ԵԶԵԿԻԵԼ3
  • 1Եւ ասեց ինձ. Մարդի որդի, ինչ որ գտար՝ կեր, կեր այս տոմսը, եւ գնա խօսիր Իսրայէլի տան հետ։
  • 2Եւ ես բացի բերանս, եւ նա ինձ ուտեցրեց այն տոմսը։
  • 3Եւ ինձ ասեց. Մարդի որդի, փորդ կերակրիր եւ ստամոքսդ լցրու այս տոմսովը որ ես քեզ եմ տալիս։ Եւ ես կերայ նորան. Եւ նա մեղրի պէս քաղցր էր իմ բերանումը։
  • 4Եւ նա ասեց. Մարդի որդի, գնա մտիր Իսրայէլի տունը եւ խօսիր նորանց հետ իմ խօսքերովը.
  • 5Որովհետեւ դու դժուարիմաց ու ծանրալեզու ժողովրդի մօտ չես ուղարկվում, այլ Իսրայէլի տան մօտ.
  • 6Ոչ թէ դժուարիմաց եւ ծանրալեզու շատ ժողովուրդների մօտ, որոնց խօսքերը դու չես հասկանում. Յիրաւի եթէ քեզ նորանց մօտ ուղարկէի, նորանք քեզ մտիկ կ’տային։
  • 8Ահա ես պինդ եմ շինում քո երեսը նորանց երեսի դէմ, եւ ճակատդ ամուր՝ նորանց ճակատի դէմ։
  • 9Անդամանդի պէս վէմից պինդ եմ շինելու քո ճակատը, նորանցից մի վախենար, եւ մի զարհուրիր նորանց երեսիցը, թէեւ նորանք ապստամբ տուն են։
  • 10Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ամեն խօսքերը, որ խօսում եմ քեզ, սրտիդ մէջ դիր եւ ականջներովդ լսիր.
  • 11Եւ գնա մտիր գերիների մէջ քո ժողովրդի որդկանց մօտ եւ խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան, թէ լսեն թէ զանց անեն։
  • 12Եւ հոգին ինձ բարձրացրեց եւ լսեցի իմ ետեւից մի մեծ որոտման ձայն՝ Օրհնեալ է Տիրոջ փառքը իր տեղիցը.
  • 13Եւ լսեցի կենդանիների իրար դպչող թեւերի ձայնը եւ նորանց կողքի անիւների ձայնը եւ մեծ որոտման ձայնը։
  • 14Եւ հոգին ինձ բարձրացրեց եւ ինձ վեր առաւ, եւ ես գնում էի դառնապէս իմ հոգիի բորբոքումովը. Եւ Տիրոջ ձեռքը ինձ վերայ ամուր էր։
  • 15Եւ ես Թելաբիբ եկայ գերիների մօտ, որոնք բնակվում էին Քոբար գետի մօտ. Եւ ուր որ իրանք նստած էին՝ ես էլ նստեցի այնտեղ եօթն օր նորանց մէջ ապշած։
  • 16Եւ եօթն օրից յետոյ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 17Մարդի որդի, ես քեզ դէտ եմ դրել Իսրայէլի տան համար. Եւ դու պէտք է իմ բերանից խօսք լսես եւ զգուշացնես նորանց իմ կողմանէ։
  • 18Երբոր ես ամբարշտին ասեմ՝ Անպատճառ պէտք է մեռնես, եւ դու նորան չ’զգուշացնես եւ չ’խօսես որ զգուշացնես ամբարշտին իր չար ճանապարհիցը որ ապրէ. այն ամբարիշտը իր անօրէնութիւնովը կ’մեռնէ, բայց նորա արիւնը քո ձեռքից կ’պահանջեմ։
  • 19Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին, եւ նա ետ չ’դառնայ իր ամբարշտութիւնիցը եւ իր չար ճանապարհիցը. Նա իր անօրէնութիւնովը կ’մեռնէ, իսկ դու կ’ազատես քո անձը։
  • 20Եւ երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնիցը եւ չարութիւն անէ, եւ ես գայթակղութիւն դնեմ նորա առաջին եւ նա մեռնէ, որովհետեւ դու նորան չ’զգուշացրիր. Նա իր մեղքովը կ’մեռնէ եւ չի յիշուիլ նորա արած արդարութիւնը. Իսկ նորա արիւնը քո ձեռից կ’պահանջեմ։
  • 21Եւ եթէ դու զգուշացնես արդարին, որ չ’մեղանչէ արդարը եւ նա էլ չ’մեղանչէ. Նա անպատճառ կ’ապրէ, որովհետեւ զգուշացրուել է, եւ դու կ’ազատես քո անձը։
  • 22Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը եղաւ ինձ վերայ եւ ասեց ինձ. Վեր կաց դուրս գնա հովիտը, եւ ես այնտեղ կ’խօսեմ քեզ հետ։
  • 23Եւ ես վեր կացայ եւ գնացի դուրս հովիտը, եւ ահա այնտեղ կանգնած էր Տիրոջ փառքը այն փառքի պէս, որ տեսել էի Քոբար գետի մօտ, եւ ես վայր ընկայ երեսիս վերայ։
  • 24Եւ հոգին եկաւ մէջս եւ ինձ կանգնեցրեց ոտներիս վերայ, եւ խօսեց ինձ հետ եւ ասեց ինձ՝ Գնա թաք կաց քո տանը։
  • 25Եւ դու, մարդի որդի, ահա քեզ վերայ կապանքներ են դնելու եւ քեզ կապելու են նորանցով, որ դու դուրս չ’գաս նորանց մէջ։
  • 26Եւ ես քո լեզուդ քիմքիդ եմ կպցնելու, եւ դու կ’համրանաս, եւ դու նորանց համար խրատող մարդ չես լինելու, որովհետեւ նորանք ապստամբ տուն են։
  • 27Եւ ես քեզ հետ խօսելիս կ’բանամ քո բերանը, եւ դու նորանց ասես. Այսպէս է ասում Տէր Եհովան. Լսողը լսէ, զանց անողը զանց անէ, որովհետեւ նորանք ապստամբ տուն են։
← Ցանկ