Մատթեոսի ավատերանի 24-րդ գլխում Հիսոսին ուղիղ հարց տրվեց աշխարհի վերջին նշանի վերաբերյալ, և Նա միանգամայն ուղիղ պատասխան տվեց.

«Եվ արքայության այս ավետարանը կքարոզվի ողջ տիեզերքում որպես վկայություն բոլոր ազգերին, և այն ժամանակ կգա վերջը»:

Ե՞րբ կգա վերջը. երբ արքայության այս ավետարանը կքարոզվի ողջ տիեզերքում որպես վկայություն բոլոր ազգերին:

Սա շատ կարևոր հայտարարություն է, որովհետև այն նշանակում է, որ համաշխարհային պատմության իրական նախաձեռնությունը քաղաքական գործիչներինը չէ, զինվորական հրամանատարներինը չէ, գիտնականներինը չէ, այլ եկեղեցունն է: Որովհետև եկեղեցին մարդկանց միակ խումբն է, որ կարող է ի գործ դնել ժամանակների վախճանի նշանը՝ արքայության ավետարանը քարոզելը:

Ես այնքան ուրախ եմ, որ Հիսուսն ասաց արքայության այս ավետարանը: Նա չասաց՝ ինչ-որ ազդեցությունը կորցրած, մարդասիրական տարբերակ, այլ այն նույն ավետարանը, որ քարոզվել է Հիսուսի կողմից, քարոզվել է առաքյալների կողմից, պետք է քարոզվի ամբողջ տիեզերքում՝ որպես վկայություն բոլոր ազգերին: Ու՞մ պարտականությունն է դա. մե՛րը: Կրկի՛ն ասեք դա. մե՛րը, ճի՛շտ է:

Հիմա դուք ինքներդ ձեր վկան եք: Հասկանու՞մ եք, սա հսկայական պատասխանատվություն է դնում մեզ վրա, որովհետև եթե դուք խորհեք բոլոր դժբախտությունների, տառապանքի, հիվանդությունների, ատելության, պատերազմների, աղքատության շուրջ, որոնք բնորոշում են ներկա ժամանակաշրջանը և գնալով ավելանում են, ապա եթե մենք չենք անում մեր գործն այնքան արագ, որքան կարող ենք, մենք պատասխանատու ենք բոլոր այդ լրացուցիչ տառապանքի համար: Հուսով եմ՝ ձեզանից ոչ ոք չի մոռանա այն, ինչ ասում եմ: Ես սա ասում եմ իմ հոգու խորը կսկիծով:

Կարծում եմ, որ ազնվորեն կարող եմ Հռութի և ինձ համար ասել, որ սա այն խոսքն է, որ շարժում է մեզ: «Արքայության այս ավետարանը կհռչակվի,- ես նախընտրում եմ այսպես ասել,- ողջ տիեզերքում որպես վկայություն բոլոր ազգերին, և այն ժամանակ կգա վերջը»: Մենք մեր պատասխանատվությանը լուրջ ենք վերաբերվում: Մեր ծառայության նշանաբանը, որը միայն մեկն է հարյուրավորներից, սա է.

«Հասնելով անհասանելիներին և ուսուցանելով չուսուցանվածներին»:

Եթե դուք նայեք Հայտնության 7-րդ գլուխը, կտեսնեք՝ որքան մարդիկ պետք է փրկված լինեն մինչ ժամանակների վախճանը: Հայտնության 7-րդ գլուխ 9-րդ համարից սկսած: Հովհաննեսը նկարագրում է մի բան, որ անձամբ տեսիլքով էր տեսել. «Սրանցից հետո տեսա և ահա մի շատ ժողովուրդ, որ ոչ ոք չէր կարող համարել, ամեն ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից՝ կանգնած աթոռի առաջ և Գառի առաջ և սպիտակ հանդերձներ հագած և իրենց ձեռքերին արմավենիներ: Եվ աղաղակում էին բարձր ձայնով և ասում. «Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա, և Գառին»»:

Ուշադրությու՛ն դարձրեք, որ մարդկանց այդ բազմությունը, որոնք բոլորը փրկություն էին ստացել՝ Հիսուսին՝ Աստծո Գառին հավատալով, ամեն ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից էին: Այլ բառերով ասած՝ մինչ ժամանակների վախճանը ամեն ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից պետք է գոնե մեկ ներկայացուցիչ լինի: Ես հավատում եմ, որ Հայր Աստվածը նախանձախնդիր է Իր Որդու փառքի համար: Եվ քանի որ Հիսուսը կամեցավ տառապել ողջ մարդկային ցեղի համար, Աստված թույլ չի տա, որ աշխարհն ավարտվի, մինչև գոնե մեկ ներկայացուցիչ չլինի ամեն ցեղից, ժողովրդից, ազգից և լեզվից, որ Հիսուսի՝ Աստծո Գառան միջոցով փրկություն է ստացել: Ինչի՞ համար եք դուք ապրում:

Արդյո՞ք ապրում եք հեշտ կյանքի համար, արդյո՞ք ամենաշատը, որ կարող եք կյանքից ստանալ ավելի լավ աշխատանքն է, ավելի բարձր վարձատրությունը, ավելի մեծ տունը, ավելի մեծ մեքենան: Թե՞ ապրում եք այն նպատակի համար, որ արքայության այս ավետարանը հռչակվի ողջ տիեզերքում՝ որպես վկայություն բոլոր ազգերին: Ես հավատում եմ, որ երբ մենք կանգնենք Քրիստոսի ատյանի առջև, ինչպես որ պետք է լինի, հարցերից մեկը, որ Նա տալու է անձնապես մեզանից յուրաքանչյուրին, սա է.

«Ի՞նչ ես դու արել արքայության այս ավետարանը քարոզելուն օգնելու համար»:

Հասկանու՞մ եք, այստեղ չկա մեկը, ով չի կարող որևէ բան անել: Մենք բոլորս էլ կարող ենք որոշ բաներ անել: Հիսուսն ասաց. «Հունձքը իրապես շատ է, բայց մշակները՝ քիչ»: Ո՞րն էր հաջորդը, որ Նա ասաց. «Աղոթե՛ք հունձքի Տիրոջը …»: Այստեղ բոլորդ էլ կարող եք աղոթել, և դուք հանցավոր եք, եթե չեք աղոթում:

«Մարգարեական ուղեցույց վերջին օրերի վերաբերյալ», մաս 2-րդ,

վիդեո ուսուցում, պատրաստվում է ձայնագրման