ՀՌՈՎՄԵԱՑԻՍ13
  • 1Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. Եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած։
  • 2Ուրեմն իշխանութեանը հակառակողը Աստուծոյ հրամանին է հակառակում. Եւ հակառակողներն իրանց անձերին դատաստան կ’ընդունին։
  • 3Որովհետեւ իշխանները բարի գործերի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի. Կամենո՞ւմ ես որ իշխանութիւնիցը չ’վախենաս, բարին գործիր, եւ նորանից գովասանք կ’ընդունիս։
  • 4Որովհետեւ սպասաւոր է նա Աստուծոյ քեզ համար դէպի բարին. Ապա եթէ չարը գործես՝ վախեցիր. Որովհետեւ զուր տեղը սուրը չէ կրում. Որովհետեւ նա սպասաւոր է Աստուծոյ՝ վրէժխնդիր բարկութիւն բերելու չարը գործողի համար։
  • 5Վասնորոյ պէտք է հնազանդ լինել՝ ոչ միայն բարկութեան համար, այլ խղճմտանքի համար էլ։
  • 6Սորա համար հարկ էլ էք վճարում. Որովհետեւ նորանք սպասաւորներ են Աստուծոյ որ իսկ այս բանին հոգ են տանում։
  • 7Ուրեմն ամենին վճարեցէք եղած պարտքը. Ում որ հարկ պարտ էք՝ հարկը, ում որ մաքս՝ մաքսը, ում որ վախ՝ վախը, ում որ պատիւ՝ պատիւը։
  • 8Ոչ ովի ոչինչ պարտական չ’մնաք՝ բացի իրար սիրելուց. որովհետեւ ընկերին սիրողը՝ օրէնքը կատարել է։
  • 9Վասն զի այն Մի շնարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, եւ Մի ցանկանարը, եւ ուրիշ ինչ պատուիրանք էլ որ կայ, այս խօսքումն է բովանդակվում, Քո ընկերը սիրիր քո անձի պէս։
  • 10Սէրն իր ընկերին չար չի անիլ. Ուրեմն օրէնքի լրումը սէրն է։
  • 11Եւ այս արէք իմանալով ժամանակը. Որ ժամ է արդէն քնիցն զարթնել. Որովհետեւ հիմա մեզ աւելի մօտ է փրկութիւնը՝ քան թէ այն ժամանակ՝ որ հաւատացինք։
  • 12Գիշերն անցաւ գնաց, եւ ցերեկը մօտեցել է. ուրեմն դէն գցենք խաւարի գործերը, եւ հագնենք լոյսի զէնքերը։
  • 13Ինչպէս ցերեկումը՝ պարկեշտութեամբ ման գանք. ոչ թէ անառակութիւններով եւ արբեցութիւններով եւ խառն անկողիններով եւ պղծութիւններով, ոչ հակառակութիւնով եւ ոչ նախանձով։
  • 14Բայց Տէր Յիսուս Քրիստոսին հագէք. եւ մարմնի համար խնամք մի տանիք դէպի ցանկութիւն։
← Ցանկ