Աստվածաշնչյան լավագույն խոսքերը սթրեսի դեմ

Սթրեսը, ճնշվածության զգացողությունը, նյարդային լարված վիճակները դարձել են 21-րդ դարի մարդու անբաժան ուղեկիցները։ Իրավիճակներ են լինում, որոնք մեր հսկողությունից դուրս են, և երբեմն չենք կարողանում տիրապետել կյանքի խառնաշփոթ իրավիճակին։ Առանց Աստծո կյանքն անկառավարելի է դառնում մարդու համար, ավելին, Աստծո Խոսքն ասում է, որ այդպսիս կյանքը կառավարվում է մարդու ոխերիմ թշնամու` սատանայի կողմից։

Բարի լուրն այն է, որ քրիստոնյայի համար ցանկացած իրավիճակում ելք կա։ Սթրեսն ու ճնշվածության զգացողությունը պարզապես խթան են հանդիսանում, որ Աստծո զավակն ավելի մոտենա իր Տիրոջը, փնտրի Նրա երեսը և որոնի Նրա կամքը։

Գալիլեայի ծովակում աշակերտները մեծ սթրեսի ենթարկվեցին։ Սաստիկ փոթորիկ էր, նավակը դարձել էր անկառավարելի, հույս չկար, ելք չկար, և այնքան հեռու ու անհաս էր թվում փափագելի ափը։

Երկու անգամ նրանք նման իրավիճակում հայտնվեցին։ Մենք էլ հնարավոր է հայտնվենք մի իրավիճակում, երբ ամեն բան մեր վերահսկողությունից դուրս է և տարուբերվում ենք կյանքի դաժան փոթարիկներից։ Դրանք կարող են լինել ընտանեկան, ֆինանսական, մտավոր կամ էլ հոգևոր փոթորիկներ։ Սակայն ամեն սթրեսի, փոթորիկի և ճնշումների ժամանակ մենք պետք է հիշենք, որ Հիսուսն է, որ սաստում է փոթորիկները և հանդարտեցնում ալիքները։ Նա նույն Հիսուսն է, որ փրկեց աշակերտներին կործանարար փոթորիկից, և այդ նույն Հիսուսն այսօր քեզ հետ է։ Եկե՛ք ականջ դնենք, թե Աստվածաշունչը` Աստծո կենդանի Խոսքը, ինչ խորհուրդ է տալիս մեզ փոթորիկների և սթրեսների ժամանակ։ Կիրառե՛քն այս խոսքերը, հնազանդվե՛նք դրանց, և դրանք կդառնան այն փրկարար օղակները, որոնք մեզ դուրս կհանեն փոթորիկներից և սթրեսներից, կհասցնեն ափ ու նավահանգիստ։

Նման փրկարար խոսքերը բազմաթիվ են, սակայն ահա դրանցից յոթը.

  1. Հովհաննես 14:1. «Ձեր սրտերը թող չշփոթվեն. Աստծո՛ւն հավատացեք և Ի՛նձ հավատացեք»։

  2. Հովհաննես 14:27. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, այլ Իմ խաղաղությունն եմ տալիս։ Թող ձեր սրտերը չշփոթվեն և չվախենան»։

  3. Հռոմեացիներին 16:20. «Եվ խաղաղության Աստվածը խորտակի սատանային ձեր ոտքերի տակ շուտով»։

  4. Փիլիպպեցիներին 4:6-7. «Ոչ մի բանի համար հոգս մի՛ արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում»։

  5. Հակոբոս 1:2-4. «Բոլորովին ուրախություն համարեցեք, եղբայրնե՛րս, երբ կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք` գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջական լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք»։

  6. Մատթեոս 11:28-30. «Ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես հագիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորե՛ք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ։ Եվ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետև Իմ լուծը քաղցր է և Իմ բեռը` թեթև»։

  7. Առակաց 3:5-6. «Տիրոջն ապավինիր քո ամբողջ սրտով և քո հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»:

Պատրաստեց Վազգեն Զոհրաբյանը