ԴԱՆԻԵԼ10
  • 1Պարսից Կիւրոս թագաւորի երրորդ տարին խօսք յայտնուեցաւ Դանիէլին, որի անունը Բաղդասասար էր կոչվում, եւ խօսքը ճշմարիտ էր եւ զօրքը մեծ. Եւ նա հասկացաւ խօսքը եւ տեղեկութիւն ունէր տեսիլքի համար։
  • 2Այն օրերը ես Դանիէլս սուգի մէջ էի երեք եօթնեակ օրեր.
  • 3Ախորժելի հաց չ’կերայ եւ միս ու գինի չ’մտաւ բերանս, եւ բնաւ չ’օծուեցայ մինչեւ որ երեք եօթնեակ օրերը լրացան։
  • 4Եւ առաջի ամսուայ քսանեւչորսերորդ օրը ես մեծ գետի՝ այսինքն Տիգրիսի եզերքին էի.
  • 5Եւ աչքերս բարձրացրի ու տեսայ, եւ ահա մէկ մարդ՝ կտաւ հագած եւ մէջքը գօտի կապած Ոփազի ոսկիից.
  • 6Եւ նորա մարմինը ոսկեքարի նման էր, եւ նորա դէմքը կայծակի երեւոյթին պէս եւ աչքերը կրակի բոցերի պէս եւ նորա բազուկներն ու ոտները փայլուն պղնձի տեսքի նման, եւ նորա խօսքերի ձայնը ամբոխի ձայնի պէս։
  • 7Եւ մինակ ես Դանիէլս էի տեսնում այս տեսիլքը, եւ այն մարդիկը՝ որոնք ինձ հետ էին, տեսիլքը չէին տեսնում, այլ մեծ երկիւղ ընկաւ նորանց վերայ եւ փախան թաքուստը։
  • 8Եւ ես մինակ մնացի եւ տեսայ այս մեծ տեսիլքը, եւ ինձանում զօրութիւն չ’մնաց, եւ իմ վայելչութիւնը փոխուեցաւ ապականութեան, եւ ես էլ ոյժ չ’ունեցայ։
  • 9Եւ լսեցի նորա խօսքերի ձայնը, եւ երբոր նորա խօսքերի ձայնը լսեցի, ես թմրած եղայ ընկայ երեսիս վերայ, եւ երեսս գետինն էր։
  • 10Եւ ահա մի ձեռք դպաւ ինձ, եւ կանգնեցրեց ինձ ծունկերիս եւ ձեռքերիս թաթերի վերայ,
  • 11Եւ ասեց ինձ. Ով Դանիէլ՝ ցանկալի մարդ, հասկացիր այն խօսքերը որ ես ասում եմ քեզ եւ կանգնիր կանգնած տեղդ, որովհետեւ հիմա քեզ մօտ ուղարկուեցայ. Եւ նա այս խօսքը ինձ հետ խօսելիս՝ ես կանգնեցի դողալով։
  • 12Եւ նա ինձ ասեց. Մի վախենար, ով Դանիէլ, որովհետեւ այն առաջի օրիցը որ սիրտ տուիր հասկանալու, եւ քո անձը խոնարհեցնելու քո Աստուծոյ առաջին, քո խօսքերը լսուելու են, եւ ես եկայ քո խօսքերի համար։
  • 13Եւ Պարսից թագաւորութեան իշխանը կանգնել էր իմ դիմացը քսանեւմէկ օր. Եւ ահա Միքայէլը՝ առաջի իշխաններից մէկը եկաւ ինձ օգնելու. Եւ ես մնացի այնտեղ Պարսից թագաւորի կշտին։
  • 14Եւ ես եկայ քեզ հասկացնելու թէ ինչ պիտի պատահէ քո ժողովրդին վերջի օրերումը, որովհետեւ տեսիլքը տակաւին այն օրերի համար է։
  • 15Եւ նա այսպէս խօսքեր ինձ հետ խօսելիս, ես երեսս դէպի գետինն արի եւ համր եղայ։
  • 16Եւ ահա մարդի որդկանց նմանութիւնով մէկը դպաւ շրթունքներիս, եւ ես բերանս բաց արի եւ խօսեցի եւ ասեցի իմ առաջը կանգնողին. Ով տէր իմ, այս տեսիլքովը ետ դառան դէպի ինձ իմ ցաւերը, եւ ես էլ ոյժ չ’ունեցայ։
  • 17Եւ ի՞նչպէս պիտի կարողանայ այս իմ տիրոջ ծառան խօսել այս իմ տիրոջ հետ. Որովհետեւ ինձանում հիմակուանից ոյժ չ’կայ, եւ ինձանում շունչ չ’մնաց։
  • 18Եւ կրկին դպաւ ինձ այն մարդի կերպարանք ունեցողը եւ ինձ զօրացրեց.
  • 19Եւ ասեց. Մի վախենար, ով ցանկալի մարդ, խաղաղութիւն քեզ, զօրացիր, զօրացիր. Եւ նա ինձ հետ խօսելիս ես զօրացայ եւ ասեցի. Թող խօսէ տէրս, որովհետեւ ինձ զօրացրիր։
  • 20Եւ նա ասեց. Գիտե՞ս թէ ինչու համար եկայ քեզ մօտ, եւ հիմա ետ պիտի դառնամ Պարսից իշխանի հետ պատերազմելու. Եւ ես դուրս եկած ժամանակը, ահա Յունաց իշխանը պիտի գայ։
  • 21Սակայն ես քեզ իմացնում եմ ճշմարտութեան գրքումը գրուածքը, եւ մէկը չ’կայ որ ինձ հետ զօրեղանայ սորանց դէմ բացի ձեր իշխան Միքայէլիցը։
← Ցանկ