ՀԵՍՈՒ8
  • 1Եւ Տէրը Յեսուին ասեց. Մի վախենար եւ մի զարհուրիր. առ բոլոր պատերազմող մարդկանցը քեզ հետ եւ վեր կաց գնա վեր դէպի Գայի. ահա Գայիի թագաւորը եւ նորա ժողովուրդը եւ նորա քաղաքը եւ նորա երկիրը քո ձեռքը տուի:
  • 2Եւ Գայիին եւ նորա թագաւորին այնպէս անես ինչպէս որ արիր Երիքովին եւ նորա թագաւորին, միայն թէ նորա աւարը եւ անասունները ձեզ համար առնէք: Քաղաքի ետեւի կողմիցը դարաններ պատրաստես:
  • 3Եւ Յեսուն եւ բոլոր պատերազմող մարդիկը վեր կացան, որ Գայիի վերայ գնան, եւ Յեսուն երեսուն հազար զօրաւոր մարդ ընտրեց, եւ գիշերով ուղարկեց նորանց:
  • 4Եւ նորանց պատուիրեց ասելով. Նայեցէք դուք քաղաքի ետեւիցն այն քաղաքի համար դարանում պիտի նստէք. քաղաքիցը շատ մի հեռանաք, եւ ամենքդ պատրաստ կացէք.
  • 6Եւ նորանք մեր ետեւիցը դուրս կ’գան, մինչեւ որ նորանց քաղաքիցը բաժանենք. որովհետեւ նորանք ասելու են.թէ Մեր առաջիցը փախչում են առաջին անգամի պէս. եւ մենք նորանց առաջիցը փախչելու ենք:
  • 7Բայց դուք դարանից դուրս եկէք եւ քաղաքն առէք, որովհետեւ ձեր Տէր Աստուածը նորան ձեր ձեռքը կ’տայ:
  • 8Եւ երբոր քաղաքն առնէք, քաղաքը կրակով այրէք. Տիրոջ ասածին պէս անէք. ահա ձեզ պատուիրեցի:
  • 9Եւ Յեսուն նորանց ուղարկեց, եւ նորանք գնացին դարանում նստեցին Բեթէլի եւ Գայիի մէջտեղում, Գայիի արեւմտեան կողմիցը. եւ Յեսուն այն գիշերը ժողովրդի մէջ մնաց:
  • 10Եւ Յեսուն առաւօտանց վաղ վեր կացաւ եւ ժողովրդին հանդէս արաւ, եւ ինքն Իսրայէլի ծերերի հետ ժողովրդի առաջիցը դէպի Գայի գնաց:
  • 11Եւ նորա հետ եղող բոլոր պատերազմական մարդիկն էլ վեր կացան եւ մօտենալով գնացին քաղաքի առաջը եւ բանակ տուին Գայիի հիւսիսային կողմումը. եւ նորանց ու Գայիի մէջտեղը մէկ ձոր կար:
  • 12Եւ հինգ հազարի չափ մարդ առաւ, եւ նորանց դարանի մէջ նստեցրեց Բեթէլի եւ Գայիի մէջտեղումը՝քաղաքի արեւմտեան կողմին:
  • 13Եւ ժողովուրդը քաղաքի հիւսիսային կողմումը դրին բոլոր բանակը, եւ դարանը քաղաքի արեւմտեան կողմումը. եւ Յեսուն այն գիշերը ձորի մէջը գնաց:
  • 14Եւ երբոր Գայիի թագաւորը այս տեսաւ, շուտով կանուխ վեր կացան եւ դուրս գնացին այն քաղաքի մարդիկը, ինքը եւ իր բոլոր ժողովուրդը որոշ ժամանակով դաշտի վերայ պատերազմելու Իսրայէլի դէմ, բայց ինքը չ’գիտէր թէ քաղաքի ետեւիցն իր համար դարան կար:
  • 15Եւ Յեսուն ու բոլոր Իսրայէլն իրանց նորանց առաջին զարկուածի պէս ցոյց տուին եւ անապատի ճանապարհովը փախան:
  • 16Եւ քաղաքումն եղող բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ, որ նորանց հալածեն, եւ Յեսուի ետեւիցն ընկնելով քաղաքիցը բաժանուեցան:
  • 17Եւ Գայիումն ու Բեթէլումը մարդ չ’մնաց, որ Իսրայէլի ետեւիցը դուրս եկած չ’լինէր. եւ քաղաքը թողեցին բաց ու Իսրայէլին հալածեցին:
  • 18Եւ Տէրը Յեսուին ասեց. Ձեռքիդ նիզակը մեկնիր դէպի Գայի, որովհետեւ ես քո ձեռքն եմ տուել այն. եւ Յեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դէպի քաղաքը:
