ՀԵՍՈՒ10
  • 1Եւ երբոր Երուսաղէմի Ադոնիսեդեկ թագաւորը լսեց, թէ Յեսուն Գային առաւ եւ նորան բոլորովին կործանեց, այսինքն ինչպէս որ Երիքովին եւ նորա թագաւորին էր արել, այնպէս էլ Գայիին եւ նորա թագաւորին արաւ, եւ թէ Գաբաւոնի բնակիչները իսրայէլացիների հետ հաշտութիւն արին եւ նորանց մէջ մնացին:
  • 2Շատ վախեցան, որովհետեւ Գաբաւօնը մեծ քաղաք էր՝ թագաւորանիստ քաղաքներից մէկին պէս, եւ նա Գայիիցը մեծ էր, եւ նորա բոլոր մարդիկը զօրաւոր էին:
  • 3Սորա համար Երուսաղէմի Ադոնիսեդեկ թագաւորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հօհամ թագաւորին, Յերիմութի Փիրամ թագաւորին, եւ Լաքիսի Յաբիէ թագաւորին, եւ Էգղօնի Դաբիր թագաւորին, ասելով.
  • 4Վեր եկէք ինձ մօտ եւ ինձ օգնեցէք, որ Գաբաւօնը զարկենք. որովհետեւ Յեսուի հետ եւ Իսրայէլի որդկանց հետ հաշտութիւն արաւ:
  • 5Եւ Ամօրհացիների հինգ թագաւորները՝ Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը, Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը եւ Էգղոնի թագաւորը ժողովուեցան իրանք եւ իրանց բոլոր բանակները եւ վեր գնացին եւ Գաբաւօնի մօտ բանակ տուին եւ նորա դէմ պատերազմ արին:
  • 6Եւ Գաբաւոնի բնակիչները Յեսուի մօտ մարդ ուղարկեցին Գաղգաղայի բանակը, ասելով. Քո ձեռքը ետ մի քաշեր քո ծառաներիցը, շուտով մեզ մօտ վեր եկ, մեզ ազատի՛ր եւ մեզ ազատիր ու մեզ օգնիր. որովհետեւ մեզ վերայ են ժողովուել Ամօրհացիների բոլոր լեռնաբնակ թագաւորները:
  • 7Եւ Յեսուն վեր գնաց Գաղգաղայիցն ինքը եւ իր հետ բոլոր պատերազմական մարդիկը եւ զօրքի բոլոր զօրաւորները:
  • 8Եւ Տէրը Յեսուին ասեց. Նորանցից մի վախենար, որովհետեւ նորանց քո ձեռքն եմ տուել. նորանցից ոչ մէկը պիտի չ’կանգնէ քո առաջին:
  • 9Եւ Յեսուն Գաղգաղայիցը բոլոր գիշերը վեր գնալով յանկարծակի նորանց վերայ հասաւ:
  • 10Եւ Տէրը խռովեցրեց նորանց Իսրայէլի առաջին, եւ նորանց Գաբաւօնի մօտ մեծ կոտորածով կոտորեց, եւ նորանց հալածեց Բեթորոն վեր գնալու ճանապարհովը, ջարդ տուեց նրանց. եւ նորանց մինչեւ Ազեկա ու Մակեդա զարկեց:
  • 11Եւ երբոր նորանք Իսրայէլի առաջից փախչում էին, եւ Բեթորոնիցը վայր էին իջնում, Տէրը նորանց վերայ երկնքիցը կարկտի մեծ քարեր գցեց մինչեւ Ազեկա, եւ մեռան. կարկտի քարերիցը մեռնողները աւելի շատ էին, քան թէ Իսրայէլի որդկանց սրով մեռցրածները:
  • 12Այն ժամանակ Յեսուն Տիրոջ հետ խօսեց այն օրը, որ Տէրը Ամօրհացիներին Իսրայէլի որդկանց ձեռքը տուաւ, եւ Իսրայէլի առաջին ասեց. Արեգակ, Գաբաւօնումը կանգնիր, եւ, Լուսին, Այեղօնի ձորումը կանգնիր:
  • 13Եւ արեգակը կանգնեց, եւ լուսինը իր տեղը մնաց, մինչեւ որ ժողովուրդը իր թշնամիներիցը վրէժ առաւ: Միթէ սա Ուղիղի գրքումը գրուած չէ՞. եւ արեգակը երկնքի մէջտեղում կանգնեց եւ չ’շտապեց մտնելու մէկ կատարեալ օրի չափ:
