Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ7
  • 1Եւ Կարիաթարիմի մարդիկը գնացին եւ վեր տարան Տիրոջ տապանակը. Եւ բերին նորան Աբինադաբի տունը՝ բլուրի վերայ. Եւ նորա որդի Եղիազարին որոշեցին որ Տիրոջ տապանակի պահպանութիւնն անէ։
  • 2Եւ տապանակը Կարիաթարիմ եկած օրից յետոյ շատ օրեր անցան, եւ քսան տարի եղաւ. Եւ Իսրայէլի բոլոր տունը հառաչեցին Տիրոջ ետեւից։
  • 4Եւ Իսրայէլի որդիքը հեռացրին Բահաղիմն ու Աստարովթը եւ միայն Տիրոջը պաշտեցին։
  • 5Եւ Սամուէլն ասեց. Բոլոր Իսրայէլին Մասփայ ժողովեցէք, եւ ձեզ համար աղօթք անեմ Տիրոջը։
  • 6Եւ Մասփայ ժողովուեցան, եւ ջուր քաշեցին եւ Տիրոջ առաջը թափեցին, եւ այն օրը ծոմ բռնեցին, եւ այնտեղ ասեցին. Տիրոջ դէմ մեղք գործեցինք։ Եւ Սամուէլը Մասփայումը Իսրայէլի որդկանց դատաւորութիւն արաւ։
  • 7Եւ երբոր Փղշտացիները լսեցին որ Իսրայէլի որդիքը Մասփայ են ժողովուել, Փղշտացիների նախարարները վեր ելան Իսրայէլի դէմ. Եւ Իսրայէլի որդիքը լսեցին՝ եւ Փղշտացիների երեսիցը վախեցան։
  • 8Եւ Իսրայէլի որդիքը Սամուէլին ասեցին. Անդադար դէպի մեր Տէր Աստուծուն աղաղակիր մեզ համար որ մեզ Փղշտացիների ձեռքիցն ազատէ։
  • 9Եւ Սամուէլը մէկ կաթնակեր գառնուկ առաւ, եւ նորան բոլորովին ողջակէզ արաւ Տիրոջ. Եւ Սամուէլն Իսրայէլի համար դէպի Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նորան պատասխանեց։
  • 10Եւ երբոր Սամուէլը մատուցանում էր ողջակէզը, Փղշտացիները մօտեցան որ Իսրայէլի դէմ պատերազմ անեն. Եւ Տէրը նոյն օրը Փղշտացիների վերայ մեծ ձայնով որոտաց, եւ նորանց խռովեցրեց. Եւ նորանք Իսրայէլի առաջին զարկուեցան։
  • 11Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայից դուրս եկան եւ Փղշտացիներին հալածեցին, եւ մինչեւ Բեթքովրի տակ նորանց ջարդեցին։
  • 12Եւ Սամուէլը մէկ քար առաւ, եւ Մասփայի ու Սենի մէջտեղումը կանգնեցրեց, եւ նորա անունը Աբենեզեր կոչեց, ասելով. Տէրը մինչեւ այստեղը օգնեց մեզ։
  • 13Եւ Փղշտացիները կորագլուխ եղան, եւ այլ եւս չ’եկան Իսրայէլի սահմանի մէջ. Եւ Սամուէլի բոլոր օրերումը Տիրոջ ձեռքը Փղշտացիների վերայ էր։
  • 14Եւ նորանք Իսրայէլին ետ դարձրին այն քաղաքները, որ Փղշտացիները առել էին Ակկարոնից մինչեւ Գէթ. Եւ Իսրայէլը նորանց սահմանները ազատեց Փղշտացիների ձեռքիցը, եւ Իսրայէլի ու Ամօրհացիների մէջտեղը խաղաղութիւն էր։
  • 15Եւ Սամուէլն իր կեանքի բոլոր օրերումն Իսրայէլի դատաւորն էր։
  • 16Եւ տարուց տարի գնում էր Բեթէլ, Գաղգաղա եւ Մասփա եւ ման էր գալիս բոլոր այն տեղերումը ու դատում Իսրայէլին։
  • 17Եւ ետ էր դառնում Ռամա, որովհետեւ իր տունը այնտեղ էր, եւ այնտեղ դատում էր Իսրայէլին. Եւ այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար
← Ցանկ