Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ5
  • 1Որովհետեւ գիտենք որ եթէ մեր վրանի երկրաւոր շինուածքը քանդուի, Աստուածանից մի շինուածք ունինք՝ անձեռագործ մի տուն, որ յաւիտենական է երկնքումը։
  • 2Եւ հէնց սորանում հառաչում ենք ցանկանալով հագնել մեր այն բնակութիւնը որ երկնքիցն է։
  • 3Միայն թէ՝ երբոր այն հագնենք, մերկ չ’գտնուինք։
  • 4Որովհետեւ մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք ծանրութիւն կրելով. Որ չենք կամենում հանուիլ, այլ այն սորա վերայ հագնել. Որ մահկանացուն կեանքի մէջ ընկղմուի։
  • 5Բայց այս բանը մեզ յաջողել տուողը Աստուած է. որ Հոգու գրաւն էլ տուաւ մեզ։
  • 6Նորա համար ամեն ժամանակ համարձակութիւն ունինք, եւ գիտենք թէ այս մարմնումը կենալով՝ Տէրիցը օտարանում ենք։
  • 7(Որովհետեւ հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով։)
  • 8Բայց վստահ ենք եւ աւելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել։
  • 9Նորա համար էլ ջանք ենք անում, որ թէ կենանք՝ եւ թէ դուրս գնանք՝ հաճոյ լինենք նորան։
  • 10Որովհետեւ մենք ամենս պէտք է յայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին. որ ամեն մէկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թէ բարի, եւ թէ չար։
  • 11Արդ Տիրոջ ահաւորութիւնը գիտենալով, մարդկանց համոզում ենք. բայց Աստուծոյ առաջին յայտնի ենք. Եւ ես յոյս ունիմ՝ որ ձեր խղճմտանքումն էլ յայտնի ենք։
  • 13Որովհետեւ եթէ գժուած ենք՝ Աստուծոյ համար է. Եւ եթէ զգաստ ենք՝ ձեզ համար է։
  • 14Վասնզի Քրիստոսի սէրը ստիպում է մեզ՝ որ սա ենք միտք անում, թէ եթէ մէկն ամենի տեղ մեռաւ, ուրեմն ամենը մեռած են.
  • 15Եւ ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ։
  • 16Ուրեմն այսուհետեւ մենք ոչ ոքին չ’գիտենք՝ մարմնի կողմանէ. Եւ թէեւ Քրիստոսին էլ գիտէինք մարմնի կողմանէ, այլ հիմա այլ եւս չ’գիտենք։
  • 17Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։
  • 18Բայց այն ամենն Աստուածանից է. որ մեզ իրան հետ հաշտեցրեց Յիսուս Քրիստոսի ձեռովը. Եւ մեզ հաշտութեան պաշտօնը տուաւ։
  • 19Որովհետեւ Աստուած էր Քրիստոսումը որ աշխարհքը հաշտեցրեց իրան հետ, եւ նորանց յանցանքները չ’համարեց նորանց եւ հաշտութեան խօսքը մեր միջումը դրաւ։
  • 20Արդ Քրիստոսի կողմից պատգամաւորութիւն ենք անում, իբրեւ թէ Աստուած է յորդորում մեզանով. Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծոյ հետ։
  • 21Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չ’գիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում։
← Ցանկ