ՀԵՍՈՒ7
  • 1Բայց Իսրայէլի որդիքը յանցանք գործեցին նզովքի վերայ. որովհետեւ Յուդայի ցեղիցը Զարայի որդիի Զաբդիի որդիի Քարմիի որդի՝ Աքարը նզովածիցն առաւ. եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեցաւ Իսրայէլի որդկանց վերայ:
  • 2Եւ Յեսուն Երիքովիցը մարդիկ ուղարկեց դէպի Գայի, որ Բեթաւանի մօտ Բեթէլի արեւելեան կողմին, եւ ասեց նորանց. թէ Վեր գնացէք եւ այն երկիրը լրտեսեցէք. եւ այն մարդիկը գնացին եւ Գային լրտեսեցին:
  • 3Եւ ետ դառան Յեսուի մօտ եւ ասեցին նորան. Բոլոր ժողովուրդը վեր չ’գնայ. միայն երկու կամ երեք հազար մարդի չափ վեր գնան, եւ Գային կ’զարկեն. բոլոր ժողովրդին մի աշխատեցնիր այնտեղ տանելով, որովհետեւ նորանք քիչ են:
  • 4Եւ ժողովրդիցը երեք հազարի չափ մարդ վեր գնացին այնտեղ. բայց Գայիի մարդկանց առաջիցը փախան:
  • 6Եւ Յեսուն իր հանդերձները պատռեց Տիրոջ տապանակի առաջին եւ իր երեսի վերայ վայր ընկաւ գետինը մինչեւ իրիկուն, ինքն եւ Իսրայէլի ծերերը, եւ իրանց գլխի վերայ հող ցանեցին:
  • 7Եւ Յեսուն ասեց. Ոհ, Տէր Եհովայ, ի՞նչու համար այս ժողովուրդը Յորդանանի այս կողմն անցկացրիր,որ մեզ Ամօրհացիների ձեռքը մատնես, եւ մեզ կորցնես. երանի՜ թէ Յորդանանի այն կողմին գոհ լինելով մնայինք:
  • 8Աղաչում եմ, Տէր, ես ի՞նչ ասեմ՝ Իսրայէլն իր թշնամիների առաջին մէջք դարձնելուց յետոյ:
  • 9Որովհետեւ Քանանացիները եւ երկրի բոլոր բնակիչները լսելով մեզ կ’պաշարեն, եւ մեր անունը երկրիս վերայից բոլորովին կ’կտրեն. այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անունը:
  • 10Եւ Տէրը Յեսուին ասեց. Վեր կաց. ի՞նչու համար այսպէս երեսիդ վերայ ես ընկել:
  • 11Իսրայէլը մեղք գործեց եւ զանց արին իմ ուխտը որ պատուիրեցի նորանց, որովհետեւ վեր են առել նզովածիցը, եւ գողացել են, եւ սուտ են խօսել, ու նաեւ իրանց կարասիքներումն են դրել:
  • 12Եւ Իսրայէլի որդիքը չեն կարող իրանց թշնամիների առաջին կանգնել. նորանք իրանց թշնամիների առաջին մէջք կ’դարձնեն, որովհետեւ նզովք են եղել. եւ այլ եւս ձեզ հետ չեմ լինիլ, եթե դուք նզովուածը ձեր միջիցը բնաջինջ չ’անէք:
  • 13Վեր կաց ժողովրդին սրբիր եւ ասիր. Էգուցուայ համար սրբուեցէք. որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն այսպես է ասում. Ով Իսրայէլ, ձեր մէջը նզովք կայ, դու չէս կարող կանգնիլ քո թշնամիների առաջին, մինչեւ որ նզովքը ձեր միջիցը վեր չ’առնէք:
  • 14Եւ առաւօտեանց ձեր ցեղերովը մօտեցէք, եւ Տէրը որ ցեղին որ վիճակով բռնելու լինի, նա մօտենայ իր ազգատոհմներովը. եւ Տէրը որ ազգատոհմին որ բռնելու լինի, նա մօտենայ իր տուներովը, եւ Տէրը որ տունը որ բռնելու լինի, նա մօտենայ իր մարդիկներովը:
  • 15Եւ ով որ նզովքով բռնուի, նա կրակով պիտի այրուի, ինքը եւ իր ամեն ունեցածը. որովհետեւ նա Եհովայի ուխտը զանց է արել եւ Իսրայէլի մէջ անզգամութիւն է գործել:
  • 16Եւ Յեսուն առաւօտանց վաղ վեր կացաւ, եւ Իսրայէլին մօտեցրեց իր ցեղերովը. եւ Յուդայի ցեղը բռնուեցաւ:
  • 17Եւ Յուդայի ազգատոհմները մօտեցրեց, Զարայեանց ազգատոհմը բռնուեցաւ. եւ Զարայեանց տոհմն իր մարդիկներովը մօտեցրեց, եւ Զաբդին բռնուեցաւ.
  • 18Եւ նորա տունն իր մարդիկներովը մօտեցրեց, Յուդայի ցեղիցը Զարայի որդիի Զաբդիի որդիի Քարմիի որդին Աքարը բռնուեցաւ:
  • 19Եւ Յեսուն Աքարին ասեց. Որդիս, հիմա Իսրայէլի Տէր Աստծուն փառք տուր, եւ նորան խոստովանիր, եւ քո արածը հիմա ինձ յայտնիր, ինձանից մի ծածկիր:
  • 20Եւ Աքարը պատասխանեց Յեսուին եւ ասեց. Իրաւ՝ ես Իսրայէլի Տէր Աստծոյ դէմ մեղք գործեցի, եւ այսպէս ու այսպէս արի.
  • 21Այսինքն աւարի մէջ մէկ լաւ Սենէարի վերարկու, եւ երկու հարիւր սիկղ արծաթ, եւ յիսուն սիկղի ծանրութեամբ մէկ ոսկի լեզու տեսայ, եւ նորանց ցանկանալով առայ. եւ ահա նորանք իմ վրանի մէջ հողումը թաքցրուած են, եւ արծաթը նորա տակին է:
  • 22Եւ Յեսուն լրաբերներ ուղարկեց. եւ նորանք վազեցին վրանը. եւ ահա վրանի մէջ պահուած էր այն, եւ արծաթը նորա տակին էր:
  • 23Եւ նորանք վեր առան վրանի միջիցը եւ բերին Յեսուի եւ բոլոր Իսրայէլի որդկանց մօտ, եւ Տիրոջ առաջին դրին նորանք:
  • 24Եւ Յեսուն առաւ Զարայեան Աքարին եւ այն արծաթը եւ վերարկուն եւ ոսկի լեզուն եւ նորա տղերքը, աղջկերքը, նորա արջառները, էշերը, ոչխարները, վրանը եւ նորա ամեն բանը, եւ բոլոր Իսրայէլը նորա հետ եւ նորանց դուրս հանեցին Աքովրի ձորը:
  • 25Եւ Յեսուն ասեց. Ի՞նչու համար դու մեզ փորձանքի մէջ գցեցիր. Տէրը այսօր քեզ փորձանքի մէջ գցէ. եւ բոլոր Իսրայէլը նորան քարերով քարկոծելուց յետոյ կրակով այրեցին:
  • 26Եւ նորա վերայ մէկ մեծ քարակոյտ դիզեցին, որ կայ մինչեւ այս օրը: Եւ Տէրն իր սաստիկ բարկութիւնիցը դադարեց. այս պատճառով այն տեղի անունը Աքովրի ձոր ասուեցաւ մինչեւ այս օրը:
← Ցանկ