քո պղծագործութիւնից մինչեւ որ իմ սրտմտութիւնը հանգստացնեմ քեզ վերայ։
- 14Ես Տէրս եմ խօսել, պիտի գայ. Եւ ես պիտի կատարեմ, ես պիտի չ’թողեմ, եւ չ’խնայեմ եւ չ’զղջամ. Քո ճանապարհների համեմատ եւ քո արարքների համեմատ պիտի դատուիս, ասում է Տէր Եհովան։
- 15Եւ Տիրոջ խօսքն ինձ եղաւ ասելով.
- 16Մարդի որդի, ահա ես վեր եմ առնում քեզանից մի հարուածով քո աչքերի ցանկութիւնը, եւ դու պիտի ոչ ողբաս ոչ լաց լինես, եւ արտասուքդ պիտի չ’գայ։
- 17Լռութեամբ հառաչիր, մեռելի սուգ պիտի չ’անես. ապարօշդ կապիր գլխիդ, կօշիկներդ ոտներդ հագիր, դունչդ մի ծածկիր, եւ մարդկանց հացը մի ուտիր։
- 18Եւ ես առաւօտը խօսեցի ժողովրդի հետ, եւ իրիկունը մեռաւ կինս. Եւ միւս առաւօտը ինձ հրամայուածին պէս արի։
- 19Եւ ժողովուրդն ինձ ասեց. Մեզ չե՞ս իմացնել, թէ սա ինչ է նշանակում մեզ համար, որ դու անում ես։
- 20Եւ ես ասեցի նորանց. Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
- 21Ասիր Իսրայէլի տանը թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, ձեր աչքերի ցանկութիւնը եւ ձեր հոգու խնայածը. Եւ ձեր թողած տղերքն ու աղջկերքը սրով պիտի ընկնեն։
- 22Եւ դուք պիտի իմ արածին պէս անէք, դունչ պիտի չ’ծածկէք, եւ մարդկանց հացը պիտի չ’ուտէք.
- 23Եւ ձեր ապարօշները ձեր գլխին եւ ձեր կօշիկները ձեր ոտքին լինելով պիտի սուգ չ’անէք եւ լաց չ’լինէք, այլ պիտի հալումաշ լինէք ձեր անիրաւութիւններովը եւ դէպի իրար հառաչէք։
- 24Եւ Եզեկիէլը ձեզ համար նշան է. Նորա բոլոր արածին պէս պիտի անէք. սա լինելիս կ’իմանաք, որ ես եմ Տէր Եհովան։
- 25Եւ դու, մարդի որդի, ահա երբոր ես վեր կ’առնեմ նորանցից իրանց զօրութիւնը, իրանց պարծանքի ուրախութիւնը, իրանց աչքերի ցանկութիւնը եւ իրանց սրտի ուզածը՝ իրանց տղերքն ու աղջկերքը,
- 26Այն ժամանակ կ’գայ ազատուած մէկը քեզ մօտ, որ լուր կ’բերէ ականջներիդ։
- 27Այն ժամանակ բերանդ պիտի բացուի այն ազատուածովը եւ պիտի խօսես ու այլ եւս համր չ’մնաս, եւ դու նորանց համար նշան կ’լինես. Եւ նորանք կ’իմանան, որ ես եմ Տէրը։
