Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ։

Եբրայեցիների նամակի տասնմեկերորդ «Եկե՛ք» վճիռը 13-րդ գլխում է։

«Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի բուն իր արյունով ժողովրդին սրբի դռան դրսի կողմում չարչարվեց, ուրեմն եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ ու նրա նախատինքը մեզ վրա վերցնենք, որովհետև այստեղ հաստատուն մնացող քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում»։

Երայեցիներին 13:12-14

Այս հատվածը վերաբերում է ներկա աշխարհի նկատմամբ մեր վերաբերմունքին ու հարաբերությանը։ Այն մեզ ասում է, որ մեր տունն այս աշխարհում չէ։ Մենք մնայուն տեղ չունենք այս աշխարհում։ Աշխարհը մերժում է Հիսուսին։ Աշխարհը նրան քաղաքից դուրս հանեց ու խաչեց դռան դրսի կողմում։

Սուրբ Գիրքը միշտ շեշտում է այն փաստը, որ Հիսուսի խաչելությունը տեղի ունեցավ քաղաքի պարսպից դուրս։ Հիսուսը մերժվեց։ Նա դուրս տարվեց հասարակությունից. աշխարհը չէր ցանկանում նրան։ Եվ այնպես, ինչպես աշխարհը վարվեց Հիսուսի հանդեպ, նույն կերպ այն ուշ թե շուտ այս կամ այն միջոցով կվարվի նաև իմ և քո հանդեպ՝ որպես հավատացյալներ։ Մենք պետք է կամենանք դուրս գնալ Նրա մոտ՝ խաչելության, մերժվածության և ամոթի վայրը՝ վերցնելով նրա նախատինքը։ Եբրայեցիների նամակում մեկ այլ տեղ ասվում է, որ Հիսուսի նախատինքն ավելի մեծ հարստություն է, քան՝ Եգիպտոսի բոլոր գանձերը (տե՛ս Եբրայեիցներին 11:26): Այսպիսով, նրա նախատինքը դառնում է մեր փառքը։

Այնուհետև հեղինակը մի գեղեցիկ պատճառ է ներկայացնում. «Որովհետև այստեղ հաստատուն մնացող քաղաք չունենք»։ Այլ մարդիկ կարող են մտածել, թե այս աշխարհը մնայուն է, սակայն մենք գիտենք, որ դա այդպես չէ։ «Այլ հանդերձյալն ենք որոնում»։ Ինձ դուր է գալիս այս թարգմանությունը, քանի որ այն ասում է «քաղաք»։ Մեկ առանձնահատուկ քաղաք կա, որը բոլոր հավատացյալների ապագան ու տունն է։ Դա այն վայրն է, որին մենք իրականում պատկանում ենք։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ դու ինձ կոչ ես անում այս աշխարհը ետևում թողնելու։ Հռչակում եմ, որ ես կամենում եմ դուրս գնալ Հիսուսի մոտ «քաղաքի պարսպից դուրս»՝ վերցնելու նրա նախատինքը։ Ես բանակատեղից դուրս կգնամ նրա մոտ։ Ամեն։