Ա ՊԵՏՐՈՍ2
  • 2Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը].
  • 3Եթէ ճաշակել էք որ Տէրը քաղցր է։
  • 4Որին մօտեցել էք՝ այն կենդանի Վէմին, որ թէեւ մարդկանցից անարգուած, բայց Աստուծոյ մօտ ընտրուած եւ պատուական է։
  • 5Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք հոգեւոր տաճար, սուրբ քահանայութիւն, որ հոգեւոր պատարագներ մատուցանէք Աստուծոյ ընդունելի՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը։
  • 6Որովհետեւ գրքումն էլ կայ, թէ Ահա Սիօնումն անկիւնի գլուխ՝ ընտիր պատուական քար եմ դնում, եւ նորան հաւատացողը չի ամաչիլ։
  • 7Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ.
  • 8Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։
  • 9Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ.
  • 10Որ դուք ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ էք. Որ ողորմուած չ’էիք, բայց հիմա ողորմուածներ։
  • 11Սիրելիներ, աղաչում եմ ձեզ ինչպէս պանդուխտներ եւ օտարականներ, հեռու կացէք մարմնաւոր ցանկութիւններիցը, որ կռվում են հոգու դէմ։
  • 12Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը։
  • 13Արդ հնազանդեցէք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար. Թէ թագաւորի ինչպէս թէ մի վերնագոյնի.
  • 14Թէ կուսակալների ինչպէս նորանից ուղարկուածների՝ չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար։
  • 15Որովհետեւ Աստուծոյ կամքն այսպէս է, որ բարի գործերով պապանձեցնէք անխելք մարդկանց տգիտութիւնը։
  • 16Ինչպէս ազատներ, եւ ոչ թէ ազատութիւնն ինչպէս չարութեան ծածկոց ունեցողներ. այլ ինչպէս Աստուծոյ ծառաներ։
  • 17Ամենին պատուեցէք եղբայրութիւնը սիրեցէք. Աստուածանից վախեցէք. թագաւորին պատուեցէք։
  • 18Ծառաները հնազանդ լինին տէրերին ամեն վախով, ոչ միայն բարիներին եւ հեզահոգիներին, բայց ժանտաբարոներին էլ։
  • 19Որովհետեւ սա շնորհք է եթէ մէկն դէպի Աստուած ունեցած խղճմտանքովը նեղութիւնների համբերէ անիրաւ տեղը։
  • 20Վասնզի ի՞նչ գովասանք է, եթէ մեղանչէք եւ նորա համար ծեծուիք, ու համբերէք. Այլ եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից։
  • 21Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք.
  • 22Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը.
  • 23Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. Չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին.
  • 24Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նորա խոցերովը բժշկուեցաք։
  • 25Որովհետեւ մոլորուած ոչխարների պէս էիք. բայց հիմա դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը։
← Ցանկ