ՈՒՐԱՆԱԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԸ

Պողոսն ասում է. «Մենք չպետք է միայն մեր անձին հաճելի լինենք»։ Գիտե՞ք, թե ես ինչ եմ սովորել։ Ես հասկացել եմ, որ երբ ամեն անգամ մի արդյունավետ բան եմ անում Աստծո համար, որն ընդունելի է Իրեն, այն անում եմ՝ չհաճեցնելով իմ անձը։ Ես բացահայտել եմ այս անփոփոխ կանոնը. ամեն անգամ, երբ ինքս ինձ հաճեցնում եմ, ապա Աստծո համար օգտակար բան չեմ կարող անել։ Առաջին բանը, ինչը մենք պետք է անենք, մեր անձն ուրանալն է։ «Եսն» է, որ իմ մեջ անդադար հիշեցնում է իր մասին՝ ասելով. «Ե՛ս ուզում եմ, ե՛ս կամենում եմ, ե՛ս զգում եմ, ե՛ս կարծում եմ, եթե դուք ի՛նձ խնդրեք, սա ի՛մ դուրը գալիս է…»։ Մենք պետք է ուրանանք սա։ Ես պետք էասեմ՝ Ո՛Չ։

Պարզ է, թե ինչ է նշանակում ուրանալ անձը, այսինքն՝ ասել՝ ոչ։ Այն ինչ պետք է անեք, ձեզ ոչ ասելն է։Եթե դուք ոչ չեք ասում և չեք էլ պատրաստում ձեզ միշտ ոչ ասել, դուք չեք կարող քրիստոնեական կյանքով ապրել։ Դուք չեք կարող միաժամանակ հաճեցնել և՛ ձեզ, և՛ Քրիստոսին։ Դա հնարավոր չէ։
Ղուկասի ավետարանի 9:23-ում հետևյալ խոսքերն ենք կարդում.

«Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա»։

Երբ որոշեք Հիսուսին հետևել, ո՞րը պետք է լինի ձեր առաջին քայլը։ Առաջին քայլը սեփական անձի ուրացումն է։ Դուք չեք կարող հետևել Հիսուսին, մինչև այս որոշումը չկայացնեք։ Հետո շարունակությունն ասում է. «… ամեն օր իր խաչն առնի»։ Ես երբեք չեմ սիրել այս «ամեն օր» արտահայտությունը։ Երկար ժամանակ ես շրջանցում էի Ղուկասի ավետարանի 9:23 խոսքը, որովհետև մեկ այլ համար գիտեի, որտեղ այդ բառակապակցությունը չկար։ Դա Մատթեոսի ավետարանի 16:24-ում է, որտեղ կարելի է կարդել նույն բառերը բացի ամեն օր արտահայտությունից։ Այդ ժամանակ իմ աստվածաբանությունն ու ուսուցումը կառուցված էր խաչի մեկ և մեկընդմիշտ վերապրումի համոզման վրա, որը բացարձակ հավաստի և աստվածաբանական է։ Սակայն դա չի նշանակում, որ դրանով այն սահմանափակվում է։ Եվ ահա Ղուկասի ավետարանի 9:23 խոսքում Հիսուսն ավելացնում է այս փոքրիկ «ամեն օր» բառակապակցությունը. «…ամեն օր իր խաչն առնի…»։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր օր քրիստոնյային հնարավորություն է տրվում իր խաչն առնելու։ Եթե դուք օգտվեք այդ հնարավորությունից, ապա դուք հաղթական օր կունենաք։ Իսկ եթե բաց թողնեք այն, կունենաք պարտության օր։

Բայց ի՞նչ է խաչը։ Ես լսել եմ Չարլզ Սիմփսոնի արտահայտությունը այս կապակցությամբ. «Ձեր խաչն այնտեղ է, որտեղ ձեր կամքը խաչվում է Աստծո կամքի հետ»։ Ձեր խաչն այն բանն է, որի վրա դուք կարող եք մահանալ։ Դա այն տեղն է, ուր կարող եք վայր դնել ձեր կյանքը։ Երբ Հիսուսը գնում էր խաչելության, ասաց. «Ոչ մի մարդ չի կարող վերցնել իմ կյանքն ինձանից։ Ես իշխանություն ունեմ այն դնելու և վերցնելու»։ Այս իմաստով, ոչ ոք ձեր կյանքը չի խլում ձեզանից։ Եթե դուք ինքնակամ վայր չդնեք այն, ապա ոչ ոք այն ձեր ձեռքից չի խլի։

Ձեր խաչը, սիրելի՛ եղբայր, ձեր կինը չէ այնքան ժամանակ, մինչև դուք զորություն չունենաք իրեն վայր դնելու և նորից վերցնելու։ Ոչ էլ սիրելի՛ քույր՝ ձեր ամուսինը։ Այն նաև ձեր հիվանդությունը չէ, որը դուք չեք ընտրել և որից չեք կարողանում ձերբազատվել։ Ձեր խաչն այն տեղն է, որտեղ դուք կարող եք որոշում կայացնել չհաճեցնել ինքներդ ձեզ։

Իմ սեփական փորձառությունից կարող եմ ասել, որ ինչպես անցնելով ներքին պայքարների միջով՝ ես ճիշտ որոշումներ եմ ընդունել, որոնց հաջորդել են օրհնությունները։ Դրանից հետո և ոչ շուտ, ես կարողացա կատարել իմ ծառայությունը։ Ես չեմ կարող ծառայել՝ ինքս ինձ հաճեցնելով։ Իմ հին «ես»-ով չեմ կարող որևէ մեկին մի բան տալ։ Նրանից պետք էր բաժանվել, մինչ իմ կյանքից կբխեր Աստծո ծառայությունը։ Իսկ Հիսուսը մեզ հիշեցնում է. «Դուք այն ամեն օր պետք է անեք»։ Շատ անգամներ և՛ ես, և՛ դուք այնպիսի իրավիճակների առաջ ենք կանգնել, երբ Աստծո և մեր կամքը խաչվել են իրար հետ։ Մենք պետք է հասկանանք, որ դա ոչ թէ անհաջողություն է, այլ՝ Աստծո կողմից ստեղծված հարմար պատեհություն՝ Իր կամքն անելու համար։ Ես մեկ բան կարող եմ վստահեցնել ձեզ. եթե ես ուսուցանում եմ այս մասին, ապա հաջորդ մի քանի օրերի ընթացքում պատեհ առիթ եմ ունենում գործնականում կիրառել այս ուսուցումը։ Աստված և սատանան նայում են դրան։ Նախքան այս մասին սովորեցնելը՝ ես երկու անգամ խորհրդածել եմ այս հարցի շուրջ, որովհետև ես շատ լավ գիտեմ, որ փորձվելու եմ նրանով, ինչ սովորեցնում եմ։

«Զիջելու շնորհքը» գրքից