ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ16
  • 1Եւ մեծ ձայն լսեցի տաճարիցը որ ասում էր այն եօթը հրեշտակներին. Գնացէք եւ Աստուծոյ բարկութեան սկաւառակները թափեցէք երկրի վերայ։
  • 2Եւ առաջինը գնաց եւ իր սկաւառակը թափեց երկրի վերայ, եւ չարաչար պալարներ եղան այն մարդկանց վերայ, որ գազանի դրոշմն ունէին եւ նորա պատկերին երկրպագում էին։
  • 3Եւ երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովը, եւ արիւն դառաւ մեռածի արիւնի նման. եւ ամեն կենդանի շունչ սատակեց որ ծովումն էր։
  • 4Եւ երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ եւ արիւն եղաւ։
  • 5Եւ ձայն լսեցի ջրերի հրեշտակիցը որ ասում էր. Արդար ես, Տէր, որ ես եւ էիր եւ սուրբ՝ որ այս դատաստաններն արիր։
  • 6Որովհետեւ սուրբերի եւ մարգարէների արիւնը թափեցին. նորա համար էլ արիւն տուիր նորանց խմելու, որ արժան են։
  • 7Եւ մի ուրիշը լսեցի սեղանիցը որ ասում էր. Այո, Տէր Աստուած Ամենակալ, ճշմարիտ եւ արդար են քո դատաստանները։
  • 8Եւ չորրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց արեգակի վերայ։
  • 9Եւ տրուեցաւ նորան որ մարդկանց խորշակահար անէ կրակով. Եւ խորշակահար եղան մարդիկ սաստիկ տաքով եւ հայհոյեցին Աստուծոյ անունին որ այս պատուհասների վերայ իշխանութիւն ունի. եւ չ’ապաշխարեցին որ փառք տան նորան։
  • 10Եւ հինգերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գազանի աթոռի վերայ. եւ նորա թագաւորութիւնը խաւարուած եղաւ. Եւ իրանց լեզուները ծամում էին տանջանքիցը.
  • 11Եւ երկնքի Աստուծուն հայհոյեցին իրանց ցաւերի եւ պալարների պատճառովը. Եւ չ’ապաշխարեցին իրանց գործերիցը։
  • 12Եւ վեցերորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց մեծ գետ՝ Եփրատի վերայ, եւ նորա ջուրը ցամաքեց որ արեւելքի թագաւորների ճանապարհը պատրաստուի։
  • 13Եւ տեսայ՝ վիշապի բերանիցը եւ գազանի բերանիցը եւ սուտ մարգարէի բերանիցը երեք պիղծ հոգի էին դուրս գալիս գորտերի նման։
  • 14Որովհետեւ նորանք դեւերի ոգիք են, որ նշաններ են անում, նորանք գնում են երկրի եւ բովանդակ տիեզերքի թագաւորների մօտ որ նորանց ժողովեն Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ պատերազմի համար։
  • 15Ահա գալիս եմ գողի նման, երանի նորան որ արթուն է, եւ իր հանդերձները պահում է. որ մերկ ման չ’գայ, եւ նորա ամօթանքը չ’տեսնեն.
  • 16Եւ ժողովեցին նորանց այն տեղ որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում։
  • 17Եւ եօթներորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց օդի վերայ. Եւ մեծ ձայն դուրս եկաւ երկնքի տաճարիցը եւ աթոռիցը որ ասում էր. Եղա՛ւ։
  • 18Եւ եղան ձայներ եւ փայլատակներ եւ որոտմունք, եւ մեծ շարժ եղաւ որ այնպիսի չէր եղած քանի որ մարդիկ երկրի վերայ են՝ այնպիսի մեծ շարժ էր.
  • 19Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին, որ իր ցասման բարկութեան գինու բաժակը նորան տայ։
  • 20Եւ ամեն կղզի փախաւ, եւ սարերը չ’գտնուեցան։
  • 21Եւ երկնքիցը տաղանդաչափ մեծ մեծ կարկուտ էր իջնում մարդկանց վերայ, եւ մարդիկ հայհոյեցին Աստուծուն այն կարկտի հարուածի համար, որ սաստիկ մեծ է նորա պատուհասը։
← Ցանկ