ԴԱՆԻԵԼ5
  • 1Բաղդասար թագաւորը մեծ հացկերոյթ արաւ իր մեծամեծներից հազարի համար, եւ այն հազարի առաջին գինի խմեց։
  • 2Բաղդասարը, երբոր գինին ճաշակել էր, հրամայեց որ բերեն այն ոսկի եւ արծաթի անօթները, որոնք վեր էր առել նորա հայր Նաբուգոդոնոսորը Երուսաղէմի տաճարիցը, որ խմեն նորանցով թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը։
  • 3Այն ժամանակ բերին այն ոսկի անօթները, որ վեր էին առուել Երուսաղէմում եղող Աստուծոյ տաճարիցը, եւ նորանցով խմեցին թագաւորը եւ նորա մեծամեծները, նորա կանայքը եւ նորա հարճերը։
  • 4Գինին խմեցին եւ գովեցին ոսկի եւ արծաթի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին։
  • 5Նոյն ժամումը դուրս եկան մարդի ձեռքի մատեր եւ գրեցին աշտանակին հանդէպ թագաւորական պալատի պատի ծեփի վերայ, եւ թագաւորը տեսաւ այն ձեռքի թաթը որ գրում էր։
  • 6Այն ժամանակ թագաւորի գոյնը փոխուեցաւ, եւ նորա խորհուրդները նորան խռովեցրին, եւ նորա մէջքի յօդերը լուծվում էին, եւ նորա ծունկերը մէկզմէկու էին խփվում։
  • 7Թագաւորը աղաղակեց ուժով, որ բերեն հմայողներին, Քաղդէաներին եւ բաղդ նայողներին. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Բաբիլոնի իմաստուններին. Ով որ կարդայ այս գրուածքը եւ մեկնութիւնը ինձ իմացնէ, նա ծիրանի պիտի հագնէ եւ ոսկի մանեակ նորա պարանոցին, եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան պիտի լինի։
  • 8Այն ժամանակ եկան թագաւորի բոլոր իմաստունները, բայց չ’կարողացան գրուածքը կարդալ եւ մեկնութիւնը իմացնել թագաւորին։
  • 9Այն ժամանակ Բաղդասար թագաւորը սաստիկ խռովեցաւ, եւ նորա գոյնը փոխուեցաւ նորա վերայ, եւ նորա մեծամեծները սարսափեցին։
  • 10Թագուհին խնջոյքի տունը եկաւ թագաւորի եւ նորա մեծամեծների խօսքի պատճառովը. Թագուհին պատասխանեց եւ ասեց. Արքայ, յաւիտեան կաց, քո խորհուրդները քեզ չ’խռովեցնեն եւ գոյնդ չ’փոխուի։
  • 12Որովհետեւ մի գերազանց հոգի եւ գիտութիւն եւ հանճար կայ նորանում երազներ մեկնելու, խրթնաբանութիւնները յայտնելու եւ կնճիռներ լուծելու, այդ Դանիէլումը, որի անունը թագաւորը Բաղդասասար դրաւ. Թող կանչուի Դանիէլը եւ նա կ’իմացնէ մեկնութիւնը։
  • 13Այն ժամանակ Դանիէլը տարուեցաւ թագաւորի առաջին. Թագաւորը պատասխանեց եւ ասեց Դանիէլին. Դո՞ւ ես Դանիէլը այն Հրէայ գերիներից, որոնց իմ հայր թագաւորը բերաւ Հրէաստանից։
  • 14Եւ ես լսել եմ քո մասին թէ աստուածների հոգի կայ քեզանում, եւ լոյս ու հանճար եւ գերազանց իմաստութիւն կայ քեզ մօտ.
  • 15Եւ հիմա իմ առաջին իմաստուններ, հմայողներ բերուեցան, որ այս գրուածքը կարդային եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնէին. Բայց չ’կարողացան իմացնել այս խօսքի մեկնութիւնը.
