ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ7
  • 1Եւ քահանայապետն ասեց թէ Արդեօք այդ բաներն այդպէ՞ս են։
  • 2Նա էլ ասեց. Մարդիկ՝ եղբայրներ եւ հայրեր, լսեցէք. Փառքի Աստուածն երեւեցաւ մեր հայր Աբրահամին, որ Միջագետումն էր, դեռ Խառանի մէջ չ’բնակուած. Եւ ասեց նորան.
  • 3Դուրս եկ քո երկրիցը եւ քո ազգիցը, եւ եկ այն երկիրն՝ որ ես ցոյց կ’տամ քեզ։
  • 4Այն ժամանակ Քաղդէացիների երկրիցը դուրս եկաւ՝ Խառանումը բնակուեց. Եւ այն տեղից նորա հօր մեռնելուց յետոյ՝ նորան փոխադրեց պանդխտացրեց այս երկրումը, որ նորանում դուք հիմա բնակուած էք։
  • 5Եւ սորանում ժառանգութիւն չ’տուաւ նորան, եւ ոչ էլ մի ոտքի քայլի տեղ, եւ խոստացաւ նորան այս տեղը ստացուացք տալ նորան. Եւ նորանից յետոյ՝ նորա զաւակին, նա դեռ որդի չ’ունեցած։
  • 6Եւ Աստուած այսպէս խօսեց. թէ Նորա զաւակը պանդուխտ կ’լինի օտար երկրի մէջ. Եւ կ’ծառայեցնեն նորան, եւ կ’չարչարեն չորս հարիւր տարի։
  • 7Եւ այն ազգին, որին կ’ծառայեն, նորան ես կ’դատեմ, ասեց Աստուած. Եւ սորանից յետոյ դուրս կ’գան՝ եւ այստեղ ինձ կ’պաշտեն։
  • 8Եւ նորան թլփատութեան ուխտը տուաւ. եւ յետոյ Իսահակին ծնեց, եւ ութերորդ օրը թլփատեց նորան. Եւ Իսահակը Յակոբին, եւ Յակոբը տասնեւերկու նահապետներին։
  • 9Եւ նահապետները նախանձելով Յովսէփին վերայ ծախեցին Եգիպտոս. եւ Աստուած նորա հետ էր։
  • 10Եւ փրկեց նորան իր բոլոր նեղութիւններիցը. Եւ նորան շնորհք եւ իմաստութիւն տուաւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի առաջին. Եւ նորան իշխան կանգնեցրեց Եգիպտոսի եւ իր բոլոր տան վերայ։
  • 11Եւ սով եկաւ Եգիպտոսի բոլոր երկիրը՝ եւ Քանանն էլ, եւ մեծ նեղութիւնը. Եւ մեր հայրերը կերակուր չէին գտնում։
  • 12Եւ Յակոբը լսելով թէ Եգիպտոսումը ցորեն կայ, մեր հայրերին ուղարկեց առաջին անգամը։
  • 13Եւ երկրորդումը Յովսէփն իրան ճանաչել տուաւ իր եղբայրներին. Եւ Յովսէփի ազգը յայտնի եղաւ Փարաւօնին։
  • 14Յովսէփն էլ ուղարկեց եւ կանչեց իր հայր Յակոբին, եւ բոլոր ազգատոհմին՝ եօթանասունեւհինգ հոգի։
  • 15Եւ Յակոբն իջաւ Եգիպտոս, եւ վախճանեց ինքը եւ մեր հայրերը։
  • 16Եւ փոխադրուեցան Սիւքեմ, դրուեցան այն գերեզմանում, որ Աբրահամը Սիւքեմի հայր Եմովրի որդիներիցն առաւ արծաթով։
  • 17Եւ երբոր խոստմունքի ժամանակը մօտեցաւ՝ որ Աստուած Աբրահամին երդումով խոստացել էր, ժողովուրդը աճեց եւ շատացաւ Եգիպտոսումը.
