ՓԻԼԻՊՊԵՑԻՍ1
  • 1Պօղոս եւ Տիմոթէոս՝ Յիսուս Քրիստոսի ծառաները. Ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը, որ Փիլիպպէումն են, եպիսկոպոսների եւ սարկաւագների հետ.
  • 2Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 3Գոհանում եմ իմ Աստուածանից ամեն ժամանակ որ ձեզ յիշում եմ,
  • 4Որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներումը ձեր ամենի համար աղօթք եմ անում ուրախութիւնով.
  • 5Ձեր աւետարանին հաղորդ լինելու համար այն առաջի օրիցը մինչեւ հիմա։
  • 6Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կ’կատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։
  • 7Ինչպէս որ պէտք է ինձ մտածել այս բանը ձեր ամենի համար. Որովհետեւ ձեզ իմ սրտի մէջ ունիմ իմ կապանքներումը, եւ աւետարանի ջատագովութեան եւ հաստատութեան ժամանակ. որ դուք ամենդ ինձ հետ շնորհքին հաղորդ եղաք։
  • 8Վասնզի Աստուած ինձ վկայ է, թէ ինչպէս ձեր ամենիդ փափաքում եմ Յիսուս Քրիստոսի գութովը.
  • 9Եւ սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով.
  • 10Որ դուք լաւագոյնն ընտրէք, որ մաքուր լինիք եւ առանց գայթակղութեան Քրիստոսի օրումը,
  • 11Արդարութեան պտուղներով լցուած՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը, Աստուծոյ փառքի եւ գովասանքի համար։
  • 12Կամենում եմ, եղբարք, որ գիտենաք, թէ ինչ բան որ իմ մասին եղաւ, աւելի աւետարանի յառաջադիմութեան համար յաջողուեցաւ։
  • 13Մինչեւ որ իմ կապանքները Քրիստոսումը յայտնի եղան բոլոր պալատին եւ ուրիշ ամենին էլ.
  • 14Եւ Տէրումը եղբայրներից շատերը իմ կապանքներովը քաջալերուած աւելի համարձակ եղան Աստուծոյ խօսքը առանց վախի խօսելու։
  • 15Ոմանք նախանձով եւ հակառակութեան պատճառով, եւ ոմանք էլ բարեյօժար մտքով քարոզում են Քրիստոսին։
  • 16Եւ ոմանք հակառակութիւնից են քարոզում Քրիստոսին, եւ ոչ թէ անկեղծ. կարծելով թէ իմ կապանքների վերայ նեղութիւն բերեն։
  • 17Իսկ ոմանք սէրից. Գիտենալով որ Աւետարանի ջատագովութեան համար կանգնած եմ։
  • 18Բայց ի՞նչ. Ինչ կերպով էլ որ լինի, թէ պատճառանքով՝ եւ թէ ճշմարտութիւնով՝ Քրիստոսն է քարոզվում. Եւ սորա համար ուրախ եմ՝ եւ ուրախ էլ կ’լինիմ։
  • 19Վասնզի գիտեմ, թէ այս բանը վերջապէս ինձ փրկութեան պատճառ կ’լինի ձեր աղօթքովը՝ եւ Յիսուս Քրիստոսի Հոգու ձեռնտուութիւնովը։
  • 20Իմ ակնկալութեան եւ յոյսի համեմատ ոչ մի բանով ամօթ չեմ լինիլ, այլ բոլոր համարձակութիւնով ինչպէս ամեն ժամանակ, հիմա էլ Քրիստոսը փառաւորուի իմ մարմնումը, թէ կեանքով եւ թէ մահով։
  • 21Վասնզի ինձ համար կեանքը Քրիստոս է, եւ մեռնիլը՝ շահ։
  • 22Բայց եթէ մարմնի մէջ ապրիլը իմ գործիս պտուղ է բերում, էլ չ’գիտեմ՝ թէ ո՞րն ընտրեմ։
  • 23Երկու կողմից էլ նեղ տեղ եմ. Փափաքելով դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել. Որ շատ աւելի լաւ է.
  • 24Բայց մարմնումը կենալը աւելի հարկաւոր է ձեզ համար։
  • 25Եւ հաստատ համոզուած սա գիտեմ. Որ կ’կենամ եւ կ’մնամ ձեր ամենի հետ, որ դուք զարգանաք եւ ուրախ լինիք հաւատքով։
  • 26Որ ձեր պարծանքը աւելի լինի Քրիստոս Յիսուսով ինձանով՝ իմ դարձեալ ձեզ մօտ գալու համար։
  • 28Եւ ոչ մի բանով մի զարհուրիք հակառակորդներիցը, որ դա նորանց համար նշան է կորուստի, եւ ձեզ համար՝ փրկութեան։
  • 29Եւ ձեզ Աստուածանից այդ շնորհք եղաւ Քրիստոսի համար, ոչ միայն հաւատալ նորան, այլ նորա համար չարչարուիլ էլ։
  • 30Նոյն պատերազմն ունենալով՝ որ ինձանում տեսաք, եւ հիմա ինձանից լսում էք։
← Ցանկ