ԵԶԵԿԻԵԼ33
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 2Մարդի որդի, խօսիր քո ժողովրդի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի երկրի վերայ սուր բերեմ, եւ այն երկրի ժողովուրդը մէկ մարդ ընտրէ իր միջիցը եւ նորան իրանց համար դէտ շինեն.
  • 3Եւ նա տեսնէ այն սուրը գալիս երկրի վերայ, եւ փողը հնչեցնէ եւ ժողովրդին զգուշացնէ.
  • 4Բայց մէկը փողի ձայնը որոշ լսէ եւ չ’զգուշանայ, եւ սուրը գայ եւ նորան վեր առնէ. նորա արիւնը նորա գլուխը պիտի լինի։
  • 5Նա լսել էր փողի ձայնը եւ չ’զգուշացաւ. Նորա արիւնը իր վերայ պիտի լինի. Եւ եթէ նա զգուշացած լինէր իր անձը կ’ազատէր։
  • 6Բայց եթէ դէտը տեսնէ սուրը գալիս եւ փողը չ’հնչեցնէ, եւ ժողովուրդը չ’զգուշանայ, եւ սուրը գայ եւ նորանցից մի հոգի վեր առնէ. նա իր անօրէնութիւնովը վեր առնուեցաւ, բայց նորա արիւնը ես դէտի ձեռքիցն եմ պահանջելու։
  • 7Եւ դու, մարդի որդի, ես քեզ դէտ դրի Իսրայէլի տան վերայ, եւ դու պիտի իմ բերանից խօսքը լսես եւ նորանց զգուշացնես իմ կողմանէ։
  • 9Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին իր ճանապարհիցը, որ նորանից ետ դառնայ, բայց նա ետ չ’դառնայ, նա իր անօրէնութեան համար կ’մեռնէ, բայց դու ազատած կ’լինես քո անձը։
  • 10Եւ դու, մարդի որդի, ասիր Իսրայէլի տանը. Դուք այսպէս էք խօսում եւ ասում թէ Մեր յանցանքներն ու մեր մեղքերը մեզ վերայ է, եւ մենք նորանցով մաշվում ենք. ուրեմն ինչպէս պիտի ապրենք։
  • 11Նորանց ասիր. Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ։ Դարձէք, դարձէք ձեր չար ճանապարհներիցը, եւ ի՞նչու համար դուք մեռնէք, ով Իսրայէլի տուն։
  • 12Եւ դու, մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը թէ Արդարի արդարութիւնը նորան չի փրկիլ երբոր նա յանցանք գործէ, եւ ամբարիշտը իր ամբարշտութիւնովը չի գլորուիլ՝ երբոր իր ամբարշտութիւնից ետ դառնայ, եւ արդարը չէ կարող իր արդարութիւնովը ապրիլ երբոր մեղանչէ։
  • 13Երբոր ես արդարին ասեմ թէ Նա անպատճառ պիտի ապրէ, եւ նա վստահանայ իր արդարութեան վերայ եւ անօրէնութիւն անէ. Նորա բոլոր արդարութիւնը պիտի չ’յիշուի, եւ այն իր արած անօրէնութիւնովը պիտի մեռնէ։
  • 14Բայց երբոր ամբարշտին ասեմ. Դու անպատճառ պիտի մեռնես, եւ նա ետ դառնայ իր մեղքիցը եւ իրաւունք ու արդարութիւն գործէ.
  • 15Ամբարիշտը գրաւը ետ դարձնէ, յափշտակածը հատուցանէ, կեանքի կանոններովը գնայ առանց անօրէնութիւն գործելու. Նա անշուշտ պիտի ապրէ եւ չ’պիտի մեռնէ։
  • 16Այն ամեն մեղքերը, որ նա արել էր, պիտի չ’յիշուին. Նա իրաւունք ու արդարութիւն գործեց. Նա անշուշտ պիտի ապրէ։
  • 17Եւ քո ժողովրդի որդիքը կ’ասեն. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. Բայց իրանց ճանապարհն է որ ուղիղ չէ։
  • 18Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն գործէ, այն ժամանակ նա պէտք է նորանցում մեռնէ։
  • 19Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, նա պէտք է ապրէ նորանցով։
  • 20Բայց դուք ասում էք թէ Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ, ես ձեզանից ամեն մէկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն։
  • 21Եւ եղաւ որ մեր գերութեան տասնեւերկուերորդ տարուայ տասներորդ ամսի հինգին մէկ ազատուած եկաւ ինձ մօտ Երուսաղէմից ասելով թէ Քաղաքը կոտրուեցաւ։
  • 22Եւ Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ այն իրիկունը ազատուածի գալուց առաջ եւ բացաւ իմ բերանը մինչեւ որ նա առաւօտը ինձ մօտ եկաւ, եւ բերանս բացուեցաւ եւ այլ եւս համր չէի։
  • 23Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 24Մարդի որդի, այս աւերակների բնակիչները Իսրայէլի երկրի վերայ ասում են թէ՝ Աբրահամը մէկ հատ մարդ էր եւ ժառանգեց երկիրը. Իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կ’տրուի իբրեւ ժառանգութիւն։
  • 25Դորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք արիւնովն էք ուտում եւ ձեր աչքերը բարձրացնում էք դէպի ձեր կուռքերը եւ արիւն էք թափում. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։
  • 26Դուք հաստատ կանգնած էք ձեր սրի վերայ, պղծութիւն էք անում, եւ ձեզանից ամեն մէկը իր ընկերի կնոջը պղծում է. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։
  • 27Այսպէս ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես, որ աւերակներումը եղողները սրով պիտի ընկնեն, եւ դաշտի վերայ եղողները գազաններին եմ տալիս իբրեւ նորանց կերակուր, եւ բերդերումն ու քարայրներումն եղողները ժանտախտով պիտի մեռնեն։
  • 28Եւ երկիրը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ պիտի փչանայ նորա զօրութեան հպարտութիւնը. Եւ ամայի պիտի դառնան Իսրայէլի սարերը որ անց կենող չ’լինի։
  • 29Եւ կ’իմանան որ ես եմ Տէրը, երբոր երկիրը ամայի ու ամայացած կ’անեմ նորանց արած բոլոր պղծութիւնների համար։
  • 30Իսկ դու, մարդի որդի, քո ժողովրդի որդիքը որ խօսակցում են քեզ դէմ պատերի մօտ եւ տների դռներումը եւ մէկզմէկի հետ խօսում են իրար ասելով. Մէկ եկէք ու լսեցէք թէ ինչ բան կայ դուրս եկած Տիրոջ կողմից։
  • 31Եւ նորանք քեզ մօտ կ’գան հէնց որ ժողովուրդը եկաւ եւ քո առաջին կ’նստեն իբրեւ իմ ժողովուրդ, եւ կ’լսեն քո խօսքերը, բայց նորանց չեն կատարիլ. Այլ նորանք իրանց բերանովը հաճութիւն ցոյց կ’տան, բայց նորանց սիրտն իրանց ագահութեան քամակիցն է գնում։
  • 32Եւ ահա դու նորանց համար քաղցր երգի պէս ես՝ գեղեցկաձայն եւ բարեյարմար. Եւ նորանք կ’լսեն քո խօսքերը, բայց նորանց կատարողները չեն։
  • 33Եւ երբոր սա կ’գայ, (ահա պիտի գայ), այն ժամանակ պիտի իմանան, որ իրանց միջումը մարգարէ է եղել։
← Ցանկ