ՀՈՎՀԱՆՆԵՍ4
  • 1Եւ երբոր Տէրն իմացաւ, որ Փարիսեցիները լսեցին, թէ Յիսուսը աւելի աշակերտներ է անում եւ մկրտում քան թէ Յովհաննէսը,
  • 2(Թէպէտեւ Յիսուսը ինքը չէր մկրտում՝ այլ նորա աշակերտները.)
  • 3Հրէաստանի երկիրը թողեց եւ դարձեալ եկաւ Գալիլեա։
  • 4Եւ պէտք էր որ Սամարիայի միջովն անցնէր։
  • 5Արդ նա Սամարիայի մի քաղաքն եկաւ, անունը Սիւքար, այն տեղի մօտ, որ Յակոբը տուաւ իր որդի Յովսէփին։
  • 6Եւ Յակոբի մի աղբիւրը կար այնտեղ. Եւ Յիսուսը ճանապարհիցը վաստակած այն աղբիւրի վերայ նստեց. Եւ ժամը վեցին դէմ էր։
  • 7Արդ Սամարիայից մի կին եկաւ, որ ջուր հանէ. Յիսուսը նորան ասեց. Ինձ ջուր տուր խմեմ։
  • 8Որովհետեւ նորա աշակերտները քաղաքն էին գնացել, որ կերակուր առնեն։
  • 9Սամարացի կինն էլ ասեց նորան. Դու որ Հրէայ ես, ի՞նչպէս ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ. Որովհետեւ Հրէաները չեն խառնվում Սամարացիների հետ։
  • 10Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Եթէ Աստուծոյ պարգեւը գիտենայիր, եւ թէ ով է նա, որ քեզ ասում է, թէ Տուր ինձ խմել, ապա դու նորանից կ’խնդրէիր, եւ նա կենդանի ջուր կ’տար քեզ։
  • 11Կինը նորան ասեց. Տէր, դու դոյլ էլ չ’ունիս, եւ հորը խոր է. Ապա ո՞րտեղից ունիս կենդանի ջուրը։
  • 12Մի՞թէ դու աւելի մեծ ես քան է մեր հայր Յակոբը, որ այս հորը տուաւ մեզ. Եւ ինքը սորանից խմեց, եւ նորա որդիքը եւ նորա անասունները։
  • 13Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան, Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կ’ծարաւի. Բայց ով որ խմէ այն ջրիցը որ ես կ’տամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ։
  • 14Այլ այն ջուրը, որ ես կ’տամ նորան, ջրի աղբիւր կ’լինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ։
  • 15Կինը նորան ասեց. Տէր, տուր ինձ այն ջուրը, որ չ’ծարաւիմ, եւ չ’գամ այստեղ ջուր հանելու։
  • 16Յիսուսը նորան ասեց. Գնա կանչիր քո մարդին, եւ եկ այստեղ։
  • 17Կինը պատասխանեց եւ ասեց. Ես մարդ չ’ունիմ. Յիսուսը նորան ասեց. Լաւ ասեցիր թէ Մարդ չ’ունիմ.
  • 18Որովհետեւ դու հինգ մարդ ես ունեցել, եւ նա որ հիմա ունիս, քո մարդը չէ. Դա ճշմարիտ ասեցիր։
  • 19Կինը նորան ասեց. Տէր, տեսնում եմ որ դու մարգարէ ես։
  • 20Մեր հայրերը այս սարումը երկրպագութիւն արին. Եւ դուք ասում էք, թէ Երուսաղէմումն է այն տեղն, ուր պէտք է երկրպագութիւն անել։
  • 21Յիսուսը նորան ասեց. Կին, հաւատա ինձ, որ ժամանակ կ’գայ, որ այն ժամանակ ոչ այս սարումը կ’երկրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը։
  • 22Դուք երկրպագում էք նորան, որ դուք չ’գիտէք. Մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է։
  • 23Բայց ժամանակ կ’գայ, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտութիւնով կ’երկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։
  • 24Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն։
  • 25Կինն ասեց նորան. Գիտեմ, որ Մեսիան պիտի գայ (որ Քրիստոս է կոչվում). Երբոր նա կ’գայ, ամեն բան կ’պատմէ մեզ։
  • 26Յիսուսը նորան ասեց. Ես եմ, որ քեզ հետ խօսում եմ։
  • 27Եւ սորա վերայ եկան նորա աշակերտները, եւ զարմանում էին, որ կնկայ հետ խօսում էր. Բայց ոչ ոք չ’ասեց, Ի՞նչ ես ուզում, կամ ի՞նչ ես խօսում դորա հետ։
  • 28Կինն էլ իր կուժը թողեց, եւ գնաց քաղաք, եւ մարդկանց ասեց.
