ՄԱՅԻՍԻ 14 .«ԱԶԱՏ ԱՄՈԹԻՑ»

Հիսուսը կրեց մեր ամոթը, որ մենք բաժնեկից լինենք իր փառքին

Ամոթը դաժան ու տգեղ զգացում է և հանդիպում է նույնիսկ քրիստոնյաների մեջ։ Դա հաճախ արդյունք է սեռական կամ զգացմունքային նախատինքի, ինչպես նաև, օրինակ, դպրոցում ծիծաղի առարկա դառնալը։

Մի անգամ ես մի պատմություն կարդացի դպրոցի տնօրենի մասին, ով մի տղայի ասում է, որ կանգնի, հետո ամբողջ դասարանին ասում է. «Դուք բոլորդ հաջող եք հանձնել ձեր քննությունները՝ բացի այս տղայից»։ Ի՞նչ կարող էր այս պատանին զգալ, եթե ոչ՝ ամոթ։

Մանկության շատ փորձառություններ կարող են ամոթի պատճառ դառնալ։ Այն բաները, որ ամենաշուտն են պատահել, երբեմն ամենադժվարն են արմատախիլ արվում։ Առաջին մտնողը հաճախ վերջինն է դուրս գալիս։

Արևմտյան քաղաքակրթության մեջ ամոթի ամենատարածված աղբյուրը սեռական վիրավորանքն է (նույնիսկ քրիստոնյաների կողմից)։ Սրա հետ կապված անհամար զոհերի եմ հանդիպել։ Նրանք կազատվեն այդ ամոթից միայն այն դեպքում, երբ գան խաչի մոտ։

Այս մարգարեական խոսքը նկարագրում է, թե ինչ արեց Հիսուսը մեզ համար։

«Տեր Եհովան բացել է իմ ականջը, և ես չհակառակվեցի, ետ չդարձա։ Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները՝ կռփողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից և թուքից»։

Եսայա 50:5-6

Հիսուսն ասաց. «Իմ թիկունքը տվի»։ Նա կարող էր փրկել ինքն իրեն։ Նա կարող էր տասներկու գունդ հրեշտակներ կանչել իրեն ազատելու համար (տե՛ս՝ Մատթեոս 26:53)։ Սակայն նա չարեց դա։ Նա տվեց իր թիկունքը։ Հիսուսի խարազանման այն մտապատկերները, որ տեսնում ենք, շատ հեռու են մեզ ծանոթ իրականությունից։ Դա մի ահարկու տեսարան էր, որովհետև խարազանը կաշեփոկներով պատված մետաղյա կամ ոսկրե փոքր մասնիկներ ուներ։ Երբ մետաղյա մասնիկներն ընկնում էին մարդու մարմնի վրա, դրանք պոկում էին մաշկը և երևան հանում միսը։ Ահա թե ինչ կրեց Հիսուսը հանուն մեզ։ Եվ Նա չծածկեց իր երեսն ամոթից ու թուքից։ Խաչի վրա Հիսուսը կրեց մեր ամոթը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ խաչի վրա Հիսուսն ազատեց ինձ ամոթից, որովհետև Հիսուսը կրեց իմ ամոթը, որ ես բաժնեկից լինեմ իր փառքին։ Ամեն։