ՂՈՒԿԱՍ19
  • 1Եւ մտած՝ Երիքովի միջովն անցնում էր։
  • 2Եւ ահա մի մարդ՝ անունով Զաքէոս կոչուած, որ նա մաքսապետ էր, եւ ինքը հարուստ էր։
  • 3Եւ ուզում էր Յիսուսին տեսնել թէ ով է, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում. Որովհետեւ հասակով կարճ էր։
  • 4Եւ առաջ վազեց՝ վեր ելաւ մի ժանտաթզենի, որ տեսնէ նորան. Որովհետեւ այնտեղովը պիտի անցնէր։
  • 5Եւ երբոր այն տեղն եկաւ, Յիսուսը վեր նայեց եւ նորան ասեց. Զաքէ, շուտ արա իջիր. Որովհետեւ ինձ այսօր պէտք է քո տանը կենալ։
  • 6Նա էլ շտապելով իջաւ եւ ուրախութիւնով ընդունեց նորան։
  • 7Եւ բոլոր տեսնողները տրտնջում էին եւ ասում թէ Մեղաւոր մարդի մօտ մտաւ հանգիստ առնելու։
  • 8Զաքէոսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասեց. Տէր, ահա իմ ինչքերի կէսն աղքատներին կ’տամ. եւ եթէ մէկին զրպարտութիւնով զրկել եմ՝ չորեքպատիկ կ’վճարեմ։
  • 9Յիսուսն էլ նորան ասեց թէ Այսօր փրկութիւն եղաւ այս տանը. որովհետեւ սա էլ Աբրահամի որդի է.
  • 10Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ որոնէ եւ ապրեցնէ կորածին։
  • 11Եւ դեռ որ նորանք այս բաները լսում էին, մի առակ աւելացրեց եւ ասեց, որովհետեւ Երուսաղէմին մօտենում էր, եւ նորանք կարծում էին, թէ Աստուծոյ արքայութիւնը իսկոյն յայտնուելու է։
  • 12Ապա ասեց. Մի ազնուական գնաց հեռու երկիր, որ թագաւորութիւն առնէ իրան համար եւ ետ դառնայ։
  • 13Եւ իր տասը ծառաներին կանչեց, տասը մնաս տուաւ նորանց, եւ ասեց նորանց. Բանեցրէք մինչեւ որ գամ։
  • 14Բայց նորա քաղաքացիներն ատում էին նորան. Եւ նորա ետեւիցը պատգամաւորներ ուղարկեցին եւ ասեցին. Չենք ուզում որ դա թագաւորէ մեզ վերայ։
  • 15Եւ եղաւ՝ որ նա թագաւորութիւնն առած ետ դառաւ եւ ասեց որ կանչեն այն ծառաներին, որոնց տուել էր արծաթը, որ իմանայ թէ ով ինչ շահուեցաւ։
  • 16Եւ առաջինն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը շահեց տասը մնաս։
  • 17Եւ նորան ասեց. Լաւ, բարի ծառայ, որովհետեւ քիչումը հաւատարիմ եղար, տասը քաղաքի վերայ իշխանութիւն ունեցիր։
  • 18Եւ երկրորդն եկաւ եւ ասեց. Տէր, քո մնասը հինգ մնաս շահեց։
  • 19Նորան էլ ասեց. Դու էլ հինգ քաղաքի վերայ եղիր։
  • 20Եւ ուրիշն էլ եկաւ եւ ասեց. Տէր, ահա քո մնասը՝ որ վարշամակի մէջ պատած պահում էի։
  • 21Որովհետեւ վախենում էի քեզանից. Որովհետեւ դու խիստ մարդ ես. Վեր ես առնում ինչ որ չես դրել, եւ հնձում ես ինչ որ չես սերմել.
