ԹՎՈՑ35
  • 1Եւ Եհովան Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Պատուիրիր Իսրայէլի որդկանցը որ իրանց ժառանգութեան կալուածքից Ղեւտացիներին բնակուելու քաղաքներ տան. Նաեւ քաղաքների բոլորքումն եղած արուարձանները Ղեւտացիներին տաք։
  • 3Եւ քաղաքները բնակութեան համար լինեն նորանց համար եւ արուարձանները նորանց արջառների համար, նորանց հօտերի եւ նորանց անասունների համար։
  • 4Եւ քաղաքների արուարձանները, որ Ղեւտացիներին էք տալու, քաղաքի պարսպիցը դուրս շուրջանակի հազար կանգուն լինեն։
  • 6Եւ այն քաղաքներիցը որ Ղեւտացիներին էք տալու՝ այն վեց ապաստանի քաղաքները որոշէք, որ սպանողը այնտեղ փախչէ, եւ բացի սորանցից քառասունեւերկու քաղաք տաք։
  • 7Բոլոր քաղաքները որ Ղեւտացիներին էք տալու քառասունեւութը քաղաք լինի. Նորանք իրանց արուարձաններովը տաք։
  • 8Եւ այն քաղաքները որ Իսրայէլի որդկանց կալուածքիցը պիտի տաք, շատիցը շատ եւ քիչիցը քիչ առնէք. Ամեն մէկն իր առած ժառանգութեան չափովը իր քաղաքներիցը Ղեւտացիներին տայ։
  • 9Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 10Իսրայէլի որդկանց հետ խօսիր եւ նորանց ասիր. Երբոր Յորդանանիցը Քանանի երկիրն անց կենաք,
  • 11Այն ժամանակ ձեզ համար քաղաքներ որոշէք, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որ այնտեղ փախչէ սխալմամբ մարդ զարկող սպանողը։
  • 12Եւ այն քաղաքները ձեզ համար ապաստանարան լինեն վրէժխնդիրիցը. Եւ սպանողը՝ դատաստանի համար ժողովքի առաջին չ’երեւացած՝ չ’մեռնի։
  • 13Եւ այն քաղաքները, որ պիտի տաք, վեց ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար։
  • 14Քաղաքների երեքը Յորդանանի այս կողմումը տաք, եւ քաղաքների երեքը Քանանի երկրումը տաք, նորանք ապաստանի քաղաքներ լինեն։
  • 15Այս վեց քաղաքները Իսրայէլի որդկանց համար եւ օտարականի եւ ձեր միջի պանդխտի համար ապաստանարան լինեն, որ այնտեղ փախչէ ամեն ով որ սխալմամբ մարդ մեռցնէ։
  • 16Եւ եթէ մէկը երկաթի գործիքով մէկին զարկէ որ մեռնէ, նա մարդասպան է. Մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։
  • 17Կամ եթէ մէկը մի մահառիթ բռնաքարով մէկին զարկէ որ մեռնէ, նա մարդասպան է. Մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։
  • 18Կամ եթէ մէկը ձեռքով գործածուելու փայտեղէն մահառիթ գործիքով զարկէ՝ որ մեռնէ, նա մարդասպան է. Մարդասպանը անպատճառ պիտի մեռցնուի։
  • 19Արիւնի վրէժխնդիրը մեռցնէ մարդասպանին, երբոր նորան հանդիպէ՝ թող մեռցնէ նորան։
  • 20Եւ եթէ նա թշնամութեամբ հրէ նորան կամ նենգութեամբ նորա վերայ մի բան ձգելով նորան մեռցնելու լինի,
  • 21Կամ եթէ թշնամութեան պատճառով ձեռքովը զարկէ նորան, որ մեռնէ. Զարկողը անպատճառ մեռցնուի, նա մարդասպան է. Արիւնի վրէժխնդիրը նորան մեռցնէ երբոր մարդասպանին հանդիպէ։
  • 22Բայց եթէ յանկարծ առանց թշնամութեան հրէ նորան, կամ թէ առանց նենգութեան նորա վերայ մէկ գործիք գցէ,
  • 23Կամ թէ նորա վերայ մի ինչ որ մահառիթ քար գցէ առանց տեսնելու, որ նա մեռնէ, եւ նա նորան թշնամի չէ եւ նորա չարիքը չէր ուզում,
  • 24Այն ժամանակ ժողովքը սպանողին եւ արիւնի վրէժխնդրին մէջ տեղը այս օրէնքների համեմատ դատաստան անէ.
  • 25Եւ ժողովքը ազատէ սպանողին արիւնի վրէժխնդրի ձեռքից, եւ ժողովքը նորան դարձնէ իր ապաւինած ապաստանի քաղաքը, եւ նա այնտեղ բնակուէ, մինչեւ որ սուրբ իւղով օծուած քահանայապետը մեռնէ։
  • 26Բայց եթէ սպանողն իր ապաւինած ապաստանի քաղաքի սահմանիցն երբէք դուրս դուրս գայ,
  • 27Եւ արիւնի վրէժխնդիրը նորան իր ապաստանի քաղաքի սահմանիցը դուրս գտնէ եւ արիւնի վրէժխնդիրը սպանողին մեռցնելու լինի, մահապարտ չ’համարուի.
  • 28Որովհետեւ նա պէտք է իր ապաստանի քաղաքումը նստէր մինչեւ որ քահանայապետը մեռնէր. Եւ քահանայապետի մեռնելուց յետոյ սպանողն իր կալուածքի երկիրը դառնայ։
  • 29Սորանք ձեզ համար դատաստանի կանոններ լինեն ձեր ազգերումը ձեր բոլոր բնակութիւնների մէջ։
  • 30Ով որ մարդ մեռցնէ, սպանողը վկաների բերանով մեռցնուի, բայց միայն մէկ մարդ չ’վկայէ մի անձի դէմ նորան մեռցնելու համար։
  • 31Եւ մահապարտ սպանողի կեանքի համար փրկանք չ’առնէք. Որովհետեւ նա պատճառ պիտի մեռցնուի։
  • 32Եւ ապաստանի քաղաքը փախչողի համար փրկանք չ’առնէք, որ նա ետ դառնայ իր քաղաքը եւ նստէ քահանայապետի մահիցն առաջ։
  • 33Եւ ձեր բնակած երկիրը չ’պղծէք, որովհետեւ արիւնը պղծում է երկիրն եւ նորա մէջ թափուած արիւնի համար երկրին քաւութիւն չի լինիլ, բայց միայն նորան թափողի արիւնովը։
  • 34Ուրեմն ձեր բնակած երկիրը չ’պղծէք, որի մէջ ես պիտի բնակուեմ. Որովհետեւ ես Եհովաս բնակվում եմ Իսրայէլի որդկանց մէջ։
← Ցանկ