ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ8
  • 1Եւ երբոր եօթներորդ կնիքը բացաւ, լռութիւն եղաւ երկնքումը իբրեւ կէս ժամի չափ։
  • 2Եւ տեսայ այն եօթը հրեշտակները որ Աստուծոյ առաջին կանգնած էին. Եւ եօթը փող տրուեցաւ նորանց։
  • 3Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ կանգնեց սեղանի առաջին, եւ ոսկի խնկանոց ունէր. Եւ շատ խունկ տրուեցաւ նորան, որ բոլոր սուրբերի աղօթքների հետ մատուցանէ այն ոսկի սեղանի վերայ որ աթոռի առաջին էր։
  • 4Եւ վեր ելաւ խնկերի ծուխը սուրբերի աղօթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստուծոյ առաջին։
  • 5Եւ հրեշտակն այն խնկանոցն առաւ եւ լցրեց սեղանի կրակիցը, եւ գցեց երկրի վերայ, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղաւ։
  • 6Եւ այն եօթը հրեշտակները, որ եօթը փողերն ունէին, իրանց պատրաստեցին որ փչեն։
  • 7Եւ առաջին հրեշտակը փողը փչեց, եւ եղաւ կարկուտ եւ կրակ արիւնով խառնուած եւ ընկաւ երկրի վերայ. Եւ երկրի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ ծառերի երրորդ բաժինը այրուեցաւ, եւ բոլոր կանաչ խոտերը այրուեցան։
  • 8Եւ երկրորդ հրեշտակը փողը փչեց, եւ իբրեւ մի մեծ սար կրակով բորբոքուած ընկաւ ծովի մէջ, եւ ծովի երրորդ բաժինն արիւն դառաւ։
  • 9Եւ ծովի մէջ շունչ ունեցող արարածների երրորդ բաժինը մեռաւ, եւ նաւերի երրորդ բաժինը փճացաւ։
  • 10Եւ երրորդ հրեշտակը փողը փչեց, եւ երկնքիցը մի մեծ աստղ ընկաւ ղամբարի պէս բորբոքուած, եւ ընկաւ գետերի երրորդ բաժնի եւ ջրերի աղբիւրների վերայ։
  • 11Եւ աստղի անունը Օշինդր էր. Եւ ջրերի երրորդ բաժինը օշինդր դառաւ, եւ շատ մարդիկ մեռան ջրերիցը, որ դառնացել էին։
  • 12Եւ չորրորդ հրեշտակը փողը փչեց, եւ վիրաւորուեցաւ արեգակի երրորդ բաժինը, եւ լուսնի երրորդ բաժինը, եւ աստղերի երրորդ բաժինը. Որ նորանց երրորդ բաժինը խաւարուի. Եւ ցերեկը երրորդ բաժինը լոյս չ’տայ, եւ գիշերն էլ նմանապէս։
  • 13Եւ տեսայ, եւ լսեցի մի հրեշտակ որ երկնքի միջովը թռչում էր եւ մեծ ձայնով ասում. Վա՛յ, վա՛յ, վա՛յ նորանց որ բնակուած են երկրի վերայ, այն երեք հրեշտակների փողի միւս ձայներիցը, որոնք փչելու են։
← Ցանկ