  • 14Նորա պէս օր չ’եղաւ՝ ոչ առաջ եւ ոչ յետոյ, որ Տէրը մարդի ձայնին լսեց. որովհետեւ Տէրը պատերազմեց Իսրայէլի համար:
  • 15Եւ Յեսուն եւ նորա հետ բոլոր Իսրայէլը ետ դառան բանակը Գաղգաղա:
  • 16Եւ հինգ թագաւորները փախան, եւ Մակեդումը այրին մէջ թաք կացան:
  • 17Եւ Յեսուին պատմուեցաւ ասելով. Այն հինգ թագաւորները գտնուել են Մակեդումը այրի մէջ թաք կացած:
  • 18Եւ Յեսուն ասեց. Այրի բերանին մեծ քարեր գլորեցէք, եւ նորա վերայ մարդիկ նշանակեցէք, որ նորանց պահպանեն:
  • 19Բայց դուք մի կանգնեք, հալածեցէք ձեր թշնամիներին եւ զարկեցէք նորանց ետեւիններին, եւ նորանց թող մի տաք որ իրանց քաղաքները մտնեն. որովհետեւ ձեր Տէր Աստուածը նորանց ձեր ձեռքը մատնեց:
  • 20Եւ երբոր Յեսուն Իսրայէլի որդկանց հետ նորանց շատ մեծ կոտորածով կոտորեց, մինչեւ որ նորանց սպառեցրեց վերջացրեց, եւ նորանց փախստականները պարսպաւոր քաղաքների մէջ մտան:
  • 21Այն ժամանակ բոլոր ժողովուրդը խաղաղութեամբ ետ դառան Յեսուի մօտ բանակը Մակեդա Իսրայէլի որդկանց դէմ բնաւ մէկն իր լեզուն չ’սրեց:
  • 22Եւ Յեսուն ասեց. Այրի բերանը բացէք, եւ այրիցը հանեցէք բերէք ինձ մօտ այն հինգ թագաւորներին:
  • 23Եւ այնպէս արին,եւ այրիցն այն հինգ թագաւորներին՝ այսինքն Երուսաղէմի թագաւորին, Քեբրոնի թագաւորին, Յերիմութի թագաւորին, Լաքիսի թագաւորին եւ Էգղօնի թագաւորին հանեցին նորա մօտ տարին:
  • 24Եւ երբոր այս թագաւորներին Յեսուի մօտ հանեցին, Յեսուն Իսրայէլի բոլոր մարդկանցը կանչեց, եւ իր հետ պատերազմողների գլխաւորներին եւ ասեց. Մօտեցէք ձեր ոտքերը այս թագաւորների պարանոցների վերայ դրէք, եւ նորանք մօտեցան ու իրանց ոտքերը նորանց պարանոցների վերայ դրին:
  • 25Եւ Յեսուն ասեց նորանց. Մի վախենաք եւ մի զարհուրիք, ուժովացէք եւ քաջ եղէք. որովհետեւ Տէրը այսպէս կ’անէ ձեր ամեն թշնամիներին, որոնց հետ դուք պատերազմէք:
  • 26Եւ սորանից յետոյ Յեսուն նորանց զարկեց մեռցրեց, եւ նորանց հինգ ծառից կախեց, եւ ծառերի վերայ մինչեւ իրիկուն կախուած մնացին:
  • 27Եւ արեգակը մտնելու ժամանակին Յեսուն հրամայեց եւ նորանց վայր բերին ծառերի վերայից, եւ նորանց գցեցին այն այրի մէջ ուր որ թաք էին կացել, եւ այրի բերանին մեծ քարեր դրին, որ մինչեւ այսօր կան:
  • 28Եւ Յեսուն նոյն օրը Մակեդան էլ առաւ. եւ սուրի բերանով զարկեց նորան, ու նորա թագաւորին եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ արաւ. եւ մէկին ողջ չ’թողեց. եւ Մակեդայի թագաւորին էլ այնպէս արաւ ինչպէս որ Երիքովի թագաւորին էր արել:
  • 29Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Մակեդայից անցան Լեբնա, եւ Լեբնայի հետ պատերազմեցին:
