Աստվածաշնչյան 5 համար և 5 աղոթք պատերազմի և թշնամու հնարքների դեմ

Աստվածաշունչը բազմաթիվ անգամներ է խոսում պատերազմների մասին։ Բարձրյալ Աստծո անուններից մեկը` Սաբաովթ է, որ նշանակում է Զորաց Աստված։ Թեպետ Նա զորքերի Տերն է ու կոչվում է Հզոր պատերազմող, ով երբեք պարտություն չի ճաշակել, այնուամենայնիվ, խոսելով Հիսուսի մասին, Եսայան Նրան պիտի անվաներ Խաղաղության իշխան։ Աստծո Խոսքը խրախուսում է մեզ աղոթել այն քաղաքի, երկրի և ազգի խաղաղության համար, որտեղ բնակվում ենք։ Մատթեոս ավետարանի 5-րդ գլխում Տեր Հիսուսն ասաց, որ Աստծո որդիները խաղաղարար են։

Ձեզ ենք ներկայացնում աստվածաշնչյան 5 համարներ, որոնք կխաղաղեցնեն մեզ և կօգնեն ավելի արդյունավետ աղոթելու պատերազմական իրավիճակների մեջ.

1.«Մի՛ վախեցեք, կանգնե՛ք և տեսեք ՏԻՐՈՋ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար։ Որովհետև ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին (թշնամիներին) այլևս պիտի չտեսնեք հավիտյան։ Եհովան ձեզ համար պիտի պատերազմի, և դուք լուռ մնացեք»։

Ելից 14:13-24

Այս խոսքը սթափ լինելու, կանգուն մնալու և խուճապի չմատնվելու կոչ է։ Պատերազմական իրավիճակներում անչափ կարևոր է սթափ և արթուն մնալ և ոչ մի կերպ խուճապի չմատնվել։ Ահա այդ դեպքում է, որ Աստված ասում է, կմիջամտի և կպատերազմի մեր փոխարեն։

Աղոթենք. «Ո՛վ Սաբաովթ Տեր` Զորքերի Տեր, ես Քո Որդի Հիսուսի անունով մի կողմ եմ վանում վախը, տագնապն ու խառնաշփոթությունը։ Սթափվում եմ, կանգնում, որպեսզի տեսնեմ Քո փրկությունը։ Իմ աչքերը տեսնելու են Քո փրկությունը և չեն տեսնելու թշնամու երեսը, որովհետև Դու պիտի պատերազմես իմ և իմ ազգի համար»։

2. «Բոլոր քեզ դեմ շինած զենքերը պիտի չհաջողվեն»։ 

Եսայա 54:17

Ահա մի հրաշալի աղոթք. «Տե՛ր խորտակիր և խափանիր ամեն զենք, որ իմ ազգի դեմ է ուղղված։ Թող ոչ մի փամփուշտ և արկ չհաջողվի և չվնասի որևէ մեկին»։

3. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան թե նրանց հետ եղողները»։

4-րդ Թագավորաց 6:16

Աստվածաշնչյան այս պատմության մեջ ասորիները մեծաքանակ զորքով շրջապատել էին Իսրայելի Սամարիա քաղաքը։ Օրհասական վիճակ էր, ամենուրեք տագնապ, վախ և խուճապ էր տիրում։ Սակայն Եղիսե մարգարեի այս խոսքերը, ուղղված իր ծառային, պիտի սթափեցնեին վերջինիս և նրա աչքերը բացվելով` նա պիտի տեսներ հրեշտակների այն մեծ բազմությունը, որ նրանց շուրջն էր։ Արդյունքը լինում է թշնամական բանակի խայտառակ պարտությունն ու Աստծո Ժողովրդի փրկությունը։

Միասին աղոթենք. «Տե՛ր, ես գիտեմ, որ Քեզանից վախեցողների շուրջ Քո հրեշտակները բանակ են դնում և պահպանում են։ Ես չեմ վախենում, այլ աղոթում եմ, որ Քո հրեշտակներն ի գործ անցնեն և պաշտպանեն մեր երկրի սահմանները, քաղաքներն ու բնակավայրերը»։

4. «Տերը դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում է կրակով»։

Սաղմոս 46:9

Միասին աղոթենք. «Տե՛ր, դադարեցրու այս պատերազմը, խաղաղություն բեր մեր երկրի սահմաններին, փշրիր, կոտրատիր և այրիր ամեն մի զենք, որ Քո ժողովրդի դեմ դուրս կգա»։

5. «Նա դատաստան պիտի տեսնի ազգերի միջև ու հանդիմանի շատ ժողովուրդների, և նրանք իրենց սրերից խոփեր պիտի ձուլեն, և իրենց նիզակներից` մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, ոչ այլևս պատերազմել պիտի սովորեն»։

Եսայա 2:4

Աղոթենք. «Տե՛ր, Հզոր Աստված, Քո դատաստանը թող տեսնեն այն ազգերը ու Քո հանդիմանությանն արժանանան այն ժողովուրդները, որոնք սուր են բարձրացնում դրացիների վրա։ Խափանի՛ր ամեն սուր և պատերազմական գործիք և խաղաղությունդ հաստատիր ազգերի մեջ։ Ամեն»։

Եվ վերջում դարձյալ աղոթենք մեր զինվորների` հատկապես դիրքապահների համար։ Հռչակենք սաղմոս 91-ի խոսքերը նրանց վրա.

  • 1.Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
  • 2Ես կ’ասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։
  • 3Որովհետեւ նա կ’փրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։
  • 4Նա կ’ծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կ’լինիս. Նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։
  • 5Դու չես վախենալ գիշերի զարհուրանքից. Այն նետիցը որ թռչում է ցերեկը։
  • 6Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. Այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։
  • 7Հազար հոգի քո կողմիցը կ’ընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. Բայց քեզ չի մօտենալ։
  • 8Միայն քո աչքերովը կ’նայիս, եւ ամբարիշտների հատուցումը կ’տեսնես։
  • 9Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. Դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր.
  • 10Քեզ չար բան չի հասնիլ. Եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։
  • 11Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։
  • 12նորանք ձեռների վերայ կ’առնեն քեզ, որ քո ոտը քարի չ’դպցնես։
  • 13Առիւծների եւ իժերի վերայ կ’գնաս. Առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կ’տաս։
  • 14Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կ’փրկեմ նորան. Ես բարձր կ’անեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։
  • 15Նա կ’կանչէ դէպի ինձ՝ եւ ես կ’լսեմ նորան. ես նորա հետ կ’լինիմ նեղութեան մէջ. Կ’ապրեցնեմ նորան եւ փառաւոր կ’անեմ նորան։
  • 16Երկայն օրերով կ’կշտացնեմ նորան. Եւ իմ փրկութիւնը ցոյց կ’տամ նորան։

Վազգեն Զոհրաբյան

Հայաստանում և տարածաշրջանում «Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն