ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ6
  • 1Եւ տեսայ երբոր Գառը այն կնիքներից մէկը բացաւ, եւ այն չորս կենդանիների մէկիցը լսեցի որ որոտմունքի ձայնի պէս ասում էր. Եկ եւ տես։
  • 2Եւ տեսայ, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նորա վերայ նստողը մի աղեղ ունէր. Եւ մի պսակ տրուեցաւ նորան, եւ նա դուրս եկաւ յաղթելով եւ յաղթելու համար։
  • 3Եւ երբոր երկրորդ կնիքը բացաւ, երկրորդ կենդանիիցը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես։
  • 4Եւ մի ուրիշ ձի դուրս եկաւ կարմիր. Եւ նորա վերայ նստողին տրուեցաւ որ խաղաղութիւնը վեր առնէ երկրիցը, եւ որ իրար մորթեն. Եւ մի մեծ սուր տրուեցաւ նորան։
  • 5Եւ երբոր երրորդ կնիքը բացաւ, երրորդ կենդանիիցը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես. Եւ տեսայ եւ ահա մի սեւ ձի, եւ նորա վերայ նստողը մի կշիռք ունէր իր ձեռքումը։
  • 6Եւ չորս կենդանիների միջիցը մի ձայն լսեցի որ ասում էր. Մի կապիճ ցորենը մի դենարի, եւ երեք կապիճ գարին մի դենարի, եւ ձէթին եւ գինուն վնաս չ’տաս։
  • 7Եւ երբոր չորրորդ կնիքը բացաւ, չորրորդ կենդանու ձայնը լսեցի որ ասում էր. Եկ եւ տես։
  • 9Եւ երբոր հինգերորդ կնիքը բացաւ, տեսայ սեղանի ներքեւ նորանց հոգիները որ մորթուած էին Աստուծոյ խօսքի համար եւ այն վկայութեան համար որ ունէին,
  • 10Որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից։
  • 11Եւ նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան, եւ ասուեցաւ նորանց, որ տակաւին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչեւ որ նորանց ծառայակիցները եւ նորանց եղբայրներն էլ կատարուին որ նորանց պէս սպանուելու են։
  • 12Եւ տեսայ, երբոր վեցերորդ կնիքը բացաւ, եւ ահա մեծ շարժ եղաւ, եւ արեգակը սեւացաւ մազեղէն քուրձի պէս, եւ լուսինն արիւնի պէս եղաւ։
  • 13Եւ երկնքի աստղերը թափուեցան երկրի վերայ ինչպէս թզենին իր խակ պտուղը թափում է՝ սաստիկ քամուց շարժուած։
  • 14Եւ երկինքը տեղիցը քաշվում էր գալարուող գրքի պէս. Եւ բոլոր սարերն ու կղզիներն իրանց տեղիցը շարժուեցան։
  • 15Եւ երկրի թագաւորները եւ մեծամեծները եւ հարուստները եւ հազարապետները եւ զօրաւորները եւ ամեն ծառայ եւ ամեն ազատ թագցրին իրանց անձերը այրերի եւ ժայռերի մէջ,
  • 16Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. Վայր ընկէք մեզ վերայ, եւ ծածկեցէք մեզ աթոռի վերայ նստողի երեսիցը, եւ Գառի բարկութիւնիցը.
  • 17Որ նորա բարկութեան մեծ օրը եկել է, եւ ո՞վ կարող է կանգնել։
← Ցանկ