  • 30Եւ Տէրը նորանց էլ մատնեց նորա թագաւորովը Իսրայէլի ձեռքը, եւ նորան եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեց, եւ մէկին ողջ չ’թողեց. եւ նորա թագաւորին այնպէս արաւ ինչպէս որ Երիքովի թագաւորին էր արել:
  • 31Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Լեբնայից անցան Լաքիս, եւ նորա դէմ բանակ տալով սորա հետ պատերազմեցին:
  • 32Եւ Տէրը Լաքիսը Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ երկրորդ օրը նորան առաւ եւ նորան ու նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին սուրի բերանով զարկեց բոլորովին ինչպէս որ Լեբնային էին արել:
  • 33Այն ժամանակ Գազերի Հօրամ թագաւորը վեր գնաց Լաքիսին օգնելու. եւ Յեսուն նորան եւ նորա ժողովրդին կոտորեց այնպէս որ նորանցից մէկը ողջ չ’մնաց:
  • 34Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Լաքիսիցն անցան Էգղօն եւ նորա մօտ բանակ տալով նորա դէմ պատերազմեցին.
  • 35Եւ նոյն օրը նորան առաւ եւ սուրի բերանով զարկեց, եւ նոյն օրը նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բոլորովին բնաջինջ արաւ ինչպէս որ Լաքիսին էր արել:
  • 36Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը Էգղօնից վեր գնացին Քեբրօն, եւ նորա դէմ պատերազմեցին.
  • 37Եւ նորան առան եւ սուրի բերանով զարկեցին նորան եւ նորա թագաւորին եւ նորա բոլոր քաղաքներին եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին, եւ մէկին ողջ չ’թողեցին, բոլորովին ինչպէս որ Էգղօնին էին արել եւ նորան ու նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ արաւ:
  • 38Եւ Յեսուն եւ իր հետ բոլոր Իսրայէլը ետ դառան Դաբիր, եւ նորա հետ պատերազմեցին:
  • 39Եւ առան նորան եւ նորա թագաւորին եւ նորանց բոլոր քաղաքները եւ նորանց սուրի բերանով զարկեցին. եւ նորա մէջ գտնուած բոլոր հոգիներին բնաջինջ արին եւ մէկին ողջ չ’թողեցին. ինչպէս որ Քեբրօնին էր արել, այնպէս էլ Դաբիրին եւ նորա թագաւորին արաւ եւ ինչպէս որ Լեբնային եւ նորա թագաւորին էր արել:
  • 40Եւ Յեսուն զարկեց բոլոր լեռնային, հարաւային, դաշտային երկիրները եւ սարերի ստորոտները եւ նորանց բոլոր թագաւորներին զարկեց, եւ մէկին ողջ չ’թողեց, այլ ամեն շնչաւորին մեռցրեց, ինչպէս որ Իսրայէլի Աստուածը Եհովան պատուիրել էր:
  • 41Եւ Յեսուն զարկեց նորանց Կադէս-Բառնեայից մինչեւ Գազա եւ բոլոր Գոսոմի երկիրը մինչեւ Գաբաւօն:
  • 42Եւ այս բոլոր թագաւորներին եւ նորանց երկիրը Յեսուն առաւ մէկ անգամում. որովհետեւ Իսրայէլի համար Իսրայէլի Աստուածը Եհովան էր պատերազմ անում:
  • 43Եւ Յեսուն ու իր հետ բոլոր Իսրայէլը ետ դառան բանակը Գաղգաղա:
← Ցանկ