  • 18Մինչեւ որ մի ուրիշ թագաւոր վերկացաւ Եգիպտոսումը՝ որ Յովսէփին չէր ճանաչում։
  • 19Նա հնարք գործածեց մեր ազգի դէմ, եւ մեր հայրերին չարչարեց՝ որ իրանց երեխաները դուրս գցեն, որ չ’ապրեն։
  • 20Որ այն ժամանակ Մովսէսն էլ ծնուեցաւ, եւ գեղեցիկ էր Աստուծոյ առաջին. Որ իր հօր տանն երեք ամիս կերակրուեցաւ։
  • 21Եւ երբ որ դուրս գցեցին նորան, Փարաւօնի աղջիկը վեր առաւ նորան եւ մեծացրեց նորան՝ իրան համար իբրեւ որդի։
  • 22Եւ Մովսէսը վարժուեցաւ Եգիպտացիների բոլոր իմաստութիւնովը. եւ զօրաւոր էր խօսքերով եւ գործերով։
  • 23Եւ երբոր նորա քառասուն տարեկան ժամանակը լրացաւ, նորա սրտի մէջ ընկաւ՝ որ իր եղբայրներին՝ Իսրայէլի որդիներին այցելութիւն անէ։
  • 24Եւ երբոր տեսաւ, որ նորանցից մէկը զրկուած էր, պաշտպանեց եւ այն զրկուածի վրէժն առաւ՝ Եգիպտացուն սպանելով։
  • 25Կարծում էր թէ նորա եղբայրները կ’իմանան, որ Աստուած նորա ձեռովը փրկութիւն պիտի տայ նորանց. Բայց նորանք չ’իմացան։
  • 26Եւ հետեւեալ օրն երեւեցաւ նորանց, որ կռիւ էին անում, եւ յորդորեց նորանց դէպի խաղաղութիւն, ասելով. Մարդիկ, դուք եղբայրներ էք, ի՞նչու էք իրար զրկում։
  • 27Բայց նա՝ որ ընկերին զրկում էր, մերժեց նորան եւ ասեց. Քեզ ո՞վ կանգնեցրեց մեզ վերայ իշխան եւ դատաւոր։
  • 28Մի՞թէ դու կամենում ես ինձ էլ սպանել, ինչպէս երէկ Եգիպտացուն սպանեցիր։
  • 29Եւ Մովսէսը փախաւ այս խօսքի վերայ, եւ պանդուխտ եղաւ Մադիամի երկրումը, ուր երկու որդի ծնեց։
  • 30Եւ երբոր քառասուն տարի լրացաւ, Սինա սարի անապատումը Տիրոջ հրեշտակն երեւեցաւ նորան կրակի բոցով, մորենումը։
  • 31Եւ Մովսէսն երբոր տեսաւ՝ զարմացաւ այն տեսիլքի համար, եւ երբոր մօտենում էր որ մտիկ անէ, Տիրոջ ձայնը եղաւ նորան.
  • 32Ես եմ քո հայրերի Աստուածը, Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. Եւ Մովսէսը զարհուրած չէր համարձակում նայել։
  • 33Եւ Տէրն ասեց նորան. Կօշիկներդ հանիր ոտներիցդ, որովհետեւ այդ տեղը որ դու կանգնել ես, սուրբ երկիր է։
  • 34Տեսնելով տեսայ իմ ժողովրդի չարչարանքները որ Եգիպտոսումն է, եւ լսեցի նորանց հառաչանքը եւ իջայ որ նորանց փրկեմ. Եւ հիմա եկ, քեզ ուղարկեմ Եգիպտոս։
  • 35Հէնց այն Մովսէսին՝ որին ուրացան եւ ասեցին. Քեզ ո՞վ կանգնեցրեց մեզ վերայ իշխան եւ դատաւոր, Աստուած նորան իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի ձեռովը, որ մորենումն երեւեցաւ նորան։
  • 36Նա հանեց նորանց՝ եւ հրաշքներ եւ նշաններ արաւ Եգիպտոսի երկրումը, եւ Կարմիր ծովումը, եւ անապատումը քառասուն տարի։
  • 37Սա այն Մովսէսն է, որ ասեց Իսրայէլի որդկանցը, Ձեր Տէր Աստուածը մի մարգարէ վեր կ’կացնէ ձեզ համար ձեր եղբայրներիցն ինձ նման. նորան լսեցէք։
  • 38Սա է՝ որ եղաւ ժողովրդի մէջ անապատումն այն հրեշտակի հետ, որի հետ Սինա սարումը խօսեց՝ եւ մեր հայրերի հետ. որ կենդանի պատգամներ առաւ՝ որ տայ մեզ։
  • 39Որին մեր հայրերը չ’կամեցան հնազանդ լինիլ. Այլ մերժեցին եւ իրանց սրտերովը ետ դառան Եգիպտոս.