  • 29Եկէք տեսէք մի մարդ, որ ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ. Արդեօք նա՞ է Քրիստոսը։
  • 30Եւ դուրս ելան քաղաքիցը, եւ նորա մօտ էին գալիս։
  • 31Եւ այն միջոցին աշակերտները խնդրում էին նորան եւ ասում. Ռաբբի, կեր։
  • 32Նա էլ ասեց նորանց. Ես կերակուր ունիմ ուտելու, որ դուք չ’գիտէք։
  • 33Աշակերտներն էլ իրար ասում էին. Արդեօ՞ք մի մարդ դորան բան բերաւ ուտելու։
  • 34Յիսուսն ասեց նորանց. Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ։
  • 35Մի՞թէ դուք չէք ասում, թէ Դեռ չորս ամիս կայ, եւ հունձքը կ’գայ. Ահա ես ասում եմ ձեզ. Բարձրացրէք ձեր աչքերը, եւ տեսէք արտերը, որ սպիտակացել են եւ արդէն հնձին հասել։
  • 36Եւ հնձողը վարձք է առնում, եւ յաւիտենական կեանքի մէջ պտուղ ժողովում. Որ սերմողը եւ հնձողը իրար հետ ուրախանան։
  • 37Որովհետեւ սորանում ճշմարիտ է այն խօսքը, թէ Ուրիշ է սերմողը, եւ ուրիշ է հնձողը։
  • 38Ես ուղարկեցի ձեզ հնձել այն, որ դուք չ’աշխատեցիք. Ուրիշներն աշխատեցին, եւ դուք նորանց աշխատանքի մէջը մտաք։
  • 39Եւ Սամարացիների այն քաղաքիցը շատերը հաւատացին նորան այն կնկայ խօսքի համար, որ վկայում էր, թէ Ասեց ինձ բոլորը ինչ որ գործել էի։
  • 40Արդ երբոր Սամարացիները նորա մօտ եկան, նորան աղաչեցին, որ իրանց մօտ մնայ. Եւ երկու օր մնաց այնտեղ։
  • 41Եւ էլ շատերը հաւատացին նորան՝ նորա խօսքի համար։
  • 42Եւ այն կնկան էլ ասում էին, թէ Այլ եւս քո խօսքերի պատճառով չենք հաւատում. Որովհետեւ մենք ինքներս լսեցինք, եւ գիտենք որ ճշմարտապէս սա է աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը։
  • 43Եւ երկու օրից յետոյ այնտեղից դուրս եկաւ գնաց Գալիլեա։
  • 44Որովհետեւ Յիսուսն ինքը վկայեց, թէ Մարգարէն իր հայրենիքումը պատիւ չ’ունի։
  • 45Բայց երբոր Գալիլեա եկաւ, Գալիլեացիներն ընդունեցին նորան. տեսնելով այն բոլորն, որ տօնին արաւ Երուսաղէմումը. Որովհետեւ նորանք էլ եկել էին այն տօնին։
  • 46Եւ Յիսուսը դարձեալ եկաւ Գալիլեայի Կանան, ուր ջուրը գինի արաւ. Մի ազնուական մարդ կար, որի որդին Կափառնայումի մէջ հիւանդ էր։
  • 47Նա լսելով թէ Յիսուսը Հրէաստանիցն եկել է Գալիլեա, եկաւ նորա մօտ եւ աղաչում էր, որ իջնէ եւ իր որդուն բժշկէ. Որովհետեւ մեռնելու մօտ էր։
  • 48Յիսուսն էլ նորան ասեց, Եթէ նշաններ եւ հրաշքներ չ’տեսնէք՝ չէք հաւատալ։
  • 49Ազնուականը նորան ասեց. Տէր, իջիր դեռ քանի որ չէ մեռել երեխաս։
  • 50Յիսուսը նորան ասեց. Գնա, քո որդին կենդանի է. Եւ մարդը հաւատաց այն խօսքին՝ որ Յիսուսը նորան ասեց, եւ գնաց։
  • 51Եւ դեռ որ իջնում էր, նորա ծառաները նորան դիմաւորեցին եւ աւետիս տուին եւ ասեցին թէ Քո տղան կենդանի է։
  • 52Նա էլ նորանց հարցնում էր այն ժամի համար, որ նորանում սկսեց լաւանալ. Եւ նորան ասեցին թէ Երէկ ժամը եօթին տենդը թողեց նորան։
  • 53Այն ժամանակ հայրն իմացաւ, թէ նոյն ժամին է, որ Յիսուսը նորան ասեց թէ Քո որդին կենդանի է. Եւ հաւատաց ինքը եւ նորա բոլոր տունը։
  • 54Սա դարձեալ երկրորդ նշանն արաւ Յիսուսը, երբոր Հրէաստանիցն եկաւ Գալիլեա։
← Ցանկ