ՀԵՍՈՒ18
  • 1Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Սելովումը ժողովուեցան, եւ այնտեղ կանգնեցրին ժողովքի խորանը, եւ երկիրը նորանց առաջին նուաճուեցաւ:
  • 2Եւ Իսրայէլի որդկանց մէջ եօթը ցեղ էր մնացել, որոնք իրանց ժառանգութիւնը չէին առել:
  • 3Եւ Յեսուն Իսրայէլի որդկանցն ասեց. Մինչեւ ե՞րբ էք դուք թուլութիւն անելու, որ չէք գնում ժառանգէք այն երկիրը որ ձեր հայրերի Տէր Աստուածը ձեզ է տուել:
  • 4Ամեն ցեղից երեք մարդ բերէք , եւ ես նորանց ուղարկեմ, որ վեր կենան ման գան այն երկրի մէջ եւ գրեն նորան իրանց ժառանգութեան համեմատ եւ ինձ մօտ դառնան:
  • 5Եւ նորան եօթը մասերի բաժանեն. Յուդան կանգնէ իր սահմանումը հարաւային կողմին, եւ Յովսէփի տունը իրանց սահմաններումը կանգնեն հիւսիսային կողմին:
  • 6Եւ դուք երկիրը եօթը բաժին գրեցէք, եւ ինձ մօտ բերէք այստեղ, եւ ես ձեզ համար վիճակ գցեմ այստեղ մեր Տէր Աստուծոյ առաջին:
  • 7Որովհետեւ Ղեւտացիները ձեր միջում բաժին չ’ունեն, որովհետեւ նորանց ժառանգութիւնը Տիրոջ քահանայութիւնն է. եւ Գադ ու Ռուբէն եւ Մանասէի կէս ցեղը առան իրանց ժառանգութիւնները Յորդանանի այն կողմում դէպի արեւելք, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուաւ նորանց:
  • 8Եւ այն մարդիկը վեր կացան գնացին. եւ Յեսուն հրամայեց այն երկիրը գրելու գնացողներին ասելով. Գնացէք եւ այն երկրումը ման եկէք եւ նորան գրեցէք. եւ ինձ մօտ դառէք, որ այստեղ Սելովումը Տիրոջ առաջին ձեզ համար վիճակ գցեմ:
  • 9Եւ այն մարդիկը գնացին, եւ այն երկրի մէջ ման եկան, եւ նորան իր քաղաքներովը եօթը բաժին անելով գրեցին մի գրքի վերայ, եւ եկան Յեսուի մօտ բանակը՝ Սելով:
  • 10Եւ Յեսուն Սելովումը Տիրոջ առաջին նորանց համար վիճակ գցեց. Եւ Յեսուն այնտեղ երկիրը բաժանեց Իսրայէլի որդկանց վերայ իրանց բաժինների համեմատ:
  • 11Եւ Բենիամինի որդկանց ցեղի վիճակն ելաւ իրանց տոհմերի համեմատ. եւ իրանց վիճակի սահմանն ելաւ Յուդայի որդկանց եւ Յովսէփի որդկանց մէջտեղը:
  • 12Եւ նորանց սահմանը եղաւ հիւսիսային կողմումը Յորդանանից, եւ այս սահմանը վեր է ելնում հիւսիսային կողմիցն Երիքովի մօտ, եւ բարձրանում դէպի սարը արեւմուտքում, եւ վերջը հասնում Բեթաւանի անապատը.
  • 13Եւ անցնում է սահմանը այնտեղից Լուզ՝ դէպի Լուզ այսինքն Բեթէլի մօտ հարաւային կողմիցը. եւ իջնում է այս սահմանը Ատարօթ-ադար այն սարի վերայ, որ ցածի Բեթորոնի հարաւային կողմումն է:
  • 14Եւ գնում է այս սահմանը եւ պտոյտ տալիս արեւմտեան կողմով դէպի հարաւ այն սարիցը, որ հարաւային կողմիցը Բեթորոնի դիմացն է, եւ վերջը հասնում է Կարիաթ-բաաղի, որ է Կարիաթարիմ Յուդայի որդկանց քաղաքը: Արեւմտեան կողմը այս է:
  • 15Եւ հարաւային կողմը Կարիաթարիմի ծայրիցը սկսելով, սահմանը դուրս է գալիս դէպի արեւմուտք, ու գնում Նափթովայի ջրի աղբիւրը:
  • 16Եւ իջնում է այս սահմանը Ռափայնոց հովիտի մէջ՝ հիւսիսային կողմում եղող Ենովմի որդիի ձորի դիմացի սարի եզերքը, եւ Յեբուսի մօտիցը դէպի հարաւ Ենովմի ձորն է իջնում Ռովդելի աղբիւրը.
  • 17Եւ գնում է հիւսիսային կողմիցը դուրս գալիս Ենսամիւս, եւ գնում է այնտեղից Եդովմինի զառիվերի դէմ եղող Գալիլովթ, եւ իջնում Ռուբէնեան Բաանի վէմը,
  • 18Եւ անցնում Արաբայի դիմացի կողմիցը դէպի հիւսիս եւ իջնում Արաբաթ.
  • 19Եւ անցնում է այս սահմանը դէպի հիւսիս Բեթագղայի մօտով եւ վերջը հասնում է այս սահմանը Աղի ծովի հիւսիսային ծոցը՝ Յորդանանի հարաւային ծայրը:
  • 20Եւ նորա արեւելեան կողմի սահմանը Յորդանանն է: Այս է Բենիամինի որդկանց ժառանգութիւնը շուրջանակի իր սահմաններովը նորանց տոհմերի համեմատ:
  • 21Եւ Բենիամինի որդկանց ցեղի քաղաքներն իրանց տոհմերի համեմատ՝ Երիքով, Բեթագղա, Եմեկկասիս,
  • 22Բեթարաբա, Սեմարիմ,
  • 23Բեթէլ, Աւիմ, Փարա, Եփրա,
  • 24Քեփարամոննա, Հոփնի եւ Գաբա. տասնեւերկու քաղաք եւ նորանց գիւղերը:
  • 25Գաբաւօն, Ռամա, Բերովթ,
  • 26Մասփա, Կեփիրա,
  • 27Մոսա, Ռէկեմ,
  • 28Յերփայէլ, Թարաղա, Սելա, Էլէփ, Յեբուս՝ այսինքն Երուսաղէմ, Գաբաաթը, Կարիաթ. տասնեւչորս քաղաք եւ նորանց գիւղերը: Այս է Բենիամինի որդկանց ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ:
← Ցանկ