ՀԵՍՈՒ17
  • 1Եւ Մանասէի ցեղի վիճակը եղաւ սա, որ Յովսէփի անդրանիկն էր. Մանասէի անդրանիկը Մաքիր Գաղաադի հայրը՝ որովհետեւ մի պատերազմող մարդ էր՝ Գաղաադն ու Բասանը նորանը եղաւ:
  • 2Եւ Մանասէի միւս որդկանցն Աբիեզերի որդկանցը, Քեղեքի որդկանցը, Ասրիելի որդկանցը, Սիւքեմի որդկանցը, Ոփերի որդկանցը, եւ Սեմիդայի որդկանցն իրանց տոհմերի համեմատ ժառանգութիւն եղաւ: Սորանք էին Յովսէփեան Մանասէի արու զաւակներն իրանց տոհմերի համեմատ:
  • 3Եւ Մանասէի որդիի Մաքիրի որդիի Գաղաադի որդիի Ոփերի որդի Սալպաադը տղերք չ’ունէր, այլ միայն աղջկերք, եւ նորա աղջկերանց անունները սորանք են. Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա:
  • 4Սորանք ներկայացան Եղիազար քահանայի առաջը, Նաւեան Յեսուի առաջը եւ իշխանների առաջը եւ ասեցին. Տէրը Մովսէսին հրամայեց որ մեր եղբայրների միջում մեզ ժառանգութիւն տայ: Եւ Յեսուն Տիրոջ հրամանովը նորանց հօրեղբայրների միջում նորանց ժառանգութիւն տուաւ:
  • 5Եւ Մանասէի համար Յորդանանի այն կողմին տասը բաժին ընկաւ բացի Գաղաադի եւ Բասանի երկրիցը.
  • 6Որովհետեւ Մանասէի աղջկերքը նորա որդկանց միջում ժառանգութիւն առան եւ Գաղաադի երկիրը Մանասէի միւս որդկանցն եղաւ:
  • 7Եւ Մանասէի սահմանը եղաւ. Ասերիցը մինչեւ Մաքմեթաթ, որ Սիւքեմի դիմացն է, եւ այս սահմանը գնում է դէպի աջ կողմը մինչեւ Թափուայի աղբիւրի բնակողները:
  • 8Թափուայի երկիրը Մանասէինը եղաւ, եւ Մանասէի սահմանի վերայ եղող Թափուան Եփրեմի որդկանցն եղաւ:
  • 9Եւ այս սահմանը իջնում է Կանայ հեղեղատը, դէպի հեղեղատի հարաւային կողմը Մանասէի քաղաքներն են. եւ Մանասէի սահմանը հեղեղատի հիւսիսային կողմից գնալով ծովն է հասնում:
  • 10Հարաւային կողմը Եփրեմինը, եւ հիւսիսային կողմը Մանասէինը լինելով նորանց սահմանը ծովը եղաւ. եւ հիւսիսային կողմիցը դպչում էին Ասերին, եւ արեւելեան կողմիցն՝ Իսաքարին:
  • 12Եւ Մանասէի որդիքը չ’կարողացան հալածել այս քաղաքներին. եւ Քանանացիները կամակորութեամբ բնակուեցան այն երկրի մէջ:
  • 13Եւ Իսրայէլի որդիքը երբոր ուժովացան, հարկատու արին Քանանացիներին, բայց նորանց բոլորովին չ’հալածեցին:
  • 14Եւ Յովսէփի որդիքը Յեսուի հետ խօսեցին եւ ասեցին. Ի՞նչու համար ինձ մէկ վիճակ եւ մէկ բաժին ժառանգութիւն տուիր, եւ ես մի բազմաթիւ ժողովուրդ եմ. որովհետեւ Տէրն ինձ մինչեւ այսչափ օրհնեց:
  • 15Եւ Յեսուն նորանց ասեց. Եթէ դու բազմաթիւ ժողովուրդ ես վեր ելիր անտառը եւ այնտեղ քեզ համար տեղ շինիր, Փերեզացիների եւ Ռափայնոց երկրումը, որովհետեւ Եփրեմի սարը քեզ համար նեղ է:
  • 16Եւ Յովսէփի որդիքն ասեցին. սարը մեզ համար չէ. եւ երկաթի կառքեր ունին բոլոր Քանանացիները, որ բնակվում են հովտի երկրումը՝ Բեթսանի մէջ եւ նորա գիւղաքաղաքների մէջ, եւ Յեզրայէլի հովտի մէջ:
  • 17Եւ Յեսուն Յովսէփի տանը՝ այսինքն Եփրեմի եւ Մանասէի հետ խօսեց եւ ասեց. Դու մի բազմաթիւ ժողովուրդ ես, եւ շատ ոյժ ունես, քեզ մէկ վիճակ չ’լինի.
  • 18Այլ սարը քոնը լինի. որովհետեւ անտառ է, նորան շինիր եւ քոնը լինի մինչեւ ծայրը. որովհետեւ դու Քանանացիներին այնտեղից պիտի հալածես, թէեւ նորանք երկաթի կառքեր ունենան եւ զօրաւոր լինեն:
← Ցանկ