ՀՈՒԼԻՍԻ 30. «ԱՍՏԾՈ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՍԵՐԸ»

Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ

«Ինչպես որ մեզ նրանով ընտրեց աշխարհն ստեղծելուց առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով։ Մեզ առաջուց սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Իրեն որդեգիր լինենք»։

Եփեսացիներին 1:4-5

Վերոնշյալ խոսքը երկու հնարավոր կետադրություն կարող է ունենալ. «սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով…» կամ « սուրբ և անարատ լինենք Նրա առաջ։ Սիրով …» ։ Վերջակետի որ տեղադրությունն ել ընտրեք, փաստը մնում է այն, որ Աստծո սերը նախորդում է ժամանակին։ Նախքան աշխարհն ստեղծելը Աստված սիրեց մեզ, ընտրեց և նախասահմանեց մեզ։ Նա այնպես դասավորեց Իր կյանքի ընթացքը, որ մենք հանդիպենք Իրեն և ճաշակենք Իր սերը։

Երգ Երգոցում մի շատ հասարակ դրույթ կա. «Մահվան պես զորավոր է սերը» (Երգ Երգոց 8:6)։ Մահն անխուսափելի է։ Երբ այն գալիս է, ոչ ոք չի կարող նրան դեմ կանգնել։ Ոչ ոք չի կարող ասել. «Ես պատրաստ չեմ։ Ես քեզ չեմ ընդունի»։ Ոչ մի մարդ մահվանը դիմակայելու զորություն չունի։

Սակայն Նոր Կտակարանը մեզ մի քայլ առաջ է տանում։ Երբ Հիսուսը մահացավ և կրկին հարություն առավ, նա ապացուցեց, որ սերն ավելի զորավոր է, քան՝ մահը։ Տիեզերքում առկա ամենաանհաղթահարելի բացասական ուժի հանդեպ հաղթանակ էր տարել տիեզերքում առկա ամենաանհաղթահարելի դրական ուժը՝ Աստծո սերը։ Սերը միշտ հասնում է իր նպատակին. այն անպարտելի է։ Սերը պատնեշներ չի ճանաչում։ Նա կանցնի ամեն մի խոչընդոտի վրայով, որպեսզի հասնի այնտեղ, որտեղ ուզում է գնալ։

Աստծո սերն անհատական է և հավիտենական։ Նրա սերը ժամանակից առաջ է. այն անհաղթահարելի է։ Ուրեմն, պատկերացրու՛ քեզ որպես Հիսուսի ձեռքում գտնվող մարգարիտ։ Ասա՛ ինքդ քեզ. «Նրա սերն իմ հանդեպ անհատական է և հավիտենական»։ Ապա հիշի՛ր թե դա ինչ արժեցավ Նրան՝ այն ամենը, ինչ Նա ուներ։ Այստեղ կա՛նգ առ՝ Նրան ասելու. «Շնորհակալություն»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ընտրեցիր ինձ սիրով։ Ես հռչակում եմ, որ աշխարհի արարումից առաջ Աստված սիրեց ինձ, ընտրեց և ինձ նախասահմանեց Իր անհաղթահարելի սիրով։ Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ։ Ամեն։