ԿՈՂՈՍԱՑԻՍ3
- 1Արդ եթէ Քրիստոսի հետ յարութիւն առաք, ապա խնդրեցէք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստուծոյ աջ կողմը։
- 2Վերինները մտածեցէք, ոչ թէ երկրի վերայինները.
- 3Վասն զի դուք մեռաք՝ եւ ձեր կեանքը ծածկուած է Քրիստոսի հետ Աստուծոյ մէջ։
- 4Բայց երբոր Քրիստոս՝ մեր կեանքը կ’յայտնուի, այն ժամանակ դուք էլ նորա հետ կ’յայտնուիք փառքով։
- 5Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը, չար ցանկութիւնը, եւ ագահութիւնը որ կռապաշտութիւն է։
- 6Որոնց համար Աստուծոյ բարկութիւնը գալիս է անհնազանդութեան որդիների վերայ,
- 7Որոնց մէջ դուք էլ մի ժամանակ գնացել էք, երբոր կենդանի էիք նորանցում։
- 8Բայց հիմա դուք էլ դէն դրէք այն ամենը, բարկութիւնը, սրտմտութիւնը, չարութիւնը, հայհոյութիւնը, ամօթալի խօսքերը ձեր բերանիցը։
- 9Սուտ մի խօսիք իրար հետ. հանեցէք հին մարդն իր գործերովը։
- 10Եւ հագէք նոր մարդը որ նորոգուած է գիտութիւնով իր ստեղծողի պատկերի պէս։
- 11Ուր ոչ Յոյն կայ եւ ոչ Հրէայ, ոչ թլփատութիւն՝ եւ ոչ անթլփատութիւն, խուժ դուժ, Սկիւթացի, ծառայ, ազատ. բայց Քրիստոսն է ամենը եւ ամենի մէջ։
- 12Ուրեմն հագէք՝ ինչպէս Աստուծոյ ընտրուածներ՝ սուրբեր եւ սիրելիներ ողորմասիրտ գթածութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, երկայնմտութիւն.
- 13Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք.
- 14Եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան կապն է։
- 15Եւ Աստուծոյ խաղաղութիւնը իշխէ ձեր սրտերումը, որի մէջ էլ կանչուեցաք մէկ մարմնով, եւ գոհացող եղէք։
- 16Քրիստոսի խօսքը բնակուի ձեր միջումն առատապէս ամեն իմաստութիւնով. Իրար սովորեցրէք եւ խրատեցէք, սաղմոսներով եւ օրհնութիւններով եւ հոգեւոր երգերով եւ շնորհքով օրհներգեցէք Տիրոջը ձեր սրտերումը։
- 17Եւ ամեն ինչ որ էլ անէք խօսքով կամ գործով, ամենը Տէր Յիսուսի անունովն արէք, գոհութիւն տալով Աստուծուն եւ Հօրը նորա ձեռովը։
- 18Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, ինչպէս կ’վայելէ Տէրումը։
- 19Մարդիկ, սիրեցէք ձեր կանանցը, եւ դառն մի լինիք նորանց դէմ։
- 20Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. Վասն զի այդ հաճոյ է Տիրոջը։
- 21Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին։
- 22Ծառաներ, հնազանդ եղէք ամեն բանի մէջ ձեր մարմնաւոր տէրերին ոչ թէ աչքի առաջ ծառայութիւն անելով մարդահաճոյների պէս. Բայց սրտի միամտութեամբ Աստուածանից վախենալով։
- 23Եւ ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց.
- 24Գիտենալով որ Տէրիցը կ’առնէք ժառանգութեան հատուցումը. վասնզի Տէր Քրիստոսին էք ծառայում։
- 25Բայց անիրաւը հատուցում կ’ստանայ իր արած անիրաւութեան համար. աչառութիւն չ’կայ։