Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ30
  • 1Եւ երբոր Դաւիթը եւ իր մարդիկը երրորդ օրը մտան Սիկելակ, ահա Ամաղեկացիները յարձակուել էին հարաւային երկրի ու Սիկելակի վերայ. Եւ Սիկելակը զարկելով՝ նորան կրակով այրել էին.
  • 3Եւ երբոր Դաւիթը եւ իր մարդիկը քաղաքը հասան, ահա կրակով այրուած էր նա. Եւ իրանց կանայքը, տղերքը եւ աղջկերքը գերի էին տարուած։
  • 4Եւ Դաւիթը եւ իր հետ եղող ժողովուրդն իրանց ձայները բարձրացրին եւ լաց եղան, մինչեւ որ նորանց վերայ ոյժ չ’մնաց լալու։
  • 5Եւ Դաւիթի երկու կանայքը Յեզրայէլացի Աքինոամը եւ Կարմելացի Աբաղի կինը՝ Աբիգեան էլ էր գերի տարուած։
  • 6Եւ Դաւիթը մեծ տագնապի մէջ էր, որովհետեւ ժողովուրդը նորան ուզում էր քարկոծել, նորա համար որ բոլոր ժողովրդից ամեն մէկի սիրտը կսկծում էր իր տղերանց ու աղջկանց համար. Բայց Դաւիթը զօրացաւ իր Տէր Աստուծովը։
  • 7Եւ Դաւիթը Աքիմելէքի որդի Աբիաթար քահանային ասեց. Եփուդ մօտեցրու ինձ, եւ Աբիաթարը եփուդը Դաւիթին մօտեցրեց։
  • 8Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Այս գունդի ետեւից հալածե՞մ. Նորանց կ’հասնե՞մ. Եւ նա նորան ասեց. Հալածիր, որովհետեւ անպատճառ կ’հասնես եւ բոլորովին կ’ազատես։
  • 9Եւ Դաւիթը ինքը եւ իր հետ եղող վեց հարիւր մարդիկը գնացին, եւ եկան մինչեւ բոսոր հեղեղատը, եւ ետ մնացողները կանգնեցին։
  • 10Եւ Դաւիթը չորս հարիւր մարդով թշնամիին հալածեց. (սակայն երկու հարիւր մարդիկը որ շատ յոգնած էին, մնացին Բոսոր հեղեղատի այս կողմին առանց անցնելու։)
  • 11Եւ նորանք դաշտի մէջ մի Եգիպտացի մարդ գտան, եւ նորան բերին Դաւիթի մօտ. Եւ նորան հաց տուին, ու կերաւ, եւ նորան ջուր խմեցրին.
  • 12Եւ նորան մի քիչ չոր թուզ եւ երկու ողկոյզ չամիչ տուին, որ կերաւ եւ ոգին վերան եկաւ. Որովհետեւ երեք օր եւ երեք գիշեր հաց չէր կերել եւ ջուր չէր խմել։
  • 13Եւ Դաւիթը նորան ասեց. Դու ո՞ւմ մարդն ես, եւ ո՞ր տեղից ես։ Եւ նա ասեց. Ես մի Եգիպտացի պատանի եմ, մի Ամաղեկացի մարդի ծառայ. Եւ իմ տէրն ինձ ձգել է, որովհետեւ հիմա երեք օր է որ հիւանդ եմ։
  • 14Մենք Քերեթի հարաւային կողմի Յուդայի կողմերի եւ Քաղէբի հարաւային կողմերի վերայ յարձակուեցանք, եւ Սիկելակը կրակով այրեցինք։
  • 15Եւ Դաւիթը նորան ասեց. Ինձ այն գունդին մօտ կ’տանե՞ս։ Եւ նա ասեց. Դու ինձ Աստուծմով երդում արա որ ինձ չես մեռցնիլ, եւ ինձ իմ տիրոջ ձեռքը չես տալ. Ես էլ քեզ այն գունդին կ’տանեմ։
