ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ17
  • 1Եւ այն եօթը սկաւառակներն ունեցող եօթը հրեշտակներից մէկն եկաւ եւ խօսեց ինձ հետ ասելով. Եկ քեզ ցոյց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ այն շատ ջրերի վերայ նստում է,
  • 2Որի հետ պոռնկուեցան երկրի թագաւորները եւ երկրի բնակիչները նորա պոռնկութեան գինովն արբեցին։
  • 3Եւ ինձ առաւ տարաւ հոգով մի անապատ. Եւ տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ՝ լիքը հայհոյութեան անուններով որ եօթը գլուխ ունէր եւ տասը եղջիւր։
  • 4Եւ այն կինը որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատուական ակունքներով եւ մարգարիտներով զարդարուած մի ոսկի բաժակ ունէր իր ձեռքումը, լիքը գարշելութիւններով եւ իր պիղծ պոռնկութիւնովը,
  • 5Եւ նորա ճակատումը գրուած էր մի անուն՝ Խորհուրդ, Մեծ Բաբիլոն, պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը։
  • 6Եւ տեսայ այն կինը արբած սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը. Եւ երբոր տեսայ նորան, մեծ զարմանքով զարմացայ։
  • 7Եւ հրեշտակն ասեց ինձ. Ի՞նչու համար զարմացար. Ես ասեմ քեզ այդ կնկայ խորհուրդը, եւ այն գազանինը, որ նորան վեր է առել, որ եօթը գլուխը ունի եւ տասը եղջիւրը։
  • 8Գազանը որ տեսար, կար եւ չ’կայ, եւ անդունդիցն է դուրս գալու եւ կորուստն է գնալու, եւ կ’զարմանան երկրի վերայ բնակողները որոնց անունները գրուած չեն կեանքի գրքի մէջ աշխարհքի սկզբից հետէ, երբոր տեսնեն այդ գազանը որ կար, եւ չ’կայ, թէեւ է։
  • 9Այստեղ է այն միտքը որ իմաստութիւն ունի. այն եօթը գլուխը եօթն սարեր են որ կինը նորանց վերայ նստած է. Եւ եօթը թագաւորներ են.
  • 10Հինգը ընկան, եւ մէկը կայ, միւսը դեռ չէ եկել. Եւ երբոր գայ մի քիչ ժամանակ պէտք է մնայ։
  • 11Եւ այն գազանը որ կար եւ չ’կայ, նա էլ ութերորդն է եւ այն եօթնիցն է, եւ կորուստն է գնում,
  • 12Եւ այն տասը եղջիւրը որ տեսար, տասը թագաւորներ են. Որոնք դեռ թագաւորութիւն չեն առել, այլ թագաւորի պէս իշխանութիւն են անում մէկ ժամ այն գազանի հետ։
  • 13Սորանք մէկ կամք ունին, եւ իրանց զօրութիւնը եւ իշխանութիւնը կ’տան գազանին։
  • 14Սորանք պատերազմ կ’անեն Գառի հետ, եւ Գառը կ’յաղթէ նորանց, որովհետեւ տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ են, կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ են։
  • 15Եւ ասեց ինձ. Այդ ջրերը, որ տեսար ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, եւ բազմութիւններ եւ ազգեր եւ լեզուներ։
  • 16Եւ տասը եղջիւրը, որ տեսար գազանի վերայ, նորանք կ’ատեն պոռնկին, եւ նորան ամայի եւ մերկ կ’անեն, եւ նորա միսերը կ’ուտեն եւ կրակով կ’այրեն նորան։
  • 17Որովհետեւ Աստուած դրաւ նորանց սրտերի մէջ որ նորա կամքն անեն, եւ միակամ լինեն, եւ իրանց թագաւորութիւնը տան գազանին մինչեւ որ Աստուծոյ խօսքերը կատարուին։
  • 18Եւ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագաւորութիւն ունի երկրի թագաւորների վերայ։
← Ցանկ