Դերեկ Պրինս. «Լեզվի հիվանդությունները. 1. Շատախոսություն»

«Կարիք ունի՞ ձեր լեզուն բժշկության» գրքից

Լեզուն, լինելով փոքրիկ օրգան, կարող է մեծ դժբախտությունների պատճառ դառնալ։ Հնարավոր չէ կյանք տալ մեռած անտառին։ Որքա~ն այդպիսի ընտանիքներ, եկեղեցիներ և ճակատագրեր են եղել, որտեղ մեկ լեզուն եղել է այն փոքրիկ կայծը, որն այրել է ամեն բան, և ոչինչի այլևս հնարավոր չի եղել վերականգնել։

Այժք դիտարկենք լեզվի հիմնական հիվանդությունները, որոնք երեքն են։

 

Առաջին հիվանդություն` չափազանց շատախոսություն

Շատ դեպքերում սա համարվում է նորմալ երևույթ և ոչ թե հիվանդություն։ Սակայն դա այդպես չէ։ Առակաց 10:19-ն ասում է. 

«Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց իր շրթունքը զսպողը խելացի է»։

Այլ խոսքով, եթե շատախոսում եք, կանգնած եք ինչ-որ սխալ բան ասելու եզրին։ Այլ տարբերակ չկա։ Աստվածաշունչը մեզ զգուշացնում է Աստծո մասին խոսելիս չշատախոսել։ Մեզանից մեծամասնությունն իրոք պետք է լսի այս զգուշացումը։

Ժողովող 5:2-3-ում ասվում է. 

«Մի՛ շտապիր լեզվովդ և սիրտդ շուտով բան չարտասանի Աստծո առաջ, որովհետև Աստված երկնքում է, և դու` երկրի վրա. սրա համար թող խոսքերդ քիչ լինեն։ Որովհետև երազը գալիս է զբաղմունքի շատությունից, և հիմարի ձայնը` շատախոսությունից։ Երբ որ Աստծուն ուխտ ես ուխտում, մի՛ ուշացրու հատուցանել, որովհետև Նա հիմարներին չի հաճում։ Ինչ որ ուխտում ես, կատարի՛ր»։

Մի առիթով մեկն ինձ ասաց. «Սուտ երգելը նույնպիսի մեղք է, ինչպես սուտ խոսելը»։ Շատ մարդկանց եմ հանդիպել, որոնք Աստծուն երգում էին լրիվ նվիրվելու և ենթարկվելու մասին։ «Հիսո՛ւս, ես լրիվ ենթարկվում և հնազանդվում եմ Քեզ»։ Իսկ երբ նրանց է մոտեցվում հանգանակության զամբյուղը, նրանք փորձում են թաքնվել։ Դրանք երկու անհամատեղելի գործողություններ են։ Եթե դուք չեք ձգտում ձեր կյանքն ամբողջությամբ նվիրել Աստծուն, մի՛ ասեք, որ ամբողջովին հնազանդվում եք Իրեն, որովհետև Աստված պատասխան կպահանջի ձեզանից այն խոսքերի համար, որոնք ասվել են Իր ներկայության մեջ։ Աստվածաշունչն ասում է, որ հրեշտակը գրի է առնում այն ամենը, որը մենք ասում և արտահայտում ենք աղոթքի և փառաբանության ժամանակ։ Եվ այդ ժամանակ, համաձայն Աստվածաշնչի, այլևս ուշ կլինի բացատրել. «Ես իրականում դա նկատի չունեի, ես սխալվել եմ», որովհետև մենք հաշիվ ենք տալու բոլոր խոսքերի, աղոթքների և երգերի համար։ Մի օր դրանք դրվելու են մեր առաջ, և պետք է պատասխան տանք այդ ամենի համար։ Հաշիվ ենք տալու նաև մեր ասածների և արածների անհամապատասխանության համար։ ժողովող 5:7 –ում ասվում է.

 «Որովհետև շատ երազներում և շատ խոսքերում շատ էլ ունայնություններ կան, բայց դու վախեցիր Աստծուց»։

 Շատախոսությունը հիմարության արդյունք է։ Եթե հանդիպեք շատախոս մարդու, ապա ապացույցներ պետք չեն, որ նա հիմար է։ Հիմարությունը ճանաչվում է շատախոսության մեջ։ Ինչի՞ մեջ է այս խնդրի արմատը։ Ես համոզված եմ, որ արմատն անհանգստությունն է։ Համեմատեք սա Հակոբոսի ասածի հետ Հակոբոս 3:8-ում.

«Բայց ոչ ոք չի կարող հնազանդեցնել մարդկային լեզուն, որ չար է, անզսպելի և մահացու թույնով լեցուն»։

Մարդիկ, որոնք անդադար խոսում են, անհանգիստ են և անզուսպ։ Ժամանակակից մեր հասարակությունը լի է անհանգսիտ մարդկանցով։ Ձեզ երբևէ չի՞ վիճակվել հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք ձեզ վրա բառերի տարափ են թափել։ Ինչո՞ւմն է իրենց խնդրի արմատը. Անձի անխաղաղության մեջ։ Ծայրահեղ շատախոսությունը սրտի անխաղաղության ցուցիչն է։

Շարունակելի