  • 19Եւ դարանակալները շուտով իրանց տեղիցը վեր կացան. եւ հէնց որ նա իր ձեռքը մեկնել էր, վազեցին քաղաքը մտան եւ առան նորան, եւ շուտով քաղաքը կրակով վառեցին:
  • 20Եւ Գայիի բնակիչները դէպի ետեւ դառան եւ տեսան, որ ահա քաղաքի ծուխը մինչեւ երկինքն էր վեր ելել. եւ նորանք այս կամ այն կողմ փախչելու կարողութիւն չ’ունէին. եւ դէպի անապատը փախչող ժողովուրդն էլ հալածողների վերայ դառաւ:
  • 21Եւ Յեսուն եւ բոլոր Իսրայէլը երբոր տեսան, որ դարանակալները քաղաքն առան, եւ որ քաղաքի ծուխը վեր էր ելել, իրանք էլ ետ դառան եւ Գայիի մարդկանցը զարկեցին:
  • 22Եւ նորանք էլ քաղաքիցը նորանց դէմ դուրս եկան, եւ Իսրայէլի մէջտեղումը մնացին՝ սորանք այս կողմից եւ նորանք այն կողմից. եւ նորանց զարկեցին մինչեւ որ նորանցից մի մարդ ողջ չ’մնաց եւ չ’ազատուեցաւ:
  • 23Եւ Գայիի թագաւորին ողջ բռնուեցին, եւ նորան Յեսուի մօտ բերին:
  • 24Եւ երբոր Իսրայէլացիք Գայիի բոլոր բնակիչներին որ հալածել էին նորանց դաշտումը ու անապատումը՝ ջարդեցին, եւ նորանց ամենքը սուրի բերանով ընկան մինչեւ որ վերջացան, բոլոր Իսրայէլացիք ետ դառան Գայի եւ նորան սուրի բերանով զարկեցին:
  • 25Եւ այն օրն ընկածների ամենը թէ մարդ եւ թէ կին, տասնեւերկու հազար էր, այսինքն Գայիի բոլոր մարդիկը:
  • 26Եւ Յեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չ’քաշեց, մինչեւ որ Գայիի բոլոր բնակիչներին բնաջինջ արաւ:
  • 27Միայն թէ Իսրայէլացիք անասուններն ու քաղաքի աւարն իրանց համար առան Տիրոջ խօսքին համեմատ, որ պատուիրել էր Յեսուին:
  • 28Եւ Յեսուն Գային այրեց, եւ նորան մշտնջենաւոր աւերակների դէզ արաւ մինչեւ այս օրը:
  • 29Եւ Գայիի թագաւորին կախեց ծառիցը մինչեւ իրիկուն. եւ արեւը մտնելիս Յեսուն հրամայեց, որ նորա մեռած մարմինը ծառիցը վայր իջեցնեն. քաղաքի դռան առաջը գցեցին նորան, եւ նորա վերայ մի մեծ քարակոյտ դիզեցին, որ մինչեւ այսօր կայ:
  • 30Այն ժամանակ Յեսուն Իսրայէլի Տէր Աստուծոյ համար մի սեղան շինեց Գեբաղ սարի վերայ,
  • 31Ինչպէս որ Տիրոջ ծառայ Մովսէսը Իսրայէլի որդկանցը պատուիրել էր Մովսէսի օրէնքի գրքի մէջ գրուածին պէս այս սեղանը ամբողջ քարերից էր, որոնց վերայ երկաթ չէր դիպած, եւ նորա վերայ Տիրոջ համար ողջակէզներ մատուցրին ու խաղաղութեան զոհեր զոհեցին:
  • 32Եւ այնտեղ այն քարերի վերայ գրեց Մովսէսի օրէնքի օրինակը, որ Իսրայէլի որդկանց առաջին գրեց:
  • 33Եւ բոլոր Իսրայէլը եւ նորանց ծերերը եւ ոստիկանները եւ դատաւորները կանգնել էին տապանակի այս եւ այն կողմից Տիրոջ ուխտի տապանակը վեր առնող Ղեւտացի քահանաների առաջին, թէ օտարականը եւ թէ բնակը. կէսը Գարիզին սարի կողմին եւ կէսը Գեբաղ սարի կողմին՝ ինչպէս որ Տիրոջ ծառայ Մովսէսը պատուիրել էր, որ առաջ Իսրայէլի ժողովրդին օրհնեն:
  • 34Եւ սորանից յետոյ կարդաց օրէնքի բոլոր խօսքերը` օրհնութիւնները եւ անէծքները, ինչ որ գրուած էր օրէնքի գրքի մէջ:
  • 35Մովսէսի բոլոր պատուիրածներից բնաւ մի խօսք չ’մնաց, որ Յեսուն չ’կարդար Իսրայէլի բոլոր ժողովքի առաջին եւ կանանց եւ տղերանց եւ նորանց մէջ գնացող օտարականի առաջին:
← Ցանկ