  • 16Եւ ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնել մեկնութիւն եւ կնճիռներ լուծել. արդ եթէ կարող ես կարդալ գրուածքը եւ նորա մեկնութիւնը ինձ իմացնել, ծիրանի կ’հագնես եւ ոսկի մանեակ՝ պարանոցիդ վերայ. Եւ թագաւորութեան մէջ երրորդ իշխան կ’լինես։
  • 17Այն ժամանակ Դանիէլը պատասխանեց եւ ասեց թագաւորի առաջին. Պարգեւներդ քեզ լինեն, եւ ընծաներդ ուրիշի տուր. Իսկ ես կ’կարդամ գրուածքը թագաւորի համար եւ մեկնութիւնը կ’իմացնեմ իրան։
  • 18Դու, ով թագաւոր, Բարձրեալն Աստուած թագաւորութիւն եւ մեծութիւն եւ փառք ու պատիւ տուաւ քո հօրը՝ Նաբուգոդոնոսորին։
  • 19Եւ այն մեծութիւնից, որ տուել էր նորան, բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները դողում եւ վախենում էին նորա առաջին. Որին որ ուզում էր՝ սպանում էր, եւ որին որ ուզում էր՝ ապրեցնում էր, եւ որին որ ուզում էր՝ բարձրացնում էր, եւ որին որ ուզում էր՝ ցածացնում էր։
  • 20Բայց երբոր նորա սիրտը հպարտացաւ եւ նորա հոգին խստացաւ ամբարտաւանութեամբ, նա ընկաւ իր թագաւորութեան աթոռիցը, եւ նորա պատիւը առնուեցաւ նորանից։
  • 21Եւ մարդկանց որդիների միջից արտաքսուեցաւ, եւ նորա սիրտը անասունների պէս եղաւ, եւ նորա բնակութիւնը վայրի էշերի հետ էր, արջառների պէս խոտ էին ուտեցնում նորան, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը, մինչեւ որ իմացաւ որ բարձրեալ Աստուածն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ, եւ որին որ ուզում է՝ դնում է նորա վերայ։
  • 22Եւ դու նորա որդի, Բաղդասար, չ’խոնարհեցրիր քո սիրտը, թէեւ այս ամենը գիտէիր.
  • 23Այլ երկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր եւ նորա տան անօթները բերին քո առաջին, եւ դու ու քո մեծամեծները եւ քո կանայքն ու քո հարճերը գինի խմեցիք նորանցով, եւ արծաթի ու ոսկի, պղնձի, երկաթի, փայտի եւ քարի աստուածներին գովեցիր, որոնք ոչ տեսնում են, ոչ լսում եւ ոչ իմանում. Բայց այն Աստուծուն, որի ձեռքին է քո շունչը եւ որինն են քո բոլոր ճանապարհները, չ’փառաւորեցիր.
  • 24Այն ժամանակ այն ձեռքի թաթը ուղարկուեցաւ նորա առաջից, եւ այս գրուածքը նկարուեցաւ։
  • 25Եւ այս է այն նկարուած գրուածքը. ՄԱՆԷ, ՄԱՆԷ, ԹԵԿԷՂ ՈՒ ՓԱՐՍԻՆ։
  • 26Այս է խօսքի մեկնութիւնը. Մանէ, Աստուած համարել է քո թագաւորութիւնը եւ նորան վերջացրել.
  • 27Թեկէղ, կշռուեցար կշիռքով եւ պակաս գտնուեցար.
  • 28Փարէս, բաժանուեցաւ քո թագաւորութիւնը եւ տրուեցաւ Մարաց եւ Պարսից։
  • 29Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, եւ Դանիէլին ծիրանի հագցրին, եւ ոսկի մանեակ՝ նորա պարանոցին, եւ մունետիկ կանչել տուին նորա մասին, որ երրորդ իշխան լինի թագաւորութեան մէջ։
  • 30Նոյն գիշերը Քաղդէացիների Բաղդասար թագաւորը սպանուեցաւ։
  • 31Եւ Մարաց Դարեհը առաւ թագաւորութիւնը՝ երբոր վաթսունեւերկու տարեկանի չափ էր։
← Ցանկ