Ուսմունքներ և ծառայություններ

«Դատել. ե՞րբ, ինչո՞ւ, որտե՞ղ» գրքից/Դերեկ Պրինս

(պատրաստվում է տպագրության)

Է՞լ ինչ է մեզանից պահանջվում դատել։ Պողոսը մեկ ուրիշ օրինակ է տալիս Հռ. 16։17-ում.

«Հիմա աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ մտիկ տաք նրանց, որ բաժանումներ և գայթակղություններ են առաջացնում՝ հակառակ այն վարդապետության, որ դուք սովորեցիք, և հեռո՛ւ քաշվեք նրանցից»: Հռ. 16։17

Եթե մարդիկ սկսում են անառողջ ուսմունքներ տարածել, և դա եկեղեցում բաժանման պատճառ է դառնում, ապա մենք կոչված ենք նկատելու այդ մարդկանց և հրաժարվելու նրանց հետ հաղորդակցությունից։ Այս պարագայում դատելու և հաղորդակցությունից հրաժարվելու հիմքը վարդապետական սխալն է, որը բաժանում է առաջացնում եկեղեցում։

Այս դեպքում Պողոսն ակնհայտորեն նկատի ուներ ինչ-որ տեսակի սխալ ուսմունք, որ ձևավորվում է խմբի ներսում։ Մյուս կողմից՝ սխալ ուսմունք կարող է ներթափանցել նաև դրսից քարոզիչների և ուսուցիչների միջոցով։

Հայտնություն 2։2-ում Հիսուսը Եփեսոսի եկեղեցուն ասում է.

«Գիտեմ քո գործերը և քո աշխատությունը և քո համբերությունը և որ չարերին չես կարողանում հանդուրժել: Եվ փորձեցիր նրանց, որ ասում են, թե առաքյալ են, բայց չեն, և պարզեցիր, որ ստախոս են»: Հայտ. 2։2

Հիսուսը գովեց այդ եկեցեցուն, որովհետև երբ մարդիկ էին եկել՝ հայտարարելով, որ իրենք առաքյալներ են, եկեղեցին համախմբված կերպով փորձել էր նրանց և մերժել էր նրանց հավակնությունները։ Չնայած Եփեսոսի եկեղեցուն արված հղումը եզակիով է, այդուհանդերձ մենք հասկանում ենք, որ ամբողջ եկեղեցին հավաքական կերպով պատասխանատվություն էր կրում։ Նրանք շատ լուրջ որոշում էին կայացրել, որովհետև Հայտնություն 22։15-ում Նոր Երուսաղեմից և Կյանքի ծառից հավիտյան դուրս մնացածների ցուցակը եզրափակվում է նրանցով, ովքեր «ստությունը սիրեցին և գործեցին»։

Այս հարցին ավելի ամբողջական անդրադարձ է արվում Հավելված 1-ում՝ «Ինչպես ճանաչել առաքյալներին»