ԴԱՆԻԵԼ3
  • 1Նաբուգոդոնոսոր թագաւորը մի ոսկի արձան շինեց՝ նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, լայնութիւնը վեց կանգուն. Նորան կանգնեցրեց Դուրայի դաշտումը Բաբիլոնի գաւառումը։
  • 2Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորը ուղարկեց որ հաւաքեն կուսակալներին, նախարարներին եւ կառավարիչներին, գլխաւոր դատաւորներին, գանձապետներին, խորհրդականներին, օրէնսգէտներին եւ գաւառների բոլոր իշխաններին, որ գան Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին։
  • 3Այն ժամանակ ժողովուեցան կուսակալները, նախարարները եւ կառավարիչները, գլխաւոր դատաւորները, գանձապետները, խորհրդականները, օրէնսգէտները եւ գաւառների բոլոր իշխանները Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին, եւ կանգնեցին այն արձանի առաջին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։
  • 4Եւ մունետիկը կանչում էր ուժով. Ձեզ են ասում, ով ժողովուրդներ, ազգեր եւ լեզուներ,
  • 5Երբոր լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք այն ոսկի արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագաւորը։
  • 6Եւ ով որ չ’ընկնէ եւ երկրպագութիւն չ’անէ, իսկոյն պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։
  • 7Ուրեմն երբոր լսեցին բոլոր ժողովուրդները փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնում էին բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները եւ երկրպագութիւն էին անում այն ոսկի արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագաւորը։
  • 8Այս պատճառով այն ժամանակին մօտեցան մի քանի Քաղդէացի մարդիկ եւ չարախօսութիւն արին Հրէաներից.
  • 9Խօսեցին եւ ասեցին Նաբուգոդոնոսոր թագաւորին.
  • 10Յաւիտեան կաց, արքայ. Դու, ով թագաւոր, հրաման արիր որ ամեն մարդ, որ լսէ փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնէ եւ երկրպագութիւն անէ ոսկի արձանին.
  • 11Եւ ով որ չ’ընկնէ եւ երկրպագութիւն չ’անէ, պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։
  • 12Մի քանի Հրէայ մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբիլոնի գաւառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը. Այս մարդիկը քո հրամանին չեն լսում, ով թագաւոր, քո աստուածներին չեն պաշտում, եւ քո կանգնեցրած ոսկի արձանին երկրպագութիւն չեն անում։
  • 14Նաբուգոդոնոսորը նորանց պատասխան տուաւ եւ ասեց. Նպատակո՞վ է, ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, որ դուք չէք պաշտում իմ աստուծուն, եւ իմ կանգնեցրած արձանին երկրպագութիւն չէք անում։
  • 15Արդ եթէ պատրաստ էք որ երբ լսէք փողի, սրնգի, քնարի ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք իմ շինած արձանին. Բայց եթէ երկրպագութիւն չ’անէք, իսկոյն պիտի գցուիք կրակով բորբոքուած հնոցի մէջը. Եւ ո՞ր աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից։
  • 16Եւ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Մենք պէտք չ’ունինք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։
  • 17Ահա մեր Աստուածը որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը. Եւ քո ձեռքիցն էլ, ով թագաւոր, նա մեզ կ’ազատէ։
  • 18Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում։
  • 19Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը լցուեցաւ բարկութիւնով, եւ նորա երեսի կերպարանքը փոխուեցաւ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի վերայ, պատասխանեց եւ հրամայեց, որ վառեն հնոցն եօթնապատիկ աւելի քան թէ սովոր էին վառել։
  • 20Եւ տղամարդիկների՝ զօրաւոր տղամարդիկների հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ գցեն կրակով բորբոքուած հնոցի մէջը։
  • 21Այն ժամանակ այս մարդիկը կապեցին իրանց անդրավարտիքներովը, պատմուճաններովը եւ վերարկուներովը եւ միւս հանդերձներովը եւ գցեցին կրակով բորբոքուած հնոցի մէջը։
  • 22Որովհետեւ թագաւորի խօսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառուած էր, այն մարդկանցը, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը.
  • 23Եւ այս երեք մարդիկը՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքուած հնոցի մէջը կապուած։
  • 24Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացաւ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջը՝ կապուած. Նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։
  • 25Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակուած ման են գալիս կրակի մէջը. Եւ վնաս չ’կայ նորանց վերայ. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։
  • 26Այն ժամանակ մօտեցաւ Նաբուգոդոնոսորը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, բարձրեալ Աստուծոյ ծառաներ, դուրս ելէք եկէք։ Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջիցը։
  • 27Եւ ժողովուեցան կուսակալները, նախարարները, եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տուին այն մարդկանցը, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրուել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխուել, եւ կրակի հոտն էլ չ’կար նորանց վերայ։
  • 28Նաբուգոդոնոսորը պատասխան տուաւ եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապաւինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրանց մարմինները տուին, որպէս զի չ’պաշտեն եւ չ’երկրպագեն ոչ մի աստուծոյ, բացի իրանց Աստուածանից։
  • 29Եւ ինձանից հրաման է դուրս գալիս, որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու որ սխալ բան ասէ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուծոյ դէմ, պիտի կտոր կտոր յօշատուի եւ նորա տունը աղբանոց պիտի դառնայ, որովհետեւ չ’կայ մի ուրիշ աստուած որ կարող լինի այսպէս ազատել։
  • 30Այն ժամանակ թագաւորը յաջողութիւն տուաւ Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին Բաբիլոնի գաւառումը։
← Ցանկ