  • 23Էլ ի՞նչու իմ արծաթը սեղանաւորներին չ’տուիր, որ ես գայի շահով ետ առնէի նորան։
  • 24Եւ այնտեղ կանգնողներին ասեց. Առէք դորանից մնասը, եւ տուէք տասը մնասն ունեցողին։
  • 25Եւ նորան ասեցին. Տէր, տասը մնաս ունի։
  • 26Սորա համար ասում եմ ձեզ, թէ ամեն ունեցողին կ’տրուի. Եւ չունեցողիցը ինչ էլ որ ունի, վեր կ’առնուի։
  • 27Իսկ այն իմ թշնամիներին, որ չէին ուզում, որ ես նորանց վերայ թագաւորեմ, այստեղ բերէք եւ սպանեցէք իմ առաջին։
  • 28Եւ երբոր այս ասեց, առաջ գնաց, որ վեր ելնէ Երուսաղէմ։
  • 29Եւ եղաւ երբոր Բեթփագէին եւ Բեթանիային մօտեցաւ, այն սարին մօտ որ Ձիթենեաց սար է կոչվում, իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց.
  • 30Գնացէք այդ դիմացի գիւղը, եւ երբոր մէջը մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք, որի վերայ երբէք ոչ մի մարդ նստած չէ. Նորան արձակեցէք բերէք։
  • 31Եւ եթէ մէկը հարցնէ ձեզ՝ թէ Ի՞նչու էք արձակում, նորան այսպէս ասեցէք թէ Տիրոջը պէտք է սա։
  • 32Ուղարկուածներն էլ երբոր գնացին, այնպէս գտան ինչպէս նորանց ասեց։
  • 33Եւ նորանք աւանակն արձակելիս՝ նորա տէրերն ասեցին նորանց. Ի՞նչու էք արձակում այդ աւանակը։
  • 34Նորանք էլ ասեցին. Տիրոջը պէտք է սա։
  • 35Եւ նորան բերին Յիսուսի մօտ. եւ իրանց հանդերձները աւանակի վերայ գցեցին, եւ Յիսուսին հեծեցրին։
  • 36Եւ նորա գնալու ժամանակին իրանց հանդերձները փռում էին ճանապարհի վերայ։
  • 37Եւ երբոր նա արդէն մօտեցաւ Ձիթենեաց սարի զառիվայրին, աշակերտների բոլոր բազմութիւնն ուրախութիւնով սկսեց օրհնել Աստուծուն բարձր ձայնով՝ այն բոլոր զօրութիւնների համար որ տեսել էին։
  • 38Եւ ասում էին. Օրհնեալ է Տիրոջը անունովն եկող թագաւորը. խաղաղութիւն լինի երկնքումը եւ փառք բարձունքներումը։
  • 39Եւ Փարիսեցիներից ոմանք ժողովրդի միջիցը նորան ասեցին. Վարդապետ, յանդիմանիր աշակերտներիդ։
  • 40Եւ նա պատասխանեց եւ ասեց՝ Ասում եմ ձեզ՝ որ եթէ սորանք լռեն, քարերն են աղաղակելու։
  • 41Եւ երբոր մօտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերայ եւ ասեց.
  • 42Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. Բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը։
  • 43Որովհետեւ օրեր կ’գան քեզ վերայ, եւ քո թշնամիները չորս կողմովդ պատնէշ կ’պատեն, եւ կ’պաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կ’նեղացնեն.
  • 44Եւ հիմնայատակ կ’անեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջումը. Եւ չեն թողիլ քո միջումը քար քարի վերայ. փոխանակ որ չ’ճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը։
  • 45Եւ տաճարը մտաւ սկսեց դուրս հանել նորանում ծախողներին եւ առնողներին.
  • 46Եւ նորանց ասեց. Գրուած է թէ Իմ տունն աղօթքի տուն է, եւ դուք նորան աւազակների այր էք արել։
  • 47Եւ ամեն օր սովորեցնում էր նորանց տաճարումը. բայց քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի գլխաւորներն ուզում էին կորցնել նորան։
  • 48Եւ չէին գտնում թէ ինչ անեն. Որովհետեւ բոլոր ժողովուրդը նորանից կախուած էր լսելով։
← Ցանկ