ԵԶԵԿԻԵԼ37
  • 1Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ, եւ Տէրը ինձ դուրս հանեց հոգիով, եւ ինձ դուրս հանեց դաշտի մէջը, եւ դա լիքն էր ոսկորներով։
  • 2Եւ ինձ ման ածեց նորանց վերայ շուրջանակի, եւ ահա նորանք խիստ շատ էին դաշտի երեսի վերայ. Եւ ահա շատ չորացած էին։
  • 3Եւ ինձ ասեց. Մարդի որդի, մի՞թէ կ’կենդանանան այս ոսկորները. Եւ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, դու գիտես։
  • 4Եւ նա ինձ ասեց. Մարգարէացիր այս ոսկորների վերայ եւ ասիր նորանց. Ով չորացած ոսկորներ, լսեցէք Տիրոջ խօսքը.
  • 5Այսպէս է ասում Տէր Եհովան այս ոսկորներին. Ահա ես ձեր մէջը հոգի պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանք։
  • 6Եւ ձեզ վերայ ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ վերայ միս պիտի բերեմ եւ ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մէջը շունչ պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք. Եւ պիտի իմանաք որ ես եմ Տէրը։
  • 7Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուեցաւ. Եւ մի ձայն եղաւ հէնց որ մարգարէացայ, եւ ահա մի շարժում, եւ ոսկորները մօտեցան՝ ոսկոր ոսկորի մօտ։
  • 8Եւ տեսայ, եւ ահա նորանց վերայ ջիղեր եւ միս եկաւ, եւ մորթը պատեց նորանց վերեւիցը, սակայն շունչ չ’կար նորանց մէջ։
  • 9Եւ ինձ ասեց. Մարգարէացիր շունչին՝ մարգարէացիր, ով մարդի որդի, եւ ասիր շունչին. Այսպէս է ասում Տէր Եհովան, Չորս աշխարհակողմիցը եկ, ով շունչ, եւ փչիր այս սպանուածների վերայ որ կենդանանան։
  • 10Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուել էր, եւ շունչը նորանց մէջը մտաւ, եւ նորանք կենդանացան եւ կանգնեցին իրանց ոտների վերայ, եւ մի խիստ շատ մեծ բանակ էր։
  • 11Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայէլի տունն է. Ահա նորանք ասում են. Մեր ոսկորները չորացան եւ մեր յոյսը փչացաւ, մենք կորած ենք։
  • 12Դորա համար մարգարէացիր եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես պիտի բանամ ձեր գերեզմանները, եւ ձեզ՝ իմ ժողովուրդը դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններիցը, եւ ձեզ պիտի տանեմ Իսրայէլի երկիրը։
  • 13Եւ դուք կ’իմանաք որ ես եմ Տէրը, երբոր կ’բանամ ձեր գերեզմանները եւ ձեզ իբրեւ իմ ժողովուրդը կ’հանեմ ձեր գերեզմաններիցը։
  • 14Եւ ես իմ հոգին ձեր մէջը կ’դնեմ, եւ դուք կ’կենդանանք, եւ ես ձեզ կ’հանգստացնեմ ձեր երկրի վերայ, եւ դուք կ’իմանաք որ ես Տէրս խօսեցի եւ կատարեցի, ասում է Տէրը։
  • 15Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 17Եւ նորանց մօտեցրու միմեանց որ մէկ փայտ դառնան, եւ նորանք միանան քո ձեռքումը։
  • 18Եւ երբոր քո ժողովրդի որդիքը խօսեն քեզ հետ ասելով. Մեզ չե՞ս ասիլ թէ սա ի՞նչ է քո ունեցածը.
  • 19Նորանց ասիր թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու Յովսէփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, եւ նորա ընկեր Իսրայէլի ցեղերը, եւ նորանց նորա վերայ դնեմ Յուդայի փայտի հետ եւ նորանց մէկ փայտ եմ շինելու, եւ նորանք մէկ պիտի լինեն իմ ձեռքումը։
  • 20Եւ այն փայտերը, որոնց վերայ դու պիտի գրես, քո ձեռքին լինեն նորանց աչքի առաջին.
  • 21Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու Իսրայէլի որդկանցը այն ազգերի միջից, ուր որ իրանք գնացել են, եւ նորանց ժողովելու եմ շուրջանակի եւ բերելու եմ նորանց իրանց երկիրը։
  • 22Եւ նորանց մէկ ազգ եմ շինելու երկրումը Իսրայէլի սարերի վերայ եւ մէկ թագաւոր պիտի լինի նորանց ամենքի թագաւորը, եւ այլ եւս երկու ազգեր չեն լինիլ եւ այլ եւս պիտի չ’պառակտուին երկու թագաւորութիւնների։
  • 23Եւ այլ եւս պիտի չ’պղծուին իրանց կուռքերովն ու գարշելիներովը եւ իրանց բոլոր յանցանքներովը, եւ ես պիտի ազատեմ նորանց իրանց բոլոր բնակութիւններիցը, որոնց մէջ իրանք մեղք գործեցին, եւ նորանց պիտի սրբեմ, եւ նորանք կ’լինեն իմ ժողովուրդը եւ ես կ’լինեմ նորանց Աստուածը։
  • 24Եւ իմ ծառայ Դաւիթը՝ թագաւոր նորանց վերայ, եւ նորանց ամենին մէկ հովիւ կ’լինի. Եւ իմ իրաւունքների մէջ կ’գնան եւ իմ կանոնները կ’պահեն եւ նորանց կ’կատարեն։
  • 25Եւ ետ կ’դառնան այն երկիրը որ տուել եմ իմ ծառայ Յակոբին, ուր որ ձեր հայրերը բնակել էին. Եւ նորանք կ’բնակուեն նորա վերայ՝ իրանք եւ իրանց որդիքը եւ իրանց որդկանց որդիքը մինչեւ յաւիտեան, եւ իմ ծառայ Դաւիթը իշխան կ’լինի նորանց համար մինչեւ յաւիտեան։
  • 26Եւ նորանց համար խաղաղութեան ուխտ կ’դնեմ՝ յաւիտենական ուխտ կ’լինի նորանց հետ. Եւ նորանց պիտի հաստատեմ եւ շատացնեմ, եւ իմ սրբարանը նորանց մէջ դնեմ յաւիտեան։
  • 27Եւ իմ խորանը նորանց մօտ կ’լինի եւ ես նորանց Աստուած կ’լինեմ եւ նորանք իմ ժողովուրդը կ’լինեն։
  • 28Եւ ազգերը կ’իմանան որ ես եմ Տէրը՝ Իսրայէլին սրբողը, երբոր իմ սրբարանը նորանց մէջ կ’լինի յաւիտեան։
← Ցանկ