Ա ՏԻՄՈԹԵՈՍ2
  • 1Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն ամեն մարդկանց համար,
  • 2Թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար. Որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով։
  • 3Որովհետեւ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստուծոյ առաջին,
  • 4Որ կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան։
  • 5Որովհետեւ մէկ Աստուած կայ, եւ մէկ միջնորդ Աստուծոյ եւ մարդկանց մէջ Քրիստոս Յիսուս մարդը,
  • 6Որ իր անձը ամենի համար փրկանք տուաւ, որ վկայութիւն լինի իր ժամանակներումը։
  • 7Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ (ճշմարիտն եմ ասում, սուտ չեմ խօսում). հեթանոսների վարդապետ՝ հաւատքի եւ ճշմարտութեան մէջ։
  • 8Արդ կամենում եմ, որ մարդիկ ամեն տեղ աղօթք անեն, սուրբ ձեռքեր վեր բարձրացնեն առանց բարկութեան եւ երկմտութեան։
  • 9Այնպէս էլ կանայքը վայելուչ հագուստով ամօթխածութիւնով եւ պարկեշտութիւնով իրանց անձերը զարդարեն, ոչ թէ հիւսուածներով, կամ ոսկիով կամ մարգարիտներով կամ թանգագին հանդերձներով.
  • 10Այլ ինչպէս կ’վայելէ աստուածպաշտութիւնը յանձն առած կանանց՝ բարի գործերով։
  • 11Կինը թող հանդարտութեամբ սովորէ ամեն հնազանդութիւնով։
  • 12Կնկան հրաման չեմ տալիս, որ սովորեցնէ, եւ ոչ էլ մարդին վերայ իշխէ, այլ որ լուռ կենայ։
  • 13Որովհետեւ Ադամն առաջ ստեղծուեցաւ եւ յետոյ Եւան։
  • 14Եւ Ադամ չ’խաբուեցաւ այլ կինը խաբուելով մեղք գործեց։
  • 15Սակայն կ’ապրի որդեծնութեան համար, եթէ կենայ հաւատքի եւ սէրի եւ սրբութեան մէջ պարկեշտութեան հետ։
← Ցանկ