ՀՌՈՎՄԵԱՑԻՍ2
  • 2Բայց մենք գիտենք, որ Աստուծոյ դատաստանը ճշմարտութեամբ է նորանց վերայ, որ այսպիսի բաներ գործում են։
  • 3Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, եւ որ դու նոյնն ես գործում, մի՞թէ կարծում ես՝ թէ դու կ’պրծնիս Աստուծոյ դատաստանիցը։
  • 4Կամ թէ նորա քաղցրութեան առատութիւնը եւ համբերութիւնը եւ երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. չ’գիտենալով որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։
  • 5Բայց դու քո խստութիւնովը եւ անզեղջ սրտովը բարկութիւն ես կիտում քո անձի համար՝ բարկութեան եւ այն Աստուծոյ արդար դատաստանի յայտնութեան օրումը,
  • 6Որ նա ամեն մէկին իր գործերի պէս հատուցումը կ’տայ.
  • 7Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք.
  • 8Բայց նորանց՝ որ հակառակութիւնից են՝ եւ ճշմարտութեան անհնազանդ եւ անիրաւութեան ետեւից գնացած, բարկութիւն եւ սրտմտութիւն.
  • 9Նեղութիւն եւ տառապանք այն ամեն մարդի վերայ՝ որ չարութիւն է գործում. առաջ Հրէայի՝ եւ յետոյ Յոյնի։
  • 10Իսկ փառք եւ պատիւ եւ խաղաղութիւն ամեն բարի գործողին. Առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։
  • 11Որովհետեւ Աստուծոյ մօտ աչառութիւն չ’կայ։
  • 12Որովհետեւ նորանք՝ որ առանց օրէնքի մեղք գործեցին, առանց օրէնքի էլ կ’կորչեն. Եւ նորանք՝ որ օրէնքի տակ մեղք գործեցին օրէնքով կ’դատուին։
  • 13(Որովհետեւ ոչ թէ օրէնքը լսողներն են Աստուծոյ առաջին արդար, այլ օրէնքը կատարողները կ’արդարանան։
  • 14Ուրեմն երբոր հեթանոսները՝ որ օրէնք չ’ունին՝ բնութեամբ օրէնքի գործերն անեն, սորանք թէեւ օրէնք չ’ունին իրանք են իրանց համար օրէնք.
  • 15Որոնք ցոյց են տալիս թէ օրէնքի գործը նորանց սրտերումը գրուած է՝ նորանց խղճմտանքի վկայութիւնովը, եւ իրանց խորհուրդների իրար յանդիմանելովը, կամ թէ իրաւունք տալովը.)
  • 16Այն օրը՝ որ Աստուած մարդկանց ծածուկ բաները կ’դատէ իմ աւետարանի համեմատ Յիսուս Քրիստոսի ձեռովը։
  • 17Ահա դու Հրէայ ես անուանվում, եւ կռթնվում ես օրէնքի վերայ, եւ պարծենում ես Աստուծով։
  • 18Եւ նորա կամքը գիտես, եւ զանազանում ես տարբեր բաները օրէնքիցը խրատուած լինելով,
  • 19Եւ քո անձի վերայ վստահութիւն ունիս՝ որ կոյրերի առաջնորդ ես. Եւ խաւարեալների լոյս.
  • 20Անմիտների խրատիչ, երեխաների վարդապետ. Որ օրէնքի գիտութեան եւ ճշմարտութեան կերպարանքն ունիս օրէնքումը.
  • 21Արդ դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում. Դու որ քարոզում ես չ’գողանալ, գողանո՞ւմ ես։
  • 22Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում. Դու՝ որ կռքերիցը գարշում ես՝ սրբապղծութի՞ւն ես անում։
  • 23Դու՝ որ օրէնքովը պարծենում ես, օրէնքին դէմ գործելով Աստուծուն անարգո՞ւմ ես։
  • 24Որովհետեւ Աստուծոյ անունը ձեր պատճառովը հայհոյվում է հեթանոսների մէջ, ինչպէս եւ գրուած է։
  • 25Արդ թլփատութիւնը շահաւոր է՝ թէ որ օրէնքը պահող ես. Ապա եթէ օրէնքի դէմ յանցաւոր ես, քո թլփատութիւնն անթլփատութիւն եղաւ։
  • 26Բայց թէ որ անթլփատութիւնն օրէնքի իրաւունքները պահէ, չէ՞ որ նորա անթլփատութիւնը՝ թլփատութիւն կ’համարուի։
  • 27Եւ ի բնէ անթլփատութիւնը՝ օրէնքը կատարելով կ’դատապարտէ քեզ, որ գրով եւ թլփատութիւնով օրէնքի դէմ յանցաւոր ես.
  • 28Որովհետեւ նա չէ Հրէայ՝ որ դրսի երեւույթով է, եւ այն չէ թլփատութիւնը՝ որ մարմնով դրսի երեւոյթով է.
  • 29Այլ նա՝ որ ծածուկ Հրէայ է, եւ սրտի թլփատութիւնը հոգով՝ եւ ոչ թէ գրով. որի գովասանքը ոչ թէ մարդկանցից է, այլ Աստուածանից։
← Ցանկ