ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27. «ԱՅՍ ՀԻԱՍՔԱՆՉ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
Իմ Հայրն է ստեղծել ինձ
Հոբի գրքում մեր մարմինները ձևավորելու Աստծո ստեղծարար գործի մի գեղեցիկ ամփոփ նկարագրություն ենք գտնում.
«Քո ձեռքերն են ինձ կազմել և ստեղծել բոլորովին շուրջանակի. և դու ինձ խորտակու՞մ ես։ Հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր, և ինձ հո՞ղ ես դարձնելու։ Դու չթափեցի՞ր ինձ կաթի պես և պանրի պես թանձրացրիր»։
Հոբ 10:8-10
Ինչպես որ Ծննդոց 2:7-ում «շինել» բառը մատնանշում է շատ զգույշ և հմուտ գործ, նույնպես էլ Հոբն է շեշտում այն անսահման վարպետությունն ու խնամքը, որ Աստված նվիրեց մարդկային մարմինը կազմելու համար։ Ինչպիսի՜ վառ արտահայտություններ։ Խոսք 11-ն ասում է. «Դու մորթով և մսով հագցրիր ինձ և ոսկորներով ու ջիղերով հյուսեցիր ինձ»։ Մարդու մարմնի տարբեր գլխավոր մասերի փոխհարաբերության ի՜նչ գեղեցիկ պատկեր։ Սաղմոս 139-ում Դավիթը գրում է. «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ, և Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ նրանցից մեկը դեռ չկար» (խոսք 16)։
Թագավոր Ջեյմսի անգլերեն թարգմանության մեջ այս խոսքն ասում է. «…և Քո գրքում գրված էին իմ բոլոր անդամները, որ լինելու էին, երբ նրանցից մեկը դեռ չկար»։ Աստված քո մարմինն արարեց ըստ նախնական ուրվագծի, և ամեն անդամ հաշվարկված էր։ Ամեն անդամ գրված է Աստծո գրքում։ Համեմատե՛ք այս դրույթը նրա հետ, ինչ Հիսուսն ասաց Ղուկաս 12:7-ում. «Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ հաշվված են. ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք շատ ճնճղուկներից ավելի լավն եք»։ Այսպիսին է մեր մարմինների հանդեպ Աստծո հետաքրքրության սաստիկ մեծությունը. նույնիսկ փոգրագույն մանրամասները հետաքրքրում են նրան։ Երբ հասկանում ենք այս ճշմարտությունը, ապա նաև պետք է հասկանանք այն, որ Աստված նպատակ ունի մեր մարմինները հանդիսացող այս հիասքանչ վարպետության համար։
Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ, որ Աստված ձևավորեց ինձ անսահման վարպետությամբ և խնամքով, ինչպես նաև՝ Նա նպատակ ունի այս հիասքանչ վարպետության համար, որն իմ մարմինն է։ Իմ Հայրն է ստեղծել ինձ։ Ամեն։