ԴԱՏԱՎՈՐԱՑ1
  • 1Եւ եղաւ որ Յեսուի մեռնելուց յետոյ Իսրայէլի որդիքը Տիրոջը հարցրին եւ ասեցին. Ո՞վ վեր կենայ առաջ մեզ համար Քանանացիների վերայ՝ նորանց հետ պատերազմելու։
  • 2Եւ Տէրն ասեց. Յուդան թող վեր կենայ. Ահա երկիրը նորա ձեռքը տուի։
  • 3Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնին ասեց. Ինձ հետ վեր կաց դէպի իմ վիճակը, եւ Քանանացիների հետ պատերազմենք, եւ ես էլ քեզ հետ կ’գնամ քո վիճակը. Եւ Շմաւոնը գնաց նորա հետ։
  • 4Եւ Յուդան ելաւ, եւ Տէրը Քանանացիներին եւ Փերեզացիներին նորանց ձեռքը տուաւ. Եւ նորանցից Բեզեկումը տասը հազար մարդ կոտորեցին։
  • 5Եւ Բեզեկի մէջ գտան Ադոնիբեզեկին, եւ նորա հետ պատերազմեցին, եւ զարկեցին Քանանացիներին եւ փերեզացիներին։
  • 6Եւ Ադոնիբեզեկը փախաւ. Բայց նորանք նորա ետեւից ընկնելով նորան բռնեցին, եւ նորա ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրեցին։
  • 7Եւ Ադոնիբեզեկն ասեց. Եօթանասուն թագաւոր, որոնց ձեռքերի եւ ոտքերի մեծ մատերը կտրուած էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին ժողովում. ես ինչպէս որ արի, Աստուած էլ ինձ այնպէս հատուցում արաւ։ Եւ նորան տարան Երուսաղէմ, եւ նա այնտեղ մեռաւ։
  • 8Եւ Յուդայի որդիքը Երուսաղէմի հետ պատերազմ արին եւ նորան առան եւ սուրի բերանով զարկեցին եւ նորանց քաղաքը կրակով այրեցին։
  • 9Եւ յետոյ Յուդայի որդիքը իջան, որ լեռնակողմումը եւ հարաւային կողմումը եւ դաշտումը բնակող Քանանացիների դէմ պատերազմեն։
  • 10Եւ Յուդան գնաց Քեբրոնումը բնակող Քանանացիների վերայ (եւ Քեբրոնի անունը առաջուց Կարիաթ-արբա էր.) եւ զարկեցին Սէսին, Աքիմանին եւ Թոլմիին։
  • 11Եւ այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների վերայ. (եւ Դաբիրի անունը առաջուց Կարիաթ-սեփեր էր.)
  • 13Եւ Քաղէբի փոքր եղբօր Կենեզի որդի Գոթոնիէլը առաւ նորան, եւ Քաղէբն իր աղջիկ Աքսան նորան տուաւ իբրեւ կին։
  • 14Եւ երբոր աղջիկը գնում էր, նորան յորդորեց որ իր հօրիցը մի ագարակ ուզէ, եւ նա էշիցը վայր իջաւ. Եւ Քաղէբն ասեց նորան. Ի՞նչ կայ քեզ։
  • 15Եւ աղջիկը նորան ասեց, Ինձ օրհնութիւն տուր. Որովհետեւ ինձ մի հարաւային երկիր ես տուել, ինձ ջրի աղբիւրներ էլ տուր։ Եւ Քաղէբը նորան տուաւ վերի աղբիւրները եւ ցածի աղբիւրները։
  • 16Եւ Մովսէսի աներ Կենեցիի որդիքը վեր կացան Յուդայի որդկանց հետ Արմաւենեաց քաղաքիցը Արադի հարաւային կողմին եղող Յուդայի անապատումը, եւ գնացին բնակուեցան ժողովրդի հետ։
  • 17Եւ Յուդան իր եղբայր Շմաւոնի հետ գնաց. Եւ Սեփաթումը բնակող Քանանացիներին զարկեցին, եւ նորան նզովեցին. Եւ այն քաղաքի անունը Հօրմա կոչեցին։
  • 18Եւ Յուդայեանք առան Գազան եւ նորա սահմանը, եւ Ասկաղոնը եւ նորա սահմանը, եւ Ակկարոնը եւ նորա սահմանը։
  • 19Եւ Տէրը Յուդայի հետ էր, եւ նա տիրեց սարին, բայց հովիտների բնակիչներին չ’կարողացաւ հալածել, որովհետեւ նորանք երկաթի կառքեր ունէին։
  • 20Եւ Քեբրոնը Քաղէբին տուին, ինչպէս որ Մովսէսն ասել էր. Եւ նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։
  • 21Եւ Բենիամինի որդիքը չ’հալածեցին Երուսաղէմումը բնակող Յեբուսացիները. Եւ Յեբուսացիները Բենիամինի որդկանց հետ Երուսաղէմումը բնակուեցան մինչեւ այս օրը։
  • 22Եւ Յովսէփի տունն էլ Բեթէլի վերայ վեր կացան, եւ Տէրը նորանց հետ էր։
  • 23Եւ Յովսէփի տունը լրտեսեցին Բեթէլը. (եւ այն քաղաքի անունը առաջուց Լուզ էր.)
