Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ3
  • 1Դարձեալ սկսում ե՞նք մեր անձերը յանձնարարել. Կամ թէ ոմանց պէս պէտք են մեզ յանձնարարական թղթեր ձեզ վերայ՝ կամ ձեզանից յանձնարարականներ։
  • 2Մեր թուղթը դուք էք՝ մեր սրտի մէջ գրուած՝ ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած։
  • 3Դուք յայտնի էք թէ Քրիստոսի թուղթն էք՝ մեր ծառայութիւնովը եղած. Եւ գրուած՝ ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստուծոյ Հոգովը. ոչ թէ քարի տախտակների վերայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ։
  • 4Եւ այսպիսի վստահութիւն ունինք առ Աստուած Քրիստոսի ձեռովը։
  • 5Ոչ թէ մենք մեզանից բաւական ենք մի բան միտք անելու ինչպէս մեզանից, այլ մեր բաւական լինելն Աստուածանից է.
  • 6Որ մեզ բաւական էլ արաւ Նոր Կտակարանի պաշտօնեայք լինելու՝ ոչ թէ գրի, այլ հոգու. որովհետեւ գիրն սպանում է, այլ հոգին կենդանացնում է։
  • 7Բայց եթէ մահի պաշտօնը գրով քարերի վերայ փորուած՝ փառքով եղաւ, մինչեւ որ Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար, որ խափանուող էր,
  • 8Ո՞րքան աւելի հոգու պաշտօնը փառքով չ’լինի։
  • 9Որովհետեւ եթէ դատապարտութեան պաշտօնը փառքով էր, ապա ո՞րքան աւելի արդարութեան պաշտօնը փառքով է։
  • 11Որովհետեւ եթէ այն խափանուողը փառքով էր, ո՞րքան աւելի փառքով է հաստատ մնացողը։
  • 12Արդ այսպիսի յոյս ունենալով շատ համարձակութեամբ ենք վարվում։
  • 13Եւ ոչ թէ ինչպէս Մովսէսն իր երեսի վերայ քօղ էր գցում՝ որ Իսրայէլի որդիքը չ’նայեն խափանուելիք բաների վախճանին.
  • 14Բայց նորանց միտքը կուրացաւ. Որ մինչեւ այս օրուայ օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վերայ վեր չ’առնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է։
  • 15Այլ մինչեւ այսօր երբոր Մովսէսին կարդում են, մի քօղ ընկած է նորանց սրտերի վերայ։
  • 16Բայց երբոր դէպի Տէրը կ’դառնան, այն քօղը վեր կ’առնուի։
  • 17Որովհետեւ Տէրն է Հոգին. Որտեղ որ Տիրոջ Հոգին է՝ այնտեղ է ազատութիւն։
  • 18Բայց մենք ամենս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպէս հայելու մէջ տեսնելով՝ նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք, ինչպէս թէ Տիրոջ Հոգուցը։
← Ցանկ