ԵԶԵԿԻԵԼ31
- 1Եւ եղաւ տասնեւմէկերորդ տարուայ երրորդ ամսի մէկին, Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
- 2Մարդի որդի, ասիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորին եւ նորա բազմութեանը. Դու ո՞ւմ ես նմանում քո մեծութիւնովը։
- 3Ահա Ասորեստանցին մի եղեւին էր Լիբանանի վերայ, ոստերը գեղեցիկ եւ տերեւախիտ, հովանաւոր եւ բարձրահասակ էր, եւ ամպերի մէջ էր նորա գագաթը։
- 4Ջրերը նորան մեծացրին, անդունդները նորան բարձրացրին, իր գետերը գնում էին իր տունկի շուրջը, եւ իր վտակները նա ուղարկում էր դաշտի բոլոր ծառերին։
- 5Սորա համար նորա հասակը բարձր եղաւ դաշտի բոլոր ծառերիցը. Եւ աճեցին նորա ոստերը եւ տարածուեցան նորա ճիւղերը շատ ջրերից ընդարձակուելով։
- 6Նորա ճիւղերի վերայ բոյն էին դնում երկնքի բոլոր թռչունները, եւ նորա ճիւղերի տակ ծնում էին դաշտի բոլոր գազանները, եւ նորա հովանումը բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։
- 7Եւ նա գեղեցիկ էր իր մեծութիւնովը, իր ոստերի ընդարձակութիւնովը. Որովհետեւ նորա արմատը շատ ջրերի վերայ էր։
- 8Եղեւինները նորան չէին ծածկում Աստուծոյ դրախտումը, մայր ծառերը չէին նմանում նորա շառաւիղներին, եւ սօսիները նորա ոստերի նման չէին. Ոչ մի ծառ Աստուծոյ դրախտի մէջ չէր նմանում նորան իր գեղեցկութիւնովը։
- 9Ես նորան գեղեցիկ էի շինել իր ոստերի շատութիւնովը. Եւ նախանձում էին նորան Աստուծոյ դրախտումը եղող բոլոր Եդեմի ծառերը։
- 10Դորա համար այսպէս ասեց Տէր Եհովան. Որովհետեւ բարձրացաւ հասակով եւ իր գագաթը դրաւ ամպերի մէջ, եւ իր սիրտը հպարտացաւ իր բարձրութիւնովը,
- 11Ես էլ նորան տուի ազգերի հզօր ձեռքը. Նա հատուցանելով կ’հատուցանէ նորան. Նորա չարութեան համար ես քշեցի նորան։
- 12Եւ օտարները՝ ազգերի բռնակալները նորան ջարդեցին եւ դէն գցեցին. Սարերի եւ բոլոր հովիտների վերայ ընկան նորա ոստերը եւ կոտրատուեցան նորա շառաւիղները երկրի բոլոր ձորերումը, եւ նորա հովանիիցը իջան երկրի բոլոր ժողովուրդները եւ դէն գցեցին նորան։
- 13Նորա ընկածների վերայ բնակուեցին երկնքի ամեն թռչունները, եւ նորա շառաւիղների վերայ էին դաշտի ամեն գազանները։
- 14Որպէս զի իրանց հասակովը չ’հպարտանան ամեն ջրասուն ծառերը եւ իրանց գագաթները չ’դնեն ամպերի մէջ, եւ իրանց հպարտութիւնովը իրանց վերայ հաստատ չ’կենան բոլոր ջրով ոռոգուածները, որովհետեւ ամենքը մահուան են մատնուած գետնի տակերումը մարդկանց որդիների մէջ գուբը իջնողների հետ։
- 15Այսպէս է ասում Տէր Եհովան. Նա գերեզմանը իջած օրը սուգ անել տուի. Նորա համար անդունդը ծածկեցի եւ արգելեցի նորա գետերը, եւ շատ ջրեր բռնուեցան, եւ սուգ հագցրի Լիբանանին նորա մասին, եւ դաշտի բոլոր ծառերը թառամեցին նորա պատճառով։
- 16Նորա անկման ձայնիցը դողալ տուի ազգերին երբոր նորան իջեցրի գերեզմանը գուբը իջնողների հետ, եւ մխիթարուեցան գետնի տակերումը Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիրներն ու լաւերը՝ բոլոր ջրով ոռոգուածները։
- 17Նորանք էլ նորա հետ իջան գերեզմանը սրով սպանուածների մօտ. Եւ նորա բազուկը եղողները, որ բնակվում էին նորա հովանիումը ազգերի մէջ։
- 18Ո՞ւմ ես նմանում այսպէս փառքով եւ մեծութիւնով Եդեմի ծառերի մէջ. Դու վայր պիտի գցուիս Եդեմի ծառերի հետ գետնի տակը, անթլփատների մէջ պիտի պառկես սրով սպանուածների հետ։ Այսինքն Փարաւօնը եւ նորա բոլոր բազմութիւնը, ասում է Տէր Եհովան։