  • 24Եւ պահապանները մի մարդ տեսան, որ այն քաղաքից դուրս էր գալիս եւ նորան ասեցին. Աղաչում ենք, քաղաքը մտնելու տեղը մեզ ցոյց տուր, եւ քեզ ողորմութիւն կ’անենք։
  • 25Եւ նա քաղաքը մտնելու տեղը ցոյց տուաւ նորանց, եւ նորանք քաղաքը սուրի բերանով զարկեցին, բայց այն մարդին եւ նորա բոլոր ազգատոհմը թող տուին։
  • 26Եւ այն մարդը Քետացիների երկիրը գնաց, եւ մի մեծ քաղաք շինեց, եւ նորա անունը Լուզ կոչեց. Մինչեւ այս օրը նորա անունը այս է։
  • 27Եւ Մանասէն չ’հալածեց Բեթսանը եւ նորա գիւղաքաղաքները, Թանաքը եւ նորա գիւղաքաղաքները, Դովրի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները, Յեբղաամի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները, Մակեդդովի բնակիչներին եւ նորա գիւղաքաղաքները. Եւ Քանանացիները կամակորութեամբ բնակուեցան այս երկրում։
  • 28Եւ երբոր Իսրայէլն ուժովացաւ՝ Քանանացիներին հարկատու արաւ, բայց նորանց բոլորովին չ’հալածեց։
  • 29Եւ Եփրեմը չ’հալածեց Գազերումը բնակող Քանանացիներին. Եւ Քանանացիները նորա հետ Գազերումը բնակուեցան։
  • 30Զաբուղոնը չ’հալածեց Կեդրոնի բնակիչներին եւ Նաաղօլի բնակիչներին. Եւ Քանանացիները նորանց մէջ բնակուեցան եւ հարկատու եղան։
  • 31Ասերը չ’հալածեց Ակքովի բնակիչներին, եւ Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելփայի, Ափեկի եւ Րոոբի բնակիչներին.
  • 32Այլ Ասերեանք այն երկրումը բնակող Քանանացիների մէջ բնակուեցան. Որովհետեւ նորանց չ’հալածեցին։
  • 33Նեփթաղիմը չ’հալածեց Բեթսամիւսի բնակիչներին, եւ Բեթանաթի բնակիչներին, այլ այն երկրումը բնակող Քանանացիների մէջ բնակուեց. Եւ Բեթսամիւսի ու Բեթանաթի բնակիչները նորան հարկատու եղան։
  • 34Եւ Ամօրհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վերայ, որովհետեւ նորանց թող չ’տուին որ իջնեն հովիտները։
  • 35Եւ Ամօրհացիները կամակորութեամբ բնակուեցան Հարէս սարումը Այեղօնի եւ Սաղաբինի մէջ. Բայց երբոր Յովսէփի տան ձեռքը ուժովացաւ, նորանք հարկատու եղան։
  • 36Եւ Ամօրհացիների սահմանը Ակրաբիմի զառիվերիցը՝ Վէմիցը եւ էլ վեր էր։
← Ցանկ