  • 40Եւ Ահարօնին ասեցին. Մեզ համար աստուածներ շինիր, որ մեր առաջին գնան. Որովհետեւ այն Մովսէսն՝ որ Եգիպտոսի երկրիցը մեզ հանեց, չ’գիտենք թէ ի՞նչ եղաւ նորան։
  • 41Եւ այն օրերումը մի հորթ շինեցին, եւ զոհ մատուցրին կուռքին եւ ուրախանում էին իրանց ձեռքերի գործերովը։
  • 42Եւ Աստուած երեսը դարձրեց եւ նորանց մատնեց՝ որ երկնքի զօրութեանը պաշտեն. Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքումն. Մի՞թէ զոհեր եւ պատարագներ բերիք ինձ քառասուն տարի անապատումն, ով Իսրայէլի տուն.
  • 43Եւ Մողոքի վրանն առաք, եւ ձեր Հռեմփա աստուծոյ աստղն. Այն պատկերները որ արիք նորանց երկրպագութիւն տալու համար. Եւ ես ձեզ կ’փոխադրեմ Բաբիլոնից այն կողմը։
  • 44Վկայութեան խորանը մեր հայրերի հետ անապատումն էր. Ինչպէս հրաման տուաւ Մովսեսի հետ խօսողը, որ նորան անէ այն օրինակի պէս՝ որ տեսաւ։
  • 45Որ նորան մեր հայրերն էլ առան բերին Յեսուի հետ այն ազգերի կալուածքը, որ Աստուած դուրս արաւ մեր հայրերի երեսիցը. Մինչեւ Դաւիթի օրերը,
  • 46Որ Աստուծոյ առաջին շնորհք գտաւ, եւ խնդրեց՝ որ Յակոբի Աստուծոյ համար բնակարան գտնէ։
  • 47Բայց Սողոմոնը նորա համար տուն շինեց.
  • 48Սակայն Բարձրեալը ոչ թէ ձեռագործ տաճարներում է բնակվում. Ինչպէս մարգարէն ասում է,
  • 49Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրն իմ ոտների պատուանդան. Ի՞նչպիսի տուն պիտի շինէք ինձ համար, ասում է Տէրը, կամ ո՞րն է իմ հանգիստ առնելու տեղը։
  • 50Չէ՞ որ իմ ձեռն արաւ այս ամենը։
  • 51Խստապարանոցներ՝ եւ սրտերով եւ ականջներով չ’թլփատուածներ. Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. Ինչպէս ձեր հայրերը այնպէս էլ դուք։
  • 52Մարգարէներից ո՞րին չ’հալածեցին ձեր հայրերը, եւ սպանեցին նորանց՝ որ առաջուց պատմեցին այն Արդարի գալստեան համար, որի դուք հիմա մատնիչներն եւ սպանողներն եղաք.
  • 53Որ օրէնքն առաք հրեշտակների մատակարարութեամբն, եւ չ’պահեցիք։
  • 54Եւ այս խօսքերը լսելով, իրանց սրտերումը կատաղում էին, եւ ատամները կրճտացնում էին նորա վերայ։
  • 55Իսկ նա լցուած Սուրբ Հոգով՝ դէպի երկինքը նայեց եւ Աստուծոյ փառքը տեսաւ, եւ Յիսուսին՝ կանգնած Աստուծոյ աջ կողմումը. Եւ ասեց. Ահա տեսնում եմ երկինքը բացուած, եւ Մարդի Որդին կանգնած Աստուծոյ աջ կողմումը։
  • 56Իսկ նորանք մեծաձայն աղաղակելով խփեցին իրանց ականջները, եւ միասին յարձակուեցան նորա վերայ։
  • 57Եւ քաղաքիցը դուրս հանելով նորան քարկոծում էին. եւ վկաներն իրանց հանդերձները դնում էին մի երիտասարդի ոտների մօտ՝ որ Սօղոս էր կոչվում։
  • 58Եւ քարկոծում էին Ստեփաննոսին, որ կանչում էր եւ ասում. Տէր Յիսուս, ընդունիր իմ հոգին։
  • 59Եւ ծունկ դրաւ՝ եւ բարձր ձայնով աղաղակեց. Տէր, այդ մեղքը մի համարիր դորանց համար. եւ այս ասելով ննջեց. եւ Սօղոս կամակից էր նորա սպանուելուն։
  • 60Եւ այն օրերումը մեծ հալածմունք եղաւ Երուսաղէմումը լինող եկեղեցու վերայ. Եւ ամենքը ցրուեցան Հրէաստանի եւ Սամարիայի երկիրների մէջ, բացի առաքեալներից։
← Ցանկ