  • 16Եւ նա նորան տարաւ. Եւ ահա նորանք բոլոր գետնի երեսի վերայ ցրուած էին. Ուտում էին ու խմում էին, եւ Փղշտացիների երկրից ու Յուդայի երկրից առած այն բոլոր մեծ աւարի համար ուրախութիւն էին անում։
  • 17Եւ Դաւիթն արշալոյսից մինչեւ հետեւեալ օրուայ իրիկունը նորանց զարկեց, եւ նորանցից ոչ մի մարդ չ’ազատուեցաւ, բայց միայն չորս հարիւր երիտասարդներ՝ որոնք ուղտերի վերայ հեծան եւ փախան։
  • 18Եւ Դաւիթն Ամաղեկացիների առած բոլոր բաները ազատեց. Եւ Դաւիթն իր երկու կանանցն էլ ազատեց։
  • 19Եւ իրանց մէկ բանը պակաս չէր պզտիկից մինչեւ մեծը, թէ տղայ, թէ աղջիկ, եւ թէ աւար, ինչ որ նորանք առել տարել էին, Դաւիթն ամենն էլ ետ բերաւ։
  • 20Եւ Դաւիթը բոլոր ոչխարներն ու արջառներն առաւ, եւ նորանց հօտերի առաջից տանում էին, եւ ասում էին՝ Դաւիթի աւարն է այս։
  • 21Եւ Դաւիթն այն երկու հարիւր մարդկանց մօտ եկաւ, որոնք շատ յոգնած էին եւ չէին կարողացել Դաւիթի ետեւից գնալ. Եւ նա նորանց նստեցրել էր Բոսոր հեղեղատի մօտ. Եւ նորանք դուրս եկան Դաւիթին եւ նորա հետ եղող ժողովրդին դիմաւորելու. Եւ Դաւիթը երբոր ժողովրդին մօտեցաւ, նորանց ողջութիւնը հարցրեց։
  • 22Եւ Դաւիթի հետ գնացող մարդկանցից բոլոր չար անզգամ մարդիկը պատասխանեցին եւ ասեցին. Ըստ որում սորանք մեզ հետ չեն գնացել՝ մենք էլ նորանց մեր ազատած աւարիցը չենք տալ. Ամեն մարդ միայն իր կինն ու որդին առնէ ու գնայ։
  • 23Բայց Դաւիթն ասեց. Այդպէս մի անիք, եղբայրներս, որովհետեւ Տէրը մեզ տուաւ այս, եւ ինքը մեզ պահեց եւ մեր վերայ եկող գունդին մեր ձեռքը մատնեց.
  • 24Եւ այս բանի մէջ ո՞վ ձեզ կ’լսէ. Որովհետեւ կարասիների մօտ նստողների բաժինը պատերազմի գնացողների բաժնի հետ հաւասար պիտի լինի. Հաւասարապէս պիտի բաժանեն։
  • 25Եւ այն օրից ի վեր այսպէս է Իսրայէլի մէջ. Նա կանոն եւ օրէնք դրաւ այս մինչեւ այս օրը։
  • 26Եւ Դաւիթն եկաւ Սիկելակ, եւ այն աւարիցն ուղարկեց Յուդայի ծերերին՝ իր բարեկամներին ասելով. Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների աւարիցը մէկ ընծայ։
  • 27Այսինքն Բեթելում եղողներին, հարաւային Ռամովթում եղողներին, Յաթիրում եղողներին,
  • 28Արոերում եղողներին, Սեփամովթում եղողներին,
  • 29Եսթեմովում եղողներին, Րաքալում եղողներին, Յերամելացիների քաղաքներում եղողներին, Կենեցիների քաղաքներում եղողներին,
  • 30Հօրմայում եղողներին, Քովրասանում եղողներին, Աթաքում եղողներին,
  • 31Քեբրոնում եղողներին, եւ այն ամեն տեղերը ուր որ Դաւիթն իր մարդկանցովը ման էր եկել։
← Ցանկ