Ա ՊԵՏՐՈՍ1
  • 1Պետրոս Յիսուս Քրիստոսի առաքեալ, ընտրուած օտարականներիդ որ ցրուած էք Պոնտոսի, Գաղատիայի եւ Կապադովկիայի եւ Ասիայի եւ Բիւթանիայի երկիրներումը.
  • 2Հօր Աստուծոյ կանխագիտութեան պէս, Հոգու սրբութիւնովը, հնազանդութեան եւ Յիսուս Քրիստոսի արիւնին սրսկելու համար. շնորհք եւ խաղաղութիւն շատանայ ձեզ վերայ։
  • 3Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համեմատ մեզ վերստին ծնեց դէպի կենդանի յոյսը, Յիսուս Քրիստոսի մեռելներից յարութիւն առնելովը,
  • 4Դէպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ ժառանգութիւնը, որ երկնքումը պահուած է ձեզ համար.
  • 5Որ Աստուծոյ զօրութեամբը պահպանվում էք հաւատքով դէպի պատրաստուած փրկութիւնը, որ յայտնուելու էր յետին ժամանակումը։
  • 6Որ նորանով կ’ուրախանաք, թէեւ հիմա՝ ինչպէս որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած էք կերպ կերպ փորձանքների մէջ,
  • 7Որ ձեր հաւատքի փորձառութիւնն աւելի պատուական գտնուի քան կորստեան ոսկին, որ կրակով է փորձվում, գովութեան պատիւի եւ փառքի համար Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը.
  • 8Որին չ’տեսած սիրում էք. որ նորան հաւատացիք թէեւ հիմա չէք տեսնում, եւ ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով,
  • 9Ձեր հաւատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկութիւնը։
  • 10Որ այն փրկութեան համար որոնեցին եւ քննեցին մարգարէները, որ մարգարէանում էին այն շնորհքի համար որ լինելու էր ձեզանում,
  • 11Քննելով թէ որ՝ եւ ինչպիսի ժամանակի համար էր գուշակում Քրիստոսի Հոգին որ նորանցում էր, առաջուց վկայելով Քրիստոսի չարչարանքները եւ նորանից յետոյ լինելու փառքը։
  • 13Նորա համար ձեր մտքի մէջքը գօտեպնդած, եւ զարթնացած, կատարելապէս յուսացէք այն շնորհքին որ հասնում է ձեզ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը,
  • 14Հնազանդ որդկանց պէս, չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին։
  • 15Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը.
  • 16Որովհետեւ գրուած է, Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ։
  • 17Եւ եթէ Հայր էք կանչում նորան, որ առանց աչառութեան դատաստան է անում ամեն մէկի գործին պէս, ապա ձեր պանդխտութեան ժամանակը վախով վարուեցէք.
  • 18Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը.
  • 19Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի։
  • 20Որ առաջուց ճանաչուած էր աշխարհքի սկզբիցն առաջ, բայց ժամանակների վերջումն երեւեցաւ ձեզ համար,
  • 21Ձեզ՝ նորանով այն Աստուծուն հաւատացողներիդ, որ նորան մեռելներից յարուցրեց, եւ փառքը նորան տուաւ, որ ձեր հաւատքը եւ յոյսն Աստուծոյ վերայ լինի։
  • 22Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտութեան հնազանդութեամբ, անկեղծ եղբայրսիրութեան համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցէք.
  • 23Վերստին ծնուած լինելով ոչ թէ ապականութեան սերմից այլ անապական սերմից. Աստուծոյ կենդանի եւ յաւիտենական խօսքովը։
  • 24Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։
  • 25Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան. եւ սա այն խօսքն է, որ ձեզ աւետարանուեցաւ։